Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈԶԻ ԳՐԻՊԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է

Մայիս 05,2009 00:00

Մեքսիկայում տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած խոզի գրիպը կամ, ինչպես ասում են՝ A/H1N1 վարակը կարծես թե անկում է ապրում: Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները: Ըստ որոշ աղբյուրների, Մեքսիկայի առողջապահության նախարար Խոսե Անխել Կորդովան հավաստել է, որ գրիպի ամենավտանգավոր շրջանը ապրիլի 23-28-ն ընկած ժամանակահատվածում է եղել, սակայն այժմ վարակը նույն արագությամբ չի տարածվում: Այդուհանդերձ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Մեքսիկայի իշխանությունները չպետք է թուլացնեն ուշադրությունն ու դադարեցնեն վարակի տարածման հետ կապված աշխատանքները: ԱՀԿ-ի տվյալներով, խոզի գրիպն արդեն տարածվել է 17 երկրում, ինչի պատճառով վարակվել է 787 մարդ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, ԱՄՆ-ում այս հիվանդությամբ վարակված մարդկանց թիվը հասել է 226-ի: Նախկինում այդ թիվը կազմում էր 160 դեպք:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ խոզի գրիպի դեմ պայքարի համար նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովն ամեն օր ուշիուշով հետեւում է գրիպի հետ կապված զարգացումներին: Ըստ նախարարության պատասխանատուների, մեր երկրում առայժմ ոչ մի հիվանդ չի գրանցվել: Օդանավակայանում՝ ժամանող բոլոր ուղեւորների նկատմամբ, խիստ հսկողություն է սահմանված:

«Մեզ մոտ օրական 20-20 չվերթ է լինում, բայց 4 երկիր է, որ վտանգ է ներկայացնում, քանի որ ուղիղ չվերթով են: Դրանք են՝ Լոնդոն, Փարիզ, Վիեննա եւ Գերմանիա: Այդ չվերթների ուղեւորների նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանված: Ուղեկցորդները դեռ այնտեղ հետեւում են, թե ում աչքերն է կարմրած կամ որ ուղեւորն է գրիպային վիճակում եւ մեզ մոտ տեղյակ են պահում, ինչից հետո մեզ մոտ միջոցառումներ են ձեռնարկվում: Օրական մեր երկիր մոտ 940 ուղեւոր է իջնում, քանի որ այդ երկրներից միաժամանակ չեն ժամանում, ուստի հսկողությունը հեշտ է իրականացնել»,- ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ռուսլաննա Գեւորգյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել