Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՐԱՆՔ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՆ

Մայիս 14,2009 00:00

\"\"Քարոզարշավի ընթացքում տարբեր համայնքներում արձանագրված միջադեպերն այսպես է գնահատում ՀՀԿ ցուցակը գլխավորող թեկնածուն:

Մալաթիա-Սեբաստիա համայնքում հենց նոր, բայց կիսատ ասֆալտապատած մի մարզահրապարակում երեկ ՀՀԿ ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանն ու Տարոն Մարգարյանը հանդիպեցին ընտրողների հետ: «Շատ կարճ ժամանակամիջոց հետո Երեւանում ոչ մի բակ չի լինի չասֆալտապատված եւ ոչ մի բակ չի լինի չլուսավորված»,- խոստացավ նրանց Գագիկ Բեգլարյանը: Նաեւ խոստացավ, թե ավելանալու են կանաչ տարածքները: Մի կնոջ խնդրանքին՝ կանաչապատել Դավիթաշենը, պատասխանեց. «Մի խնդրեք՝ դա մեր սուրբ պարտականությունն է: Այնքա՜ն շատ գազոնի սերմ ենք բերել, այնպե՜ս ենք կանաչապատելու Դավիթաշենը, հավատացեք»:

Նրան ուղղված հարցերի մի մասն էլ վերաբերում էր աշխատատեղերին: «Տանը 5 հոգի ենք՝ ոչ մեկս չի աշխատում: Ոչ մի տեղ գործ չկա»,- բողոքեց մի տղամարդ: Քաղաքապետարարանի լիազորությունը չէ աշխատատեղ ստեղծելը: Եվ քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն այս առնչությամբ միայն խոստացավ. «Կփորձենք ընդառաջ գնալ այն մարդկանց, ովքեր Երեւանում կփորձեն աշխատատեղ բացել: Այն մարդուն, որը կփորձի գործարան բացել, որտեղ դուք կաշխատեք՝ հնարավոր է, զրո կոպեկով հող տանք»:

Այս բոլոր խոստումներից հետո մի ծերունի մտահոգություն հայտնեց, որ ընտրությունն անցնի՝ իրենց կմոռանան: Սակայն Գագիկ Բեգլարյանը խոստացավ. «Անընդհատ շփվելու ենք ժողովրդի հետ: Ուշադիր նայեք ինձ՝ ես մոռացո՞ղ եմ, հայրիկ ջան»:

Իր ելույթում նա հավաքվածներին տեղեկացրեց. «Մայիսի 31-ից հետո Երեւանում էլ չեն լինի թաղապետի ընտրություններ: Այսինքն՝ չեն լինի այն լարվածություններն ու հակասությունները, որ մինչ այսօր ունեցել ենք յուրաքանչյուրս: Թաղապետ մեկն ընտրվել է, մյուսը՝ ոչ, բայց մեր հարաբերությունները 4 տարի շարունակ եղել են լարված, քանի որ ընտրությունների ժամանակ մեկս մեկին է հավատացել, մյուսը՝ մյուսին»:

«Առավոտը» փորձեց պարզել, թե Գագիկ Բեգլարյանն ինչպես է վերաբերվում քարոզարշավի ընթացքում վերջին օրերին արձանագրված ընդհարումներին՝ Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում. «Շատ վա՛տ եմ վերաբերվում: Ես ելույթում էլ ասացի, թե ինչքա՜ն լավ է, որ Սահմանադրությունն այլեւս թույլ չի տալիս ապագայում 12 թաղապետ ընտրել: Հայաստանում եւ Երեւանում եթե կարողանանք տեղական ինքնակառավարումը դնել այն հիմքերի վրա, որոնք կան իրականում՝ երբե՛ք չեն լինի այս կարգի ընդհարումներ: Այս ընդհարումներով ամեն մարդ արջի ծառայություն է մատուցում, փորձում են իրենց այդ քայլերով պարտավորեցնել ընտրվողներին: Այսինքն՝ մարդիկ, որոնք այն հեղինակությունը չունեն, չունեն ժողովրդի քվեն՝ սարքում են այս կարգի սադրանքներ: Ես դրանք համարում եմ երկկողմանի: Մեկն, ուրեմն, ասում է՝ տեսեք, ձեր խաթր գլուխս ծակվեց: Մյուսն էլ ասում է՝ տեսեք, ձեր խաթր գլուխը ծակեցի»:

Նրան խնդրեցինք անդրադառնալ նաեւ մայիսի 11-ին ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի արած դիտարկումներին, թե Երեւանի գործող բոլոր թաղապետերը զետեղված են ՀՀԿ-ի ցուցակում եւ ցանկություն են հայտնում ինչ-որ բան փոխել քաղաքում, այն դեպքում, երբ ունեին իրական հնարավորություն դա անելու, բայց ոչինչ չեն արել, քանի որ ի վիճակի չեն իրականացնելու փոփոխություններ: Մեր հարցին, թե իրավացի՞ է համարում այս քննադատությունը՝ ՀՀԿ ցուցակը գլխավորողը պատասխանեց. «Իհարկե՝ ո՛չ: Ասեմ, որ երբ նայում եք ավագանու ցուցակները եւ տեսնում, թե ովքեր են գլխավորում դրանք՝ բացահայտ երեւում է, որ ՀՀԿ ցուցակը գնում է Երեւան համայնքում աշխատելու համար: Իսկ մնացածների ցուցակները եթե ուշադիր ուսումնասիրեք՝ պարզ կլինի, որ այդ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ է համայնք, ինչ է տեղական ինքնակառավարում: Կամ էլ տեղյակ են՝ միայն կարդալով: Մեր ցուցակը գլխավորում են համայնքի երկու ղեկավարներ, իսկ 3-րդ համարը ճարտարապետ է: Իմ հարգարժան գործընկերները, որոնք խոսում են համայնքից՝ չգիտեն, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարումը 1996 թվականի հունիսից է եւ ընդամենը 13 տարվա պատմություն ունի: Եվ այսքան տարվա պատմության ընթացքում կարող էին այս ոլորտը տիրապետել, խնդիրները լավ հասկանալ այն մարդիկ, ովքեր գոնե ամենաքիչը 13-ից 7 տարին աշխատել են ղեկավար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել