Լրահոս
Օրվա լրահոսը

«Զիջվել է ամեն ինչ»

Մայիս 13,2009 00:00

\"\"Ըստ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի, Ղարաբաղի խնդրում ժամանակի ձգձգումը

տանում է վատից դեպի վատթարը:

«Ժամանակին Մինսկի խումբը ղարաբաղյան խնդրի լուծման բոլոր տարբերակները, բոլոր փաթեթները ներկայացնում էր Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին՝ կոնֆլիկտի երեք կողմերին: 1998-ին ընդհանուր պետության գաղափարը ներկայացվեց երեք կողմերին. դա 1995, 96, 97 թվականների իներցիայի արդյունք էր. այսօր քննարկման առարկա փաստաթուղթը Ղարաբաղի իշխանություններին չի ներկայացվում, Ղարաբաղի իշխանությունները տեղյակ չեն, թե ինչի շուրջ են բանակցում Հայաստանն ու Ադրբեջանը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վահան Փափազյանը:

«Բայց կա այս իրավիճակից դուրս գալու ելք, եթե, իհարկե՝ ԼՂՀ իշխանությունների՝ բանակցային գործընթացին վերադառնալու անհրաժեշտության մասին հայտարարություններն իրականություն են, ոչ թե թատրոն: Եթե Ղարաբաղն ուզում է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, ապա կա օրինական հիմք՝ ԵԱՀԿ վեհաժողովի 1994 թվականի բուդապեշտյան վեհաժողովի փաստաթուղթը, եւ Ղարաբաղը կարող է պահանջել վերադառնալ այդ ձեւաչափ»,- ասել է Վահան Փափազյանը:

ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի կարծիքով էլ՝ «Կարգավորման որոշում ընդունողը Բաքուն է, ոչ թե Երեւանը: Այսօրվա իրավիճակում դա բացառապես պայմանավորված է նրանով, թե Ադրբեջանի նախագահը ինչ կորոշի, հարցը այն մասին չէ, թե ինչպիսի կարգավորման գնալ, այլ ընդհանրապես՝ գնա՞լ խաղաղ կարգավորման, թե՞ ոչ: Հայաստանը այս հարցում որոշող չի, այդքան զիջվել է ամեն ինչ»: Նրա համոզմամբ, այսօրվա իշխանությունն անկարող է լուծել Ղարաբաղի խնդիրը, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում. «Այս հարցի լուծումը նրանց քաշային կատեգորիայի հարցը չի»: Շահնազարյանի կարծիքով՝ ժամանակի ձգձգումը բխում է միայն Ադրբեջանի շահերից, իսկ Հայաստանին տանում է վատից դեպի ավելի վատթարը: Նրա կարծիքով՝ դիվանագիտական միակ հաջողությունը, որը պահպանվել է, 1994 թվականին կնքված զինադադարի եռակողմ պայմանագիրն է, մնացյալ բոլոր ձեռքբերումները այս 11 տարիների ընթացքում փոշիացվել են:

Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության գաղտնիության չափը Դավիթ Շահնազարյանը համարում է անընդունելի. «Այսօր գաղտնի է պահվում բանակցությունների բուն գաղափարախոսությունը, ուղղվածությունը: Այսօր եթե ինչ-որ բան իմանում ենք, ապա միայն ադրբեջանական մամուլից: Այս աստիճան գաղտնիությունը համարում եմ անընդունելի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել