Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները ստուգում են հայկական եկեղեցին

Մայիս 16,2009 00:00

\"\"Հռոմի Պապի՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարան այցելության կապակցությամբ հայկական եկեղեցու տարածքում իսրայելական ոստիկանությունն անցկացնում է ստուգումներ՝ անվտանգության նկատառումներով: Այս առնչությամբ «Հայերն այսօր»-ին գրած նամակում վրդովմունք է հայտնում Հայր Ղեւոնդը՝ նշելով. «Երբեք չի եղել այնպիսի դեպք, որ զինված մարդիկ կարողանան հանգիստ մուտք գործել մեր եկեղեցու տարածք: Հետաքրքիր է, որ նույնիսկ արաբա-իսրայելական պատերազմների ժամանակ, 40-ական եւ 60-ական թվականներին, եկեղեցին բաց չի եղել ոչ զինվորականների, ոչ էլ ոստիկանների համար»:

«Իսկ ինչ է կատարվում այսօր, երբ Հռոմի Պապը ժամանել է Երուսաղեմ: Միաբանության տարածքով կարելի է քայլել միայն ոստիկանության թույլտվությամբ: Ս. Հակոբ եկեղեցու տանիքին էլ զինված մարդիկ կան: Ստուգվում են տեղի բնակիչների տները: Եկեղեցի մտնելու համար պետք է ստուգում անցնել, ինչպես օդանավակայանում: Չգիտեմ ինչ ասել, ցավալի է»,- գրում է Հայր Ղեւոնդը:

Ըստ հոգեւորականի, եկեղեցին գտնվում է Սիոն լեռան վրա, եւ ոստիկանությանը հիանալի առիթ է ներկայացել ստուգել միաբանության բոլոր անկյունները, ինչն էլ անում են արդեն մեկ ամսից ավելի:

«Ցավալի է, որ գտնվում են մարդիկ, ովքեր պատրաստ են «կեսարին» դուր գալու համար ոտնահարել մեր սրբությունները: Ցավալի է, որ Պապի այցելությունը Իսրայելի իշխանություններին հնարավորություն է ընձեռել իրենց համար մինչ օրս անձեռնմխելի տեղեր մտնել»,- գրում է հայ հոգեւորականը՝ ցավով արձանագրելով, որ «մեր եկեղեցին զրկեցին անաղարտությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել