Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ

Մայիս 13,2009 00:00

\"\"Հայաստանում ընդունված չափանիշներով

ՀՅԴ-ի՝ ընդդիմություն դառնալուց հետո կառավարությունում եւ Ազգային ժողովում ազատված տեղերը բոլոր իշխանական ուժերի համար դարձել էին համեղ պատառիկ, եւ «անշահախնդրորեն» կոալիցիա կազմած ուժերը ՀՀԿ-ից, ավելի ճիշտ՝ երկրի նախագահից սպասում էին իրենց «նվիրվածության» նոր գինը: Այս օրերին շատ հավանական եւ անհավանական անուններ մեջտեղ բերվեցին, շատերը իրենց մասին փորձեցին նորից եւ կրկին հիշեցնել երկրի նախագահին, շատերը նորից հիշեցրին, թե ԱԺ եւ նախագահական ընտրություններում քանի ձայնով են համալրել իշխանական կոալիցիայի շարքերը, սակայն, մեր տեղեկություններով, երկրի նախագահը բոլորին սաստել էր՝ հանգիստ տեղներդ նստած մնացեք, կգնամ Պրահա՝ կվերադառնամ եւ կորոշեմ: Եվ արդեն նախորդ օրը երեկոյան որոշեց եւ իր որոշումը հայտնեց կուսակցությունների ղեկավարներին: Ըստ այդմ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տրվեց ԲՀԿ-ի տնօրինությանը: Այս կուսակցությունը եւս, Դաշնակցության պես, հաճախ է խոսում սոցիալական հարցերից, նշում է մարդկանց աջակցելու անհրաժեշտությունը, դե, թող հիմա աջակցեն, որ հասարակությունը իմանա՝ ումից ինչ պահանջի: Գյուղատնտեսության նախարարությունը տրվեց «Օրինաց երկիր» կուսակցությանը։ Թեպետ այս կուսակցությունը հայտնի է իր եվրոպական հովերով, բայց նաեւ գաղտնիք չէ, որ ՕԵԿ-ում մեծ թիվ են կազմում գյուղական ծագում ունեցող կուսակցականները, եւ, երեւի, սա կօգնի, որ օեկականները նաեւ կոնկրետ օգնեն գյուղացուն: Հանրապետականն իր կոալիցիոն գործընկերներին չնեղացնելով եւ մի-մի նախարարություն տալով՝ որոշեց, որ ամենից կարեւոր նախարարությունը պահելու է իրեն: Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշանակվեց կրթության եւ գիտության նախարար: Ըստ մեր տեղեկությունների, նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնը կտրվի ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովին:

Երեկ արդեն շրջանառվում էին վերլուծություններ այն մասին, որ ի տարբերություն այլ կուսակցությունների ղեկավարների, ովքեր մարդկանց օգտագործում եւ «մոռանում են» վարձահատույց լինել պաշտոնները բաժանելու ժամանակ, ՀՀ եւ ՀՀԿ նախագահը կարողանում է գնահատել իրեն նվիրվածներին, իր «մատից փուշ հանողներին», եւ մարդկանց չի աշխատեցնում զուտ իր շահի համար, այլ, երբ տեղը գալիս է, նաեւ կարողանում է վերադարձնել ըստ արժանվույն: Արմեն Աշոտյանի նշանակումը դիտարկվում է հենց այս տեսանկյունից:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Հանրապետական կուսակցությունը իր ձեռքում է պահելու նաեւ Ազգային ժողովի փոխնախագահի ազատված պաշտոնը: Այն տրվելու է, ավելի ճիշտ՝ հավանաբար, ԱԺ հերթական քառօրյայում այս տեղի համար ընտրություններ են նշանակվելու, եւ ընտրվելու է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Եվս մեկ ապացույց վերը ասվածի: Թեպետ չի բացառվում, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը տրվի Էդուարդ Շարմազանովին, իսկ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ դառնա այժմ նույն հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջարկով գյուղատնտեսության նախարար է նշանակվել վերահսկիչ պալատի 4-րդ բաժնի պետ, ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը:

Գագիկ Ծառուկյանի առաջարկությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, մարտունեցի դասախոս Գեւորգ Պետրոսյանը նշանակվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Մեր տեղեկություններով, վերջինս ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանի ազգականն է՝ հորական կողմից: Ի դեպ, այս անունը բավականին տարակուսանք առաջացրեց շատերի մոտ, քանի որ նախարարի տեղի համար շրջանառվող անունների մեջ չկար Գեւորգ Պետրոսյանի անունը, շատ ավելի իրական էին Նաիրա Զոհրաբյանի եւ Միքայել Մելքումյանի անունները: Սակայն, մեր տեղեկություններով, կադրային հարցերում այս կուսակցության ներսում որոշակի ազդեցություն ունի հանրապետության երկրորդ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել