Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մեր շոու-բիզնեսը «պալատ» է ձգտում»

Մայիս 14,2009 00:00

Կարծում է երգիչ Աբելը

\"\"Շատերն են այն կարծիքը հայտնում, որ հայկական շոու-բիզնեսը հոգնել է ծանոթ ձայներից ու դեմքերից, որոնք երկար ժամանակ բեմերից, հեռուստառադիոեթերից միօրինակ են ներկայանում: Ոմանք էլ անհանգստության նշաններ են ցույց տալիս, թե մեր շոու-բիզնեսում նոր անուններ չկան կամ հազվադեպ են երեւում, բայց երբ նայում ենք մեր շուրջը, համահայկական ու էլի նման հնչեղ անուններով տարբեր մրցույթներին, տեսնում ենք, որ «երակը չի չորացել»:

Շուրջ 3 տարի պրոֆեսիոնալ բեմում է Աբելը (Կյուրեղյան): Հետեւելով նրա գործունեությանը եւ ազդագրերին, երբեք չենք հանդիպել հնչեղ մակդիրների՝ աստղ, սիրված կամ ճանաչված երգիչ եւ այլն: Մինչդեռ իր կոլեգաներից ոմանք անդրանիկ տեսահոլովակից անմիջապես հետո հենց իրենք իրենց են մակդիրներ «շնորհում»: «Առավոտի» ծանոթությունը Աբելի հետ կայացավ երգչի պրոդյուսերի՝ Խաչիկ Եղոյանի միջոցով: Նրա փոխանցմամբ, «Վերջին զանգ» (երաժշտության եւ խոսքի հեղինակ՝ Հասմիկ Հախվերդյան, ռեժիսոր՝ Խաչիկ Եղոյան) թվով 5-րդ տեսահոլովակը այսօրվանից կցուցադրվի տարբեր հեռուստաընկերություններով: «Աբելն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը եւ չի շտապում «թռիչքներ» կատարել»,- հայտնեց պրոդյուսերը:

Այնուամենայնիվ, դասական վոկալից Աբելին ի՞նչը բերեց էստրադա եւ չի՞ վախենում, որ աստղային անունների առատության ու խառնաղմուկի մեջ կկորչի ինքը: Այս հարցով էլ սկսեցինք զրույցը Աբելի հետ: «Դասական երգեցողության ժանրում դուք ինձ դեռ կտեսնեք, ավելի ճիշտ՝ կլսեք. հավանաբար մեկ տարի հետո կթողարկենք դասական երգերի CD»,- ասաց երգիչը: Դիտարկմանը՝ գուցե շոու-բիզնեսը ասպարե՞զ է հաճախ երեւալու, ճանաչում ձեռք բերելու համար, Աբելը նշեց, որ համակարծիք է ասվածին, սակայն դա իր համար չի ասված: Ավելացրեց նաեւ, որ իր եւ պրոդյուսեր Խաչիկ Եղոյանի աշխատաոճը ստանդարտներից դուրս է՝ կոմերցիոն նպատակ է հետապնդում. «Աշխատում ենք եկամտի 50:50 սկզբունքով, ելույթներ չեմ ունենում ոչ մի գիշերային ակումբում: Թեեւ օգտվում եմ տեղացի դիզայներների խորհուրդներից, բայց, ինչպես նկատել եք, հագուկապս դասական է, ինչը գալիս է իմ խառնվածքից»:

Հարցին՝ չե՞ք գտնում, որ արդեն կան պահանջարկ վայելող երգիչներ, որոնք «պալատական խնջույքներում» մեծ գումարներ են վաստակում, անգամ կատակում են, թե իրենց մեկ-երկու երգի վարձավճարը մի քանի անգամ գերազանցում է այս կամ այն պաշտոնյայի ամսական եկամուտը, չե՞ք ձգտում դեպի պալատ, Աբելը կատակով պատասխանեց. «Ինձ թվում է՝ մեր շոու-բիզնեսը հենց դրան է ձգտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031