Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 14,2009 00:00

Հոգեբանը կարծում է, որ աղանդները քայքայում են Հայ առաքելական եկեղեցին ու մարդկանց հոգիները եւ զրկում զարգանալու հնարավորությունից:

«Ես դեպրեսիայի մեջ էի, կյանքն անիմաստ էր ինձ համար, շատ հարցեր էին ինձ տանջում. ինչո՞ւ եմ ապրում, ի՞նչ է լինելու մահվանից հետո: Շատ էի ծխում, ալկոհոլ օգտագործում»,- պատմում է վանաձորցի 23-ամյա Արթուրը եւ պնդում, որ այս հարցերի պատասխանը գտնելուն եւ հոգեբանական խնդիրները լուծելուն իրեն օգնել է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը:

Վանաձորն ունի ավելի քան 100 000 բնակիչ եւ, ըստ հավաստի տեղեկությունների, քաղաքում շուրջ 6000 հոգի գրանցված է տարբեր կրոնական կազմակերպություններում, գործում է 10 աղանդավորական կազմակերպություն, որոնցից առավել տարածված են Ավետարանչականները, Եհովայի վկաները եւ Մորմոնները:

«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության (հավատացյալների խոսքով՝ եկեղեցու) մասին այնքան էլ շատ չի խոսվում, բայց այն շատ հետեւորդներ ունի ամբողջ Հայաստանում:

Մեր զրուցակից Արթուրը իր՝ «Կյանքի խոսքին» անդամակցելն այսպես է բացատրում. «Այստեղ ես գտա իմ շատ հարցերի պատասխանները: Այստեղ ինձ դուր է գալիս մատուցման ձեւը. երգերը շատ պարզ են, մատչելի, ուրախ: Ինձ ամեն ինչ շատ հասկանալի բացատրվում է. ես հասկացա, որ առանց ապաշխարության փրկություն չկա եւ ապաշխարեցի, հիմա հանգիստ եմ ու խաղաղ»:

Մարդկանց հակվածությունը եւ անդամակցությունը այս կամ այն կրոնական-աղանդավորական կազմակերպությանը՝ բացատրում է հոգեբանական գիտությունների թեկնածու Վլադիմիր Միքայելյանը. «Յուրաքանչյուր մարդ ունի հասկացված լինելու պահանջ: Քանի որ Հայ առաքելական եկեղեցին այսօր չի կատարում իր պարտականությունները եւ մարդկանց հոգեկան բավարարվածություն չի տալիս, մարդկանց այդ պահանջը օգտագործում են աղանդավորականները եւ միանգամից երկու գործ են կատարում: Նախ՝ քայքայում են Հայ առաքելական եկեղեցին, երկրորդ՝ քայքայում են մարդկանց հոգիները, քանի որ այն, ինչ կախվածություն է առաջացնում, քայքայում է եւ թույլ չի տալիս մարդուն զարգանալ»:

Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա տեր Վահան Ազարյանը գտնում է, որ Հայ առաքելական եկեղեցին աղանդների դեմ պայքարում պետք է գլոբալ աշխատանքներ սկսի պետության հետ համատեղ: «Մենք պետք է հիշենք, որ սա շատ մարդկանց համար բիզնես է, պարզապես աշխատանք: Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու կրթության, դաստիարակության ոլորտներում: Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ եկեղեցին հենց իրենք են եւ առաջին հերթին իրենք պետք է իրենց պաշտպանեն աղանդներից»:

Շատերը համոզված են, որ աղանդները օգտվում են մարդկանց անտեղյակությունից, եւ ով տեղեկացված չէ, պաշտպանված չէ աղանդների ազդեցությունից: Աղանդավորական տարբեր կազմակերպություններ Աստվածաշունչը մեկնաբանում են տարբեր կերպ: Երեւանի Սբ Սարգիս եկեղեցու քահանա տեր Հակոբ Խաչատրյանի հետ զրուցեցինք «Կյանքի խոսք» կազմակերպության մասին. «Կյանքի խոսքի» աստվածաբանական գաղափարախոսության հիմքում ընկած է բարգավաճման գաղափարը: Թեեւ նրանք ասում են, որ դավանաբանորեն չեն տարբերվում Հայ առաքելական եկեղեցուց, բայց այդ բարգավաճման գաղափարի մեջ աստվածաշնչյան հիմնական սկզբունքներից շեղումներ կան: Համաձայն այդ գաղափարի՝ մարդու կյանքը անընդհատ բարգավաճում պետք է ունենա, հավատի արտահայտությունը պետք է նյութական լինի կյանքում՝ դրամ, պաշտոնի բարձրացում, առողջության վերականգնում: Այս ամենը Աստվածաշնչի տրամաբանությունից եւ ոգուց չի բխում: Դրանք խայծեր են, որոնց շնորհիվ անձը կարող է անդամագրվել կազմակերպությանը»:

«Կյանքի խոսքի» Վանաձորի ներկայացուցիչները պարբերաբար այցելություններ են կատարում բանտեր, մանկատներ, ծերանոցներ, նվերներ տալիս եւ քարոզում՝ այսպիսով փորձելով իրենց շարքերը ներգրավել հոգեբանական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց: Ըստ հոգեբան Վլադիմիր Միքայելյանի, պետք չէ աղանդներին ազատ գործունեության հնարավորություն տալ՝ հիմնվելով մտքի, խղճի, դավանանքի ազատության սկզբունքի վրա. «Ազատությունը այն կատեգորիան է, որը զարգացման է բերում, իսկ աղանդը, զրկելով մարդուն մտածելու կարողությունից, զրկում է նաեւ զարգանալու հնարավորությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել