Վերջերս «Առավոտին» էին դիմել մի խումբ քաղաքացիներ՝ դժգոհելով, որ չեն կարողանում պոլիկլինիկաներից պետպատվերի շրջանակներում իրենց հասանելիք դեղորայքը ստանալ: Խոսքը, մասնավորապես, շաքարախտով հիվանդ մարդկանց համար նախատեսված դիաբետոն դեղի մասին էր: Այս հանգամանքը բժիշկները պատճառաբանել են նրանով, որ դիաբետոն դեղը վերջացել է, ուստի հիվանդները պետք է միառժամանակ դիաբետոնը փոխարինեն գլիբենկլամիդով, ինչը հիվանդները հրաժարվում են ընդունել: Դիաբետոնի դեֆիցիտը առողջապահության նախարարությունը «Առավոտին» պարզաբանել էր հետեւյալ կերպ. քանի որ դոլարի եւ եվրոյի փոխարժեքը փոփոխվել էր եւ դեռ հստակ չէր, թե ինչ գնով է վաճառվելու դեղը, այդ դեղի մրցույթը հայտարարված չի եղել: Նշենք, որ մրցույթն արդեն կայացել է, ֆիրմայի հետ պայմանագիրը կնքված է եւ մայիսի սկզբներին դեղն արդեն կբաժանվի հիվանդներին:
Նույն խնդրով օրերս նաեւ Լոռու մարզի քաղաքացիներից են դժգոհություններ եղել: Բացի այն, որ դիաբետոնի դեֆիցիտ է եղել, մարզի պոլիկլինիկաների տնօրենները դժգոհում են նաեւ, որ հանրապետությունում դեղորայքը թանկացել է 20-25%-ով, իսկ այս տարի պետության տրամադրած գումարն այնքան էլ չի բավականացնում, որպեսզի նախատեսված բոլոր դեղերը կարողանան գնել: Երեկ «Առավոտը» առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, արդյոք դիաբետոնն արդեն հիվանդներին հասանելի՞ է: Նախարարության դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետ Մարինա Հարությունյանի վստահեցմամբ՝ ապրիլի 29-ին եղել է նախարարի հրամանը, ըստ որի՝ դիաբետոնը պետք է բաժանվի պոլիկլինիկաներին. «Այսօրվա դրությամբ դեղորայքն արդեն բաժանվում է: Ինչ վերաբերում է մարզերին, ապա այնտեղ էլ աստիճանաբար բաժանվում են, 1 օրում հնարավոր չէ բոլոր մարզերին տալ: Ընդամենը 1-2 օրից դիաբետոն կլինի ամբողջ հանրապետությունում»:
Ինչ վերաբերում է մարզերի պոլիկլինիկաների տնօրենների դժգոհություններին, որ գումարը չի բավականացնում դեղ գնելու համար, Մ. Հարությունյանն ասաց. «Գոյություն ունի հիմնական դեղերի ցանկ, որոնք տրամադրվում են անվճար: Նախարարությունը կազմել է դեղերի ուղղորդիչ գների ցանկ, ըստ որի էլ՝ պետք է առաջնորդվեն եւ գնումներ կատարեն պոլիկլինիկաները: Գուցե հիվանդն ուզում է ամենաթանկ դեղը, ասենք՝ շվեյցարականը, այլ ոչ թե էլի լավը, բայց մի քիչ էժանը ու, օրինակ, ռուսական արտադրությանը: Բյուջեով իհարկե հնարավոր չէ ամենաթանկ դեղերը գնել, ուստի կազմվել է ուղղորդիչ գների ցանկը: Նախարարությունը վերահսկելու է, որ պոլիկլինիկաները հենց այդ ցանկով եւ տրամադրված գումարի սահմաններում գնեն, իսկ եթե ուզում են թանկ առնեն, պիտի իրենց գրպանից գումար դնեն, եթե դա իրենց ձեռնտու է»:


















































