Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի եւ Վրաստանի դրական որոշումից կշահի Հայաստանը

Մայիս 13,2009 00:00

\"\"

«Վերին Լարսի բացումը եւս մեկ արտաքին տրանսպորտային ուղի է Հայաստանի համար, որը կարող է նպաստել առեւտրային կապերի ակտիվացմանը: Եթե Ռուսաստանը եւ Վրաստանը Վերին Լարսի անցակետի բացման վերաբերյալ որոշում կայացնեն, դա որոշակի օգուտ կբերի տարածաշրջանի տնտեսությանը»,- երեկ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների՝ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրողների համաժողովի ժամանակ անցակետի բացման վերաբերյալ իր կարծիքը ասաց կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Նախարարի խոսքերով՝ Վերին Լարսի բացումն էլ ավելի կբարելավի Հայաստանի տնտեսական փոխգործակցությունը ռուսաստանյան տարածաշրջանային գործընկերների հետ: Նշենք, որ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարս միջազգային ավտոմոբիլային անցակետի թողունակությունը, բացման դեպքում, կկազմի օրական 400 ավտոմեքենա: Անցակետը փակ է 2006 թվականից՝ շինարարության պատրվակով:

Գ. Սարգսյանն անդրադարձել է նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների վարորդների վիզային ռեժիմի խնդրին: Նախարարի ներկայացմամբ, անհրաժեշտ է վարորդների համար պարզեցված վիզային ռեժիմ կիրառել եւ ներդաշնակեցնել տրանսպորտային օրենսդրությանը. «Այսօր երկրների մուտքի պայմանները տարբեր են, ինչը կազմակերպչական խոչընդոտներ է ստեղծում տեղափոխման համար, մասնավորապես՝ բեռնատար տրանսպորտի»:

Համաժողովի ժամանակ նախարարը նաեւ տեղեկացրել է, որ շուտով միջմարզային ավտոբուսային 20 երթուղիների համար մրցույթ կհայտարարվի: Այդ մրցույթին մասնակցելու է նաեւ «Հայավտոկայան» ընկերությունը, որը ձեռք է բերել 12 ավտոբուս: Գ. Սարգսյանի խոսքերով, Հայաստանում կան միջմարզային բազմաթիվ ավտոբուսային երթուղիներ, որոնք այսօր չեն գործում. «Մենք այդ ուղղությամբ բազմաթիվ բողոքներ ենք ստանում բնակչությունից եւ համայնքների ղեկավարներից, քանի որ ավտոբուսների սակագինն ավելի մատչելի է»: Ըստ նախարարի, միկրոավտոբուսային երթուղիները կրճատելու հարցն առայժմ չի քննարկվում, թեեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ուղեւորահոսքը նվազել է շուրջ 20-30 տոկոսով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել