Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի ազատությունը՝ Հայաստանում

Մայիս 05,2009 00:00 Share

Մայիսի 3-ին միջազգային հանրությունը նշեց Մամուլի ազատության համաշխարհային օրը

Այս կարեւոր առիթով Միացյալ Նահանգների կառավարությունն ամեն տարի անդրադառնում է այն նշանակալի դերակատարմանը, որ ազատ ԶԼՄ-ներն ունեն ժողովրդավարության կայացման ասպարեզում, ու տուրք է տալիս այն զոհողություններին, որ կատարվում են հանուն անկախ ԶԼՄ-ների կայացման՝ Հայաստանում եւ ողջ աշխարհում:

Մամուլի ազատությունն ամուր քաղաքացիական հասարակության, առողջ ժողովրդավարության եւ կոռուպցիայի դեմ հաջող պայքարի անբաժանելի մասն է կազմում: Անկախ ԶԼՄ-ներն իրազեկում ու կրթում են հասարակությանը եւ հանդիսանում են զսպող գործոն իշխանության ու իշխանության չարաշահման հարցում: ԶԼՄ-ները լրացուցիչ աչքեր ու ականջներ են, որ կարող են վերհանել խնդիրներն այնպիսի ուղիներով, որոնք ոստիկանության քննիչների կամ դատախազների համար հասանելի չեն, եւ կարեւոր միջոց են պետական այրերի համար՝ իմանալու, թե իրենց ենթականերն ինչքան լավ կամ ինչքան վատ են աշխատում հակակոռուպցիոն օրակարգի իրականացման ուղղությամբ: Քաղաքացիները պետք է ունենան ինքնարտահայտվելու, այլընտրանքային գաղափարների շուրջ բանավիճելու, ենթադրությունները վիճարկելու հնարավորություն: Պետությունից անկախ ԶԼՄ-ները խաղաղ ինքնարտահայտման ու գաղափարների մրցակցության հնարավորություն են տալիս, որով էլ հենց պայմանավորված է ժողովրդավարությունը: Ամեն տարի Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով վերահաստատվում է ժողովրդավարության հարցում ԶԼՄ-ների ունեցած դերակատարումը եւ ի ցույց է դրվում մամուլի ազատության ու մարդու բոլոր իրավունքների հիմնարար կապը:

Հայաստանի եւ տարածաշրջանի համար այս կարեւորագույն պահին թե Հայաստանի իշխանությունները, թե ԶԼՄ-ներում աշխատող անձինք պետք է պատասխանատվություն ստանձնեն՝ ձեւավորելու ազատ, արդարացի, անկախ ու պատասխանատու լրատվական գործունեություն: Եթերում բազմակարծության, այդ թվում՝ ընդդիմության, ինչպես նաեւ կոալիցիոն թեկնածուների վերաբերյալ պատասխանատու լուսաբանումների եւ բոլոր հարցերի շուրջ բաց բանավեճի ապահովման միջոցով քաղաքացիները կստանան այն տեղեկությունները, որ անհրաժեշտ են՝ կատարելու հնարավորինս լավագույն ժողովրդավարական ընտրությունը: Ազատ մամուլը աշխույժ բանավեճի միջոցով բոլոր կողմերին արդարացիորեն ներկայացնող ռադիոհեռուստատեսային ընկերություններն են եւ լրագրերը, որոնցում հրապարակվում են հոդվածներ, որոնք չեն բխում իրենց ֆինանսական հովանավորների քաղաքական շահերից: Վերջերս որոշ առաջընթաց է գրանցվել, մասնավորապես՝ հեռուստաեթերում ներկայացվում են քաղաքական դաշտի տարբեր կողմերում գտնվող քաղաքական գործիչներ: Կարեւոր է, որ այս առաջընթացը շարունակվի: Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ ազատ եւ անկախ մամուլի կայացման ուղղությամբ:

Մամուլի ազատության համաշխարհային օրը ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել Հայաստանի ԶԼՄ-ներին՝ երկրի ժողովրդավարացման հարցում էական ներդրման համար: Միաժամանակ կոչ եմ անում կառավարությանը, ԶԼՄ-ներին ու Հայաստանի ժողովրդին՝ ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը հզորացնելու անկախ մամուլը՝ ի նպաստ ազատության եւ ժողովրդավարության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել