Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեթե երկու մրցանակակիր՝ Դուբայում

Մայիս 05,2009 00:00

Միացյալ Արաբական Էմիրություններում երեկ ավարտվելու էր շախմատի «Dubai Open» ավանդական 11-րդ միջազգային մրցաշարը, որին, ինչպես տեղեկացրել ենք, մասնակցում էին շուրջ երեք տասնյակ ազգային ֆեդերացիաների 140 շախմատիստներ: Հայաստանը ՄԱԷ-ում ներկայացնում էր վեց հոգի: Ութերորդ՝ նախավերջին, տուրից հետո գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը եւ ռուսաստանցի Դմիտրի Բոչարովը եզրափակիչ օրվանից առաջ 6,5-ական միավորով բաժանում էին 1-2-րդ հորիզոնականները: Սակայն, ըստ մասնագիտական կայքերի տարածած տեղեկատվության, հայ շախմատիստը լրացուցիչ գործակիցներով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:

Հաջող մրցելույթներ էր արձանագրել նաեւ մեր տղաների մեջ ամենափորձառու մասնակիցը՝ գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը, որն առաջատարներին զիջում էր ընդամենը 0,5 միավորով՝ բաժանելով 3-8-րդ տեղերը: Մեր մյուս շախմատիստների ցուցանիշները համեստ էին: Հրանտ Մելքումյանը 24-րդն էր՝ 5,0 միավորով, Աղասի Ինանցը՝ 76-րդը (4,0), իսկ Վարդան Խոջայանը՝ 83-րդը (3,5):

Երեկ Տիգրան Քոթանջյանը սպիտակներով հանդիպում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Պավել Մալետինի հետ, որը, ինչպես եւ Անաստասյանը, իր անվան դիմաց գրանցել էր 6,0 միավոր, իսկ Աշոտի մրցակիցը հնդիկ գրոսմայստեր Պրասադ Արունն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել