Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐԳԻԵՎԸ ԼԱՎ Է ՀԻՇՈՒՄ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Մայիս 05,2009 00:00 Share

\"\"Աշխարհահռչակ դիրիժորը վերադարձել է շուրջ 30 տարի անց

Երեւանում էր աշխարհահռչակ Վալերի Գերգիեւը: 1996թ.-ից Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի, 2007թ.-ից Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դարձյալ գլխավոր դիրիժորի՝ մայիսի 3-ին եւ 4-ին Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ կայացած համերգները ուրախացրել էին ոչ միայն երաժշտասերներին, մանավանդ՝ միշտ չէ, որ նման ճանաչման դիրիժոր է հանդես գալիս Երեւանում: Վ. Գերգիեւի այցին հայերս նայում ենք փոքր-ինչ այլ աչքերով, որովհետեւ դեռեւս 1980-ականների սկզբներից, երբ երիտասարդ արվեստագետը հրավիրվեց որպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, հնարավոր էր, որ երեւանաբնակ երաժիշտը այստեղից կազմակերպեր իր հյուրախաղային հրավառությունները, այլ ոչ թե Սանկտ Պետերբուրգից…

1981թ. Վ. Գերգիեւը սկսեց իր կենսագրությունը՝ որպես նվագախմբային դիրիժոր՝ հարստացնելով ՀՊՖՆ-ի երկացանկը: Ժամանակը եւ դիրիժորի այսօրվա փառքը պարտադրում են չխորանալ նրա՝ Հայաստանից հեռանալու փաստերի ու հանգամանքների մեջ: Կարեւորն այն է, որ մեր Ֆիլհարմոնիկի կենսագրության մեջ առկա է գերգիեւյան էջը, իսկ տարիներ անց ՀՀ նախագահը նրան պարգեւատրեց կառավարական բարձր պարգեւով՝ ասես իբրեւ ժամանակին չասված շնորհակալություն:

Երեկ Վ. Գերգիեւը բաց փորձ անցկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), մեկ անգամ եւս հաստատելով այն, որ մեծերն աշխարհին նայում են մեծի աչքերով, երբեք չհիշելով անցած «կնճիռները»: Իսկ երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ (մենակատար՝ Դենիս Մացուեւ):

Մեկ տարի առաջ էլ, օգոստոսյան իրադարձություններից հետո, Ցխինվալիում մաեստրոյի ղեկավարությամբ համերգը ապացույցն էր այն բանի, որ մարդասիրությունը նրա համար հոգեկերտվածքի գիծ է:

Երեկ առավոտյան հրավիրված մամուլի ասուլիսում «Առավոտը» դիրիժորից հետաքրքրվեց, թե ի՞նչ տրամադրություններ են ուղեկցում իրեն՝ եթե դրանք կան, կապված Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: «Անկախ տարիքից, ունեմ մեծանուն երաժիշտ հայ բարեկամներ՝ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանից, Ալեքսանդր Հարությունյանից մինչեւ տաղանդավոր երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյան: Հիմա էլ ծանոթանալու եմ Երիտասարդական նվագախմբի հետ, որը Մարիինյան թատրոնի սիմֆոնիկի հետ, իմ ղեկավարությամբ, հանդես կգա Միրզոյանի Սիմֆոնիայի եւ Հարությունյանի «Տոնական նախերգանքի» կատարումներով: Այսինքն, դարձյալ հուսով եմ, որ ձեռք կբերեմ նոր բարեկամներ՝ հանձին նվագախմբի երաժիշտների ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, որի ղեկավարությամբ Երիտասարդականն արդեն հասցրել է Հայաստանը ներկայացնել տարբեր ճանաչված դահլիճներում, այդ թվում՝ Փարիզի «Opera Garnier», Բեռլինի «Konzerthaus», Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահներում եւ այլուր: Հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, սակայն հավաստիացնում եմ, որ կոնկրետ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կապված հիշողություններս հիանալի են: Ցանկացած երկրի մշակութային օջախներում անպակաս են տարաբնույթ խոսակցությունները… ժամանակին Երեւանում աշխատածս տարիներին հաճախ էի բացակայում, մեկնում Սանկտ Պետերբուրգ, բայց երբ 4 օրով վերադառնում էի, հանդես էի գալիս 3 համերգով: Շուրջ 4 տարի ղեկավարելով Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, վերջինիս հետ հանդես եմ եկել 80 տարբեր ծրագրերով, ինչը նույն քանակով ժամանակին իրագործել է հայ մեծանուն դիրիժոր Դավիթ Խանջյանը: Ինչպես այս այցիս, այնպես էլ տասնամյակներ առաջ, անդրադարձել եմ հայ մեծանուն կոմպոզիտորների գործերին»,- ասաց Վ. Գերգիեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել