Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ՇՏԿՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ ՀՅԴ-Ն ԻՐ ՊԱՀՎԱԾՔՈՒՄ

Մայիս 05,2009 00:00 Share

\"\"Կոալիցիայից ընդդիմություն անցած Դաշնակցության քարոզարշավի մեկնարկին չհնչեցին նախկինից տարբեր հայտարարություններ:

Ապրիլի 27-ին, երբ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասուլիսում հրապարակեց Դաշնակցության հայտարարությունը կոալիցիային մասնակցությունը դադարեցնելու մասին՝ նաեւ ասաց. «Քաղաքային ընտրությունների հետ կապված առանձին որոշումները դեռ կկայացնենք, որովհետեւ արդեն նոր տեղում նոր դերակատարությամբ ենք հանդես գալու: Սա, իհարկե, կնշանակի շտկումներ մեր պահվածքի մեջ»:

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ՀՅԴ-ն ազդարարեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը: Ոչ պաշտոնական մեկնարկը մայիսի 2-ին էր, երբ ՀՅԴ գործիչները Նուբարաշեն համայնքում տնկեցին շուրջ 1000 ծառ: Եվ այդ ծառատունկից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում Արմեն Ռուստամյանը քննադատեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախօրեին հանրահավաքում ունեցած ելույթի առանձին դրույթներ: Թեեւ ավելի վաղ՝ արձագանքելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի դիտարկմանը, թե ընդդիմություն դառնալու համար կոալիցիայից դուրս գալու հայտարարությունը բավարար չէ՝ հենց պրն Ռուստամյանն էր լրագրողներին ասել. «Չեմ հասկանում ընդդիմության այն գործիչներին կամ քաղաքական ուժերին, որոնք իրենց պայքարը իշխանություն-ընդդիմություն դաշտ ուղղելու փոխարեն՝ ուղղում են ընդդիմադիր դաշտ։ Այսինքն՝ ընդդիմության մեջ են փնտրում իրենց հակառակորդներին։ Այդ տրամաբանությունը ուղղակի չեմ հասկանում։ Վստահ եմ, դա չի նպաստում ընդդիմության համախմբմանը»:

Սակայն երեկվա միջոցառման ընթացքում էլ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը դարձյալ առավել քննադատեց ընդդիմությանը: Այսպես՝ նա ասաց, թե այս ընտրությունների քաղաքական նշանակությունը հստակ է. «Սակայն պետք է մի կողմից՝ խուսափել այդ նշանակության թերագնահատումից եւ մյուս կողմից՝ գերագնահատումից։ Թերագնահատողներն այս ընտրությունների քաղաքական նշանակությունն այնքան են նվազեցնում, որ փորձում են այն ներկայացնել որպես պարզ, հերթական համայնքային ընտրություններ։ Մեզ համար անընդունելի է նաեւ, երբ այս ընտրությունների մակարդակը հասցվում է համապետական ընտրությունների մակարդակի, որի միջոցով իբրեւ մենք ձեւավորում ենք Հայաստանի իշխանություններ։ Իսկապես մենք ձեւավորում ենք քաղաքային իշխանություն, սակայն սրանով Հայաստանի իշխանությունները չեն ձեւավորվում: Սա պետք է շատ լավ հասկանանք, որ հնարավոր չի ներկայացնել այնպես, թե քաղաքապետարանում հաղթելով՝ մենք կարող ենք ստեղծել կարծես պետություն պետության մեջ, եւ հաջորդ քայլը՝ հեշտությամբ իշխանափոխության իմաստով, արդեն իրեն սպասեցնել չի՜ տա, ՀՀ նախագահը հրաժարակա՜ն կտա, իշխանությունները կհեռանա՜ն: Դա այդպես չէ: Եվ եթե որեւէ մեկին թվում է, որ այդպես է լինելու՝ թյուրիմացության է մղում երեւանցիներին»: Նկատենք, որ այս մասին ՀՅԴ ղեկավարները խոսում էին նաեւ մինչեւ կոալիցիայից դուրս գալը: Այնպես որ՝ այս առումով չկան շտկումներ պահվածքի մեջ:

Փոփոխություններ կարծես չկան նաեւ նախընտրական ծրագրում, որը ներկայացվեց երեկ: «Առավոտը» դեռ կատարելու է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի համեմատական վերլուծություն: Իսկ առայժմ նշենք, թե այն բացասական արձանագրումները, որոնք Երեւանում, մասնավորապես՝ քաղաքաշինական ու բնապահպանական վիճակի կապակցությամբ արվել են այս ծրագրում՝ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանի եւ Ռուզաննա Առաքելյանի հայտարարությունների միջոցով բազմիցս են հնչել նաեւ այնժամ, երբ ՀՅԴ-ն իշխանության մի մաս էր: Այն ժամանակ փաստորեն նրա լծակները չբավարարեցին լուծելու այդ խնդիրները: Սակայն ենթադրվում է, թե այժմ, երբ ընդդիմադիր դարձած ՀՅԴ Հայաստանի կառույցի ղեկավարն ընտրարշավի մեկնարկին էլի պնդում է, թե Երեւանի ավագանին չի լինելու «պետություն պետության մեջ»՝ այս կուսակցությանը կհաջողվի՞ անգամ հաղթանակի դեպքում լուծել այդ խնդիրները: Մինչդեռ Արմեն Ռուստամյանը նաեւ հայտարարեց. «Այն ամենը, ինչ մենք այս ընտրապայքարի ժամանակ կխոստանանք՝ հավատացած եղեք, դա մեր ուժերից վեր չի»:

Մի քանի մեջբերումներ անենք այն խոստումներից, որոնք իր ելույթում հնչեցրեց ՀՅԴ ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը, եւ որոնք արձանագրված են կուսակցության նախընտրական ծրագրում:

Եվ այսպես՝ ՀՅԴ-ն պատրաստվում է ճարտարապետաշինարարական գործունեության նկատմամբ սահմանել կոշտ վերահսկողություն. «Վերականգնել մայրաքաղաքի բնապահպանական անվտանգությունը, կանխել պատմամշակութային դիմագծի հետագա խաթարումը»: Նաեւ մտադիր են Երեւանի փոքր կենտրոնին տալ «քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի կարգավիճակ»՝ ելնելով նաեւ քաղաքի կենտրոնի բեռնաթափման անհրաժեշտությունից: Ծրագրում արձանագրված է խոստում, թե զբոսայգիների տարածքները համապատասխանեցվելու են հետեւյալ համամասնությանը. «Կանաչ տնկարկներ եւ ջրամբարներ՝ 75-80%: Ծառուղիներ եւ ճանապարհներ՝ 8-12%: Հրապարակներ ու խաղահրապարակներ՝ 4-8%: Կառույցներ՝ ներառյալ սպասարկման օբյեկտները՝ 2-4%»: Ընդ որում՝ ծրագրում են նաեւ ներդնել փոշու եւ գազամաքրիչ ժամանակակից համակարգեր, կիրառել արտանետումների կրճատման համալիր միջոցառումներ: Ծրագրի բնապահպանական բաժնում նաեւ խոստում կա. «Առեւտրի եւ սպասարկման կետերում արգելել բարձր հնչող երաժշտությունն ու աղմուկը, լիովին կիրառել «աղտոտողը պատժվում է եւ վճարում» սկզբունքը: Ստեղծել ավտոմեքենաների երթեւեկության համար արգելված գոտիներ: Կիրառել բարեսիրական եղանակներ՝ թափառող ընտանի կենդանիների մեկուսացման հարցում»: Եվս մի խոստում այս բաժնից. «Ամբողջությամբ կանոնակարգել գերեզմանատների եւ պանթեոնների գործունեությունը»:

Նախընտրական ծրագրի տրանսպորտին վերաբերող բաժնից մասնավորապես պարզվում է, որ ՀՅԴ-ն մտադիր է ներդնել «մետրո, ավտոբուս եւ տրոլեյբուս» միասնական վճարման համակարգ ու նաեւ կազմակերպել ծառայողական ավտոմեքենաների կանգառներ:

Էլի մի քանի ուշագրավ խոստումներ՝ ստեղծելու են «Երեւան» երիտասարդական խորհրդարան, մայրաքաղաքի վարչական շրջաններում՝ մարդու իրավունքների պաշտպանության ենթակառույցներ, Երեւանի ներկայացուցչություններ են հիմնելու Արցախում, Ջավախքում, ինչպես նաեւ Սփյուռքի հայաշատ վայրերում, բացի այդ՝ նախաձեռնելու են «Երեւանի սեփականության տնօրինումը, Երեւանի բյուջեի նկատմամբ հսկողությունը իրականացնող ավագանու վերահսկիչ մշտական հանձնաժողովի ստեղծումր՝ էական դերակատարություն վերապահելով ընդդիմությանը»: Այս մասին Արծվիկ Մինասյանն էլի խոսում էր մինչեւ ՀՅԴ-ն կդառնար ընդդիմություն:

Ի դեպ, Արծվիկ Մինասյանը երեկ առանձնահատուկ անդրադարձավ աղբահանության խնդրին՝ նշելով. «Այս հարցը դարձել է, ըստ էության, այլեւս կոնցեպտուալ խնդիր: Մենք առաջարկում ենք հստակ հայեցակարգ՝ աղբահանությունը բազմաբնակարան շենքից մինչեւ աղբավերամշակում պետք է տեղի ունենա կայուն ծրագրի հենքի վրա»: Եվ վստահություն հայտնեց, որ եթե Երեւանի քաղաքապետը, ավագանին ու վարչական շրջանների ղեկավարներն անձնական շահեր չհետապնդեն, այլ գործեն մայրաքաղաքի շահերով՝ բնակիչները կապրեն ավելի առողջ միջավայրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել