Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Մայիս 13,2009 00:00

\"\"Երեւանի ավագանու ընտրության մասին ասում է ՀՀԿ համամասնական ցուցակում երկրորդը՝ Ավանի համայնքապետ Տարոն Մարգարյանը:

– Նոր Նորքում կայացած հանդիպումներից մեկի ժամանակ կոչ հնչեց, թե քվեարկեք Գագիկ Բեգլարյանի օգտին, որ ձեր համայնքն էլ այնքան մաքուր ու բարեկարգ լինի, ինչպես Ավանն է, որի համայնքապետ Տարոն Մարգարյանը ցուցակում երկրորդն է: Անգամ իշխանամետ թերթերից մեկն այս կապակցությամբ հեգնեց, թե արդյոք սա առողջ տրամաբանության հետ որեւէ կապ ունի՞. քվեարկեք Բեգլարյանի օգտին, որ ամեն ինչ լինի, ինչպես Մարգարյանի մոտ է, կամ քվեարկեք քաղաքապետի օգտին, որ Երեւանն ունենա լավ փոխքաղաքապետ:

– Երբ Նոր Նորքի բնակիչները հայտնում էին այդ կարծիքը՝ ասելով, թե ընտրեք Գագիկ Բեգլարյանին, նկատի ունեին, թե ընտրեք ՀՀԿ-ին: Ավան եւ Նոր Նորք համայնքները հարեւաններ են եւ ժամանակին եղել են միեւնույն՝ Խորհրդային շրջանի մեջ: Հիմնականում նույնն են այս երկու համայնքների բնակիչների շփումները թե՛ դպրոցի, թե՛ մանկապարտեզի, թե՛ մշակույթի տան, թե՛ պետական այլ կառույցների կապակցությամբ: (Հիշեցնենք, որ Ավան համայնքը երկու տարի անընդմեջ՝ 2007-ին եւ 2008-ին, ճանաչվել է Հայաստանի լավագույն համայնք: Ավանի բոլոր դպրոցները նորոգվել ու ջեռուցվում են, մանկապարտեզները գործում են անվճար, փողոցների արտաքին լուսավորության ցանցն ամբողջությամբ վերականգնված է, ջրամատակարարումը շուրջօրյա է, համայնքի բյուջեն տարեցտարի աճում է եւ այլն.- Ա. Ի.): Դրա համար էլ, տեսնելով Ավանում արված աշխատանքները, նրանք ցանկություն հայտնեցին, որ իրենց համայնքում եւ ողջ քաղաքում էլ լինի այդպես:

– Իսկ որքանո՞վ է դեր խաղացել այն, որ ՀՀԿ խորհրդի անդամ եք ու նախկին վարչապետի որդին, որպեսզի Ավանը լինի ավելի բարվոք վիճակում:

– 2005 թվականին թաղապետ ընտրվելուս հաջորդ իսկ օրվանից այնպես եմ կազմակերպել աշխատանքները, որ ձեռք եմ բերել համայնքի բնակչության վստահությունը: (Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը 2008-ին վերընտրվեց Ավանի համայնքապետ՝ ստանալով ընտրողների ձայների 99 տոկոսը.- Ա. Ի.): Ինչ վերաբերում է շահարկումներին, թե կառավարությունից աջակցություն է եղել, եւ այդ պատճառով է քաղաքում առանձնանում մեր համայնքը՝ նշեմ, որ Ավանում իրականացվել են այն պետական ծրագրերը, որոնք իրականացվել են նաեւ մնացած բոլոր համայնքներում: Իսկ, ընդհանուր առմամբ՝ ծրագրերն իրականացնում ենք համայնքի սեփական միջոցներով:

– Ավագանու ՀՀԿ-ի թեկնածուների հետ ամեն հանդիպումից հետո մարդիկ ձեզ փոխանցում են զանազան գրություններ ու դիմում-խնդրանքներ: Արդյոք սա «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի խախտո՞ւմ չէ, որով նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին ու կուսակցություններին արգելվում է անձամբ կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին մատուցել կամ խոստանալ ծառայություններ:

– Նամակները, դիմումները փոխանցում են հիմնականում այն բնակիչները, որոնք չեն ցանկանում բարձրաձայն հայտնել թե՛ իրենց շնորհակալությունը, թե՛ մաղթանքները: Այո՛, առիթն օգտագործելով՝ այդ նամակներում նշվում է նաեւ անձնական խնդիրների մասին, որոնք հնարավորինս կփորձենք լուծել հետագա աշխատանքի ընթացքում, բայց ոչ ընտրական այս փուլում:

– Կոալիցիոն ձեր նախկին գործընկերը՝ ՀՅԴ-ն, այժմ հանդիպումների ընթացքում մատնանշում է, թե քանի որ քաղաքի բյուջեն ու լծակները ձերն են՝ նախընտրական այս շրջանում ասֆալտապատում եք որոշ բակեր, ջուր անցկացնում, տանիք ու վերելակ նորոգում: Ինչպե՞ս եք վերաբերվում նման պնդումներին, թե բյուջետային միջոցները քաղաքապետարանն ու համայնքապետարանները փորձում են ծառայեցնել ՀՀԿ քարոզարշավին:

– Նրանք, իհարկե, ցանկանում են շահարկել այդ ամենը: Բայց եկեք չմոռանանք, որ քաղաքապետարանն ու թաղապետարանները շարունակում են կատարել իրենց աշխատանքը: Եվ սա չի նշանակում, որ եթե ընտրություններ են՝ մարտի 5-ից նշանակված նոր քաղաքապետը չպիտի իրականացնի իր ծրագրերը: Եթե մենք չկատարեինք մեր գործառույթները՝ ողջ քաղաքը կաթվածահար կլիներ: Ես հերքում եմ մտավախությունները, թե այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում, եւ վստահեցնում եմ, որ այս աշխատանքները շարունակվելու են նաեւ ընտրությունների ավարտից հետո: Եթե Երեւանի բնակիչները մեզ վստահեն՝ ընտրություններից հետո էլ ենք շարունակելու բակային ծրագրերը եւ այլն:

– ՀՀԿ գործիչներն անընդհատ հերքում են, թե ընտրողների տվյալներն են հավաքում՝ հօգուտ իրենց թեկնածուի: Մինչդեռ մամուլը շարունակում է փաստեր հրապարակել՝ նշելով որոշակի դպրոցների եւ այլ հաստատությունների անուններ, որտեղ կազմվում են նման ցուցակներ: Ինչպե՞ս եք բացատրում այս հակասությունը:

– Ավան համայնքում չեն կազմակերպվել նման բաներ: Ես էլ եմ լրատվամիջոցներից տեղեկացել, թե որոշ համայնքներում նման բաներ եղել են, եւ ես դա դատապարտում եմ: Սակայն հարկ է նաեւ նշել, որ ՀՀԿ նախընտրական շտաբները չեն զբաղվում նման աշխատանքներով:

– Մամուլում հրապարակվել են տեղեկություններ, որ հօգուտ Ձեզ ուղեւորների հետ քարոզչություն է իրականացնում անգամ «Տաքսի Z» ծառայությունը:

– «Տաքսի Z» ընկերությունը գրանցված է Ավանում, եւ վարորդները հիմնականում այս համայնքի բնակիչներ են: Բացառված չէ, որ ուղեւորության ընթացքում, եթե անդրադարձ է լինում ավագանու ընտրություններին՝ նրանք պատմում են մեր համայնքում կատարված աշխատանքների մասին, եւ զրույցը դառնում է քարոզչության պես մի բան: Սակայն սա չեմ համարում կազմակերպված քարոզարշավ:

– Մայիսի 31-ի ընտրությունները դիտարկող միջազգային միակ կազմակերպությունը՝ Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը մայիսի 3-6-ը Երեւան այցելելուց հետո հրապարակեց իր մտահոգությունը, թե սպառնալիքներ կան այս ընտրությունների պատշաճ անցկացման համար, մասնավորապես՝ ընտրողների գրանցման եւ քարոզարշավի լրատվական անաչառության առումով։

– Ինձ թվում է, որ քարոզարշավի լուսաբանման անաչառության վերաբերյալ մտահոգությունը տեղին չէ՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի ընտրարշավն էլ լուսաբանվում է հավասարաչափ: Ինչ վերաբերում է ընտրողների գրանցման հետ կապված մտավախություններին՝ այդ հարցը, թերեւս, ավելի ճիշտ կլիներ ուղղել ԿԸՀ-ին:

– ԵԽ այդ պատվիրակությունը նաեւ տպավորություն էր ստացել, թե քաղաքապետի դերը վտանգված է իշխանության եւ ընդդիմության միջեւ խիստ առճակատման պատճառով: Հիմնավո՞ր է մտահոգությունը, թե քարոզարշավի ընթացքում ավելի շատ անդրադարձ է արվում քաղաքական խնդիրներին, քան երեւանցիների այլ կարիքներին:

– Քանի որ այս ընտրությունները կուսակցական ցուցակներով են՝ անխուսափելի է անդրադարձը քաղաքական խնդիրներին: Բայց իրականում սրանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ուղղակի տարբերությունն այն է, որ սա ամենամեծ համայնքը ղեկավարող մարմինների ընտրությունն է: Ուստի արժեր առավել խոսել զուտ մեր քաղաքի բնակչության հոգսերի մասին, իսկ քաղաքականության մասին՝ որքանով այն վերաբերում է Երեւանի ապագային:

ՀՀԿ-ն այս ընտրությունները չի քաղաքականացնում՝ մենք խոսում ենք միայն մեր ծրագրերից, կատարած ու կատարելիք աշխատանքներից: Այդ պատճառով ընտրեցինք բակային հանդիպումների ձեւը, որ անմիջական շփում ունենանք բնակիչների հետ, նրանցից լսենք իրենց խնդիրների մասին, որոնց լուծումները փորձելու ենք տալ:

– Երկու տարբեր մոտեցումներ կան, թե ինչ կլինի, եթե ընտրությունների շնորհիվ հաղթի ընդդիմության թեկնածուն: Մի մոտեցմամբ՝ սա դրական ազդեցություն կունենա իշխանության ներսում զսպումների եւ հակակշիռների մեխանիզմի ձեւավորման առումով: Իսկ երկրորդ մոտեցումն է, թե սա բացասական հետեւանքներ կունենա, քանի որ ընդդիմության ներկայացուցիչն արդյունավետ չի աշխատի կառավարության հետ: Ո՞ր մոտեցումն եք համարում առավել հիմնավոր:

– Բնականաբար՝ եթե երկրում կայունություն լինի, դա շատ ավելի օգտակար կլինի քաղաքի զարգացման համար: Եվ էլի եմ շեշտում՝ սրանք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են, եւ պետք է հաղթի այն ուժը, որի աշխատանքն այս ոլորտում տեսել է բնակչությունը: Իսկ ընտրությունների քաղաքականացումից ավելի շատ կտուժեն բնակիչները:

Հ. Գ. Այսօր Հայ ազգային կոնգրեսը նախընտրական հանդիպում է անցկացնելու Ավանում, եւ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, թե որպես թաղապետ՝ ամեն ինչ անելու է, որ կանխվեն հնարավոր բոլոր միջադեպերը, եւ հանդիպումն անցնի խաղաղ մթնոլորտում: Նշենք, որ ՀԱԿ-ի իրազեկման ակցիան Ավանում երեկ արդեն իսկ անցել է առանց միջադեպերի: Ընդդիմության ակտիվիստները՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ միասին, ոստիկանների ուղեկցությամբ են շրջել բակերով եւ բաժանել ՀԱԿ ընտրական բուկլետները: «Կային, որ ասում էին՝ հրապարակավ չենք կարող բուկլետը վերցնել, հարեւանը կտեսնի՝ խաբար կտա: Կային, որ հետաքրքրվում էին երեկվա դեպքերով եւ ասում, որ փոխել են իրենց քաղաքական կողմնորոշումը երեկվա ծեծուջարդի մասին լսելով»,- «Ա1+»-ին պատմել է ակտիվիստներից Կարինեն: Իսկ Լեւոն Զուրաբյանն ասել է. «Ես վստահ եմ, որ մենք ամեն տեղ ունենք մեծամասնություն, ուղղակի այստեղ վախի մթնոլորտ է տիրում: Զգացվում է, որ բազմակարծությունն այստեղ չեն ողջունում, համենայնդեպս, երեկ հարձակվողները պնդումներ էին անում, որ Ավանն արդեն կողմնորոշվել է, մենք այստեղ ոտք դնելու իրավունք չունենք: Ահա այսպիսի յուրօրինակ պատկերացում ժողովրդավարության մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել