Երեկ Արաբկիր համայնքում հայտարարեց Արամ Սարգսյանը
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը Հայ ազգային կոնգրեսը սկսեց Երեւանի Արաբկիր համայնքից եւ այն հույսով, որ այն պսակվելու է հաղթական ավարտով: Արաբկիրցիների հետ Կոնգրեսի հանդիպումը տեղի ունեցավ համայնքի թաղապետրանին հարող զբոսայգում, որը դեռ հանդիպումից կես ժամ առաջ արդեն մարդաշատ էր: Արաբկիրցիների հետ հանդիպումը վարեց ՀՀՇ վարչության անդամ, Կոնգրեսի՝ Արաբկիր համայնքի նախընտրական շտաբի աշխատանքները համակարգող Արամ Մանուկյանը: Նա հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում հաղթարշավը Կոնգրեսը սկսում է Արաբկիրից, եւ դա պատահական չէ, որովհետեւ «Արաբկիրը ամենամտավորական, ամենահամարձակ, ամենադուխով քվեարկողների համայնքն է», ու 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ «իշխանությունը որքան էլ կեղծեց ընտրությունները, որքան էլ վայրագություններ արեց, որքան էլ մարդկանց ֆիզիկական հաշվեհարդարի ենթարկեց, այդուամենայնիվ, այս համայնքը 22 հազար ձայն տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Նա նաեւ վստահեցրեց, որ առաջիկա ընտրություններում «նվազագույնը 27-28 հազար ձայն Արաբկիրը տալու է ՀԱԿ-ի ցուցակին», եւ ընդդիմությունն այնպիսի առավելությամբ է հաղթելու, որ փոխհատուցի այլ համայնքներում հնարավոր դժվարությունները: Ա. Մանուկյանը կարեւորելով ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը՝ ասաց, որ իշխանությունների կեղծիքի հիմնական միջոցը քվեարկության չեկող մարդկանց փոխարեն քվեարկելն է. «Նրանք կազմում են բացակաների ցուցակը, մարդկանց համոզում, փող են տալիս, որ ընտրությունների չգան: Հասարակության 90 տոկոսը ընդդիմության, Կոնգրեսի առաջնորդների կողքին է: Անգամ քարոզելու խնդիր չկա: Մեզ մնում է միայն վախեցող, տատանվող մարդուն համոզել գնալ քվեարկելու»:
Երեկվա հանդիպման բոլոր ելույթները ավելի շատ քաղաքական շեշտադրումներ ունեին: Մասնավորապես, Դավիթ Շահնազարյանն իր ելույթում ասաց, որ մայիսի 31-ին վճռվելու է ոչ Հայաստանի կամ միայն Երեւանի, այլեւ «մեր ազատազրկված ընկերների՝ քաղբանտարկյալների հարցը, եւ դա արդեն յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է»: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ հայտարարեց, թե՝ առաջիկա ընտրություններում որոշվելու է Հայաստանի ապագան, եւ «միայն այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման քաղաքական հեղինակությունը չվարանեց եւ իր թեկնածությունն առաջադրեց այս ընտրություններում, ապացուցում է, որ մենք պայքարի ներուժ ու հաղթելու հնարավորություն ունենք, եւ մեր գործը լինելու է ազգովի պայքարը՝ մինչեւ վերջ, որովհետեւ միայն ազատ ու արդար ընտրությունների դեպքում է, որ մեր երկիրն ապագա կունենա»: Այդ պայքարում, ըստ նրա՝ «մեր զենքը քվեաթերթիկն է»:
Թերեւս միայն ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի ելույթն էր, որտեղ որոշակիորեն շոշափվեցին նաեւ մայրաքաղաքին վերաբերող խնդիրները: Ըստ նրա, հաղթելով առաջիկա ընտրություններում՝ ՀԱԿ-ը չի անտեսելու Երեւանում կուտակված բազմաբնույթ խնդիրները. «Հաղթելու դեպքում մենք առաջին հերթին ուշադրության կենտրոնում ենք պահելու մեր քաղաքացուն, երեւանցուն, որպեսզի նա իրեն ապահով ու պաշտպանված զգա մեր քաղաքում, զերծ լինի կամայականություններից ու ոտնձգություններից: Մենք վերջ ենք տալու այն լկտիությանը, որն այսօր կա Երեւանի փողոցներում, երբ հնարավոր է օրը ցերեկով մարդ սպանել եւ անպատիժ մնալ: Սրա վերջը տրվելու է»:
Արաբկիրի հանդիպումը եզրափակեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա ասաց, թե ուրախ է, որ քարոզարշավը մեկնարկում է այն համայնքից, որտեղ բոլոր, այդ թվում նաեւ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, նույնիսկ պաշտոնական տվյալներով, ինքը ամենաբարձր ձայներն է ստացել, նաեւ համոզմունք հայտնեց, որ ՀԱԿ-ի «ընտրարշավի այսպիսի գեղեցիկ ստարտը անպայման ավարտվելու է հաղթանակով»: «Չեմ ուզում մեծ բաներ ասել: Մենք գիտենք պետության առջեւ ծառացած ամենածանր խնդիրները ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին, գիտենք ներկա իշխանությունների ապիկարությունը այդ խնդիրները լուծելու հարցում: Սրանք ոչ մի հարց հանուն այս ազգի, հանուն այս պետության չեն լուծելու, վստահ եղեք: Հակառակը՝ նրանք խորացնելու են այդ խնդիրները: Ես ուզում եմ կենտրոնանանք պարզ, մարդկային խնդիրների վրա: Ի՞նչ է ուզում մեր ժողովուրդը. ուզում է ապրել հանգիստ, ոչնչով պակաս չլինելով մյուս պետություններից ու ժողովուրդներից, իշխանություններ փոխել, առանց վախի ապրել այս երկրում, չվախենալ ոստիկանից, դատավորից, չինովնիկից: Նրանք ովքե՞ր են, որ ժողովուրդը նրանցից պիտի վախենա: Իրենք էլ են մեղք: Նրանց էլ են դարձրել կույր գործիք՝ սեփական ժողովրդին ճզմելու, ոչնչացնելու համար: Մեր ժողովուրդը ուզում է շատ հասարակ բաներ, որ աշխարհում շատ ժողովուրդներ ունեն, իսկ մեզ համար դրանք դարձել են երազանք»: ՀՀ առաջին նախագահը նաեւ ասաց, թե ուզում է գնահատել թաղապետարանի եւ ոստիկանության աշխատանքը, որ թույլ տվեցին եւ հնարավորություն ստեղծեցին այսպիսի կազմակերպված հանդիպում անցկացնել. «Հույս եմ հայտնում, որ նրանք նույն գիտակցությունը կցուցաբերեն ամբողջ ընտրարշավի ընթացքում եւ ընտրությունների օրը: Սա կլինի նրանց ներելու ժողովրդի շանսը»:


















































