Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիներն ունեն վատ հիշողություն եւ հիվանդ երեւակայություն

Մայիս 05,2009 00:00 Share

Հիշեցում մարդասպան Ռամիլ Սաֆարովի մասին

Մայիսի 1-ին ադրբեջանական կայքերից մեկում հայտնվեց հերթական լացակումած պատմությունն այն մասին, թե իբր խեղճ ու անմեղ ադրբեջանցիներին ու թուրքերին, ինչու չէ՝ նաեւ աշխարհի մնացած բոլոր ազգերին հայերը Եվրատեսիլի օրերին կահաբեկեն: Թե իբր Մոսկվայում կազմակերպելիք ահաբեկչությունը հայերը կօգտագործեն՝ եւս մեկ անգամ աշխարհին հիշեցնելու իրենց մասին, ցեղասպանության մասին եւ այլն: Գրվածին հակադարձեց «Առավոտ» օրաթերթը՝ հղում անելով իրական աղբյուրների ու ներկայացնելով այն խաղաղ ու բարեկամական տրամադրությունները, որ այս օրերին տիրում են Մոսկվայում:

Ադրբեջանական կայքի հոդվածի հեղինակ ոմն Ազերիի անհիմն երեւակայությանը նույնիսկ չէի էլ անդրադառնա, եթե մի քանի օր հետո՝ մայիսի 4-ին հրապարակված նրա մեկ այլ հոդված ակամա աչքովս չընկներ: Նախ՝ ասեմ, որ հատկապես այս երկրորդ հոդվածը կարդալիս համոզված էի, որ գրողը իգական սեռի ներկայացուցիչ է, ով հանգստյան օրերին, տնային գործերին զուգահեռ, զոռ է տվել իր սահմանափակ երեւակայությանը եւ, ակնհայտորեն, հեռուն չի կարողացել գնալ: Բայց արի ու տես, որ դա նախորդ հոդվածի հեղինակ հենց նույն ազերի Ազերն է, ով իբր քրքրել է հայկական ֆորումները ու կարդացել այն մասին, թե իբր անխիղճ ու դաժան հայ երիտասարդները հիացմունքով են խոսում Բաքվի նավթային ակադեմիայում՝ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող մեկի իրականացրած արյունոտ ահաբեկչության մասին: Սրան հակադրել էր այն փաստը, թե ի՜նչ մեծ օժանդակություն է ցուցաբերել Ադրբեջանը Հայաստանին՝ 88-ի երկրաշարժի ժամանակ:

Առիթը օգտագործելով, Ազերը, ինչպես եւ նախորդ հոդվածում, իբր փորփրել էր հայերի պատմական անցյալը եւ մի քանի դեպք ու անուն գտնելով ու աղավաղելով՝ հայերին ներկայացրել, մեղմ ասած, բացասական կոնտեքստում: Ամենածիծաղելին ազերի Ազերի երկրորդ հոդվածի վերջին հատվածն է, որտեղ նա դիմում է հայերին, թե՝ հարգելի հայեր, եթե կարող եք, ցույց տվեք գեթ մեկ ահաբեկիչ ադրբեջանցու, ով որեւէ երկրում ահաբեկչական ակտ է իրականացրել: Եվ ինքն էլ շտապել էր ժխտել նման մեկի գոյությունը:

Հարգելի Ազեր, ինչպես Դուք եք Ձեր հոդվածում հայերի մի հատվածի մասին նշում, հայ ազգը աշխարհին հայտնի է իր խաղաղասիրությամբ, մարդասիրությամբ ու որ ամենակարեւորն է՝ բարությամբ ու չափազանց հանդուրժողականությամբ: Պատմական ակնարկներ անելուց առաջ, խնդրեմ, զրուցեք, խորհրդակցեք պատմաբանների, ազգագրագետների հետ, ապա նոր՝ շարադրեք Ձեր մտքերը: Դա է պահանջում մասնագիտական ամենատարրական էթիկան: Իհարկե, գիտեմ, որ դա Ձեզ բնավ պետք չէ, դուք այլ նպատակ ունեք: Ձեզ բավարարում է մեր մասին կարճամիտ բացասական կարծիք հայտնելը եւ վերջ: Դուք հենց դրանից եք բավականություն ստանում: Էլ չեմ ասում, որ մենք շատ հեշտությամբ պարզեցինք, որ հայկական ֆորումների մասին Ձեր վերոնշյալ մտքերը զրպարտություն են մեր երիտասարդների հասցեին:

Ինքս այս հոդվածում շատ չեմ խորանա անցյալի էջերի մեջ: Դա կանեմ այլ առիթով եւ, ի տարբերություն Ձեզ, կխոսեմ հիմնավորված, փաստերով եւ ապացույցներով: Ցավոք, հայերս գրեթե հիշաչար չենք ձեր հանդեպ: Բայց չեմ կարող Ձեզ հիմա չհիշեցնել մի անուն, որ այնքան խնամքով մոռացել եք: Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարով: Ցանկացած որոնող կայքում գրեք այս անունը, եթե, իհարկե, իսկապես մոռացել եք, թե ով է նա: Եթե Ձեր հիվանդ հիշողությունից ջնջվել է նրա անունը, ով գիշերով սպանեց հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին՝ կացնահարեց քնած զինվորին: (Երկուսն էլ գտնվում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին): Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտեց Սաֆարովին ցմահ բանտարկության՝ առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում, իսկ Վճռաբեկ դատարանը հետագայում դատավճիռն ուժի մեջ թողեց: Իսկ ինչ էր ասել Ձեր հայրենակից մարդասպանը՝ առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառները բացատրելով. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել… բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում դեռ բարեւում էինք, այսինքն՝ նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել նրանց գլուխները» (ըստ PanARMENIAN.Net-ի նյութերի):

Հարգելի Ազեր, ուշադրությամբ կարդացեք Ձեր հայրենակցի տված ցուցմունքի ամեն մի տառը՝ չմոռանալով, որ դա ասել է ոչ թե հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող մի ինքնակոչ, այլ Ձեր բանակի սպան, ով ներկայացնում է իր երկիրը՝ ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Կարդալիս Ձեզ մոտ, իբրեւ արական սեռի ներկայացուցչի, հարց չառաջացա՞վ, թե ինչու Ձեր հայրենակիցը, ասենք, տղայական «ռազբորկայի» չէր կանչել հայերին, եթե, իհարկե, նրան իսկապես զայրացրել էր երկու հայերի ժպիտը կամ հայացքը, եւ չէր փորձել դեմառդեմ կանգնել ու պարզաբանում ստանալ, այլ գերադասել էր հարձակվել քնած ու անպաշտպան մարդու վրա… Ռամիլ Սաֆարովին Ձեր իշխանությունները ազգային հերոսի կոչում տվեցին, որովհետեւ նա Ձեր ազգային նկարագիրն է:

…Ես պարզապես նշեցի միայն մեկ անուն, ինչը Դուք այդքան շատ էիք ուզում լսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել