Լրահոս
Օրվա լրահոսը

Ուխտագնացություն եւ մրցանակներ

Մայիս 05,2009 00:00 Share

\"\"Կ իրակի՝ Մամուլի ազատության օրը, Արարատյան հայրապետական թեմի «Արարատ միությունը»՝ «Դիֆենս» իրավաբանական ընկերության հետ միասին, կազմակերպել էր ուխտագնացություն Սեւանի թերակզի: Ավելի ուշ ուխտավորները հավաքվեցին Սեւանի հոգեւոր Վազգենյան դպրանոցում, որտեղ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, համերգ՝ «Արարատ» միության երգչախմբի մասնակցությամբ եւ մատաղի արարողություն: «Դիֆենս» իրավաբանական ընկերության տնօրեն Կարեն Անդրեասյանը նշեց, որ 8 համալսարանների լրագրության ֆակուլտետների ուսանողներ հետաքննություն են անցկացրել՝ ուսումնասիրելով «Կյանքի խոսք» աղանդի հետեւանքները, եւ քանի որ մրցույթը հոգեւոր թեմաների հետ կապ ունի, արդյունքների ամփոփումը եւ մրցանակակիրների պարգեւատրումը կայանում է Սեւանի դպրանոցում: Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» միության հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը նախ հիշեցրեց, որ Սեւանի դպրանոցը հիմնել է Գարեգին վեհափառ հայրապետը՝ 1990թ, իսկ «Արարատ» միությունը՝ ներկայիս վեհափառը: Նաեւ կարեւորելով հոգեւոր թեմաներով մրցույթների ու միջոցառումների անցկացումը՝ հավելեց. «Հայ եկեղեցու հավատացյալի համար հայ եկեղեցու միջոցով փրկությունը տեսնելը նշանակում է նրա առաքելությանը բաժնեկից լինել, տարածել նրա քարոզչությունը: «Դիֆենս» իրավաբանական կենտրոնի տնօրեն Կարեն Անդրեասյանը մեր՝ «Արարատ» միության անդամ է եւ իր մասնակցությունն է ունենում եկեղեցական առաքելությունը կատարելու ճանապարհին: Խաղի միջոցով, որտեղ ներգրավված են շուրջ 5 տասնյակ ապագա լրագրողներ, ոչ միայն ուսումնասիրել են «Կյանքի խոսք» աղանդը, այլեւ փորձել պարզել, թե ինչ է պատահել կորած լրագրողին, որը ընդամենը օրագիր է թողել: Համալսարանականներից, ով ավելի է մոտեցել ճշմարտությանը՝ հաղթել է: Նրանց հետ հոգեւոր զրույցներն ու ուղղորդումները ես եմ կատարել, իսկ մյուս մասը՝ Կարենը, իր իրավաբանական կենտրոնի հետ»: Հաղթողները ստացան թանկարժեք նվերներ, իսկ մի ուսանող՝ Նիդեռլանդիա մեկնելու ուղեգիր: Փաստենք, որ միջոցառման հրավիրյալներն ու մասնակիցներն այն կարծիքի էին, որ աղանդների դեմ պայքարով՝ միայն եկեղեցին չէ, որ պիտի զբաղվի, այն համազգային նշանակության խնդիր է, հատկապես մեր օրերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել