Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքային վեճ

Մայիս 30,2009 00:00

Մի համատիրության փաստաթղթով մեկ այլ համատիրության տարածքն են օտարում

«Առավոտի» խմբագրություն դիմած Երեւանի Բաղրամյան 25 շենքի բնակիչները հայտնում են, որ 2006թ. սեպտեմբերին «Լիազորագրային կառավարում» մարմինը պարտադիր նորմերի գործընթացը սկսելիս պայմանագիր է կնքել իրենց շենքի բոլոր սեփականատերերի, այդ թվում՝ նաեւ շենքի բնակիչ Արսեն Հարությունյանի հետ: Վերջինիս, շենքի սեփականատերերի համընդհանուր ժողովի որոշմամբ, մեկ տարի ժամկետով վարձակալության հիմունքներով տրվել է շենքի 256 քմ նկուղային տարածքը, կնքվել է պայմանագիր, իսկ մեկ տարին լրանալուց հետո՝ 2007թ. օգոստոսից, նա հրաժարվել է վճարումներից: Շենքի բնակիչները միայն վերջերս են պարզել, որ Արսեն Հարությունյանը դեռ անցյալ տարի դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով «հաստատել իր տիրապետության տակ գտնվող նկուղային տարածքը սեփականության իրավունքով տիրապետելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը»: Դատարանը՝ դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ, 21.08.2008թ. վճռել է դիմումը բավարարել եւ ճանաչել Արսեն Հարությունյանի սեփականության իրավունքը Բաղրամյան 25 շենքի 256 քմ մակերեսով նկուղային տարածքի նկատմամբ: Հետաքրքիրն այն է, որ Ա. Հարությունյանը դատարան էր ներկայացրել «Շենքի կառավարում» համատիրության կողմից տրված տեղեկանք այն մասին, որ ինքը «Բաղրամյան 25 շենքի սեփական տարածքին կից 256 քմ մակերեսով նկուղային տարածքը տիրապետում է եւ օգտագործում, վերոգրյալ տարածքը մաքրել է աղբից, բարեկարգել եւ 2002թ.-ից հանդիսանում է վերոգրյալ տարածքի վարձակալը, միաժամանակ՝ իր միջոցների հաշվին է իրականացրել նկուղի պահպանման, ամրացման ծախսերը»: Շենքի բնակիչները դատարանի վճռից են իմանում նաեւ, որ «Շենքի կառավարում» համատիրության եւ Ա. Հարությունյանի միջեւ կա կնքված պայմանագիր՝ նկուղային տարածքների վարձակալության մասին:

Խմբագրություն դիմած համատիրության անդամները գտնում են, որ Արսեն Հարությունյանը դատարան է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, քանի որ իրենց շենքի համընդհանուր սեփականություն հանդիսացող 256 քմ նկուղային տարածքը 2006թ. սեպտեմբերից պատկանում է «Լիազորագրային կառավարման տնօրինությանը», որի համասեփականատեր է նաեւ Ա. Հարությունյանը եւ հենց «Լիազորագրային կառավարում» մարմնի կողմից տրված փաստաթղթերը պետք է ներկայացվեին դատարան, այլ ոչ թե մեկ այլ՝ իրենց հետ կապ չունեցող «Շենքի կառավարում» համատիրության կողմից տրվածը: «Դատական վճռի մեջ նշված «Լեւոն» ՍՊԸ-ն դա նույն «Շառլոտ» գիշերային կաբարեն է, որը գտնվում է մեր շենքի անմիջապես տակը: Իսկ «Շառլոտ» գիշերային ակումբի տարածքի տակ գտնվում է 2-րդ նկուղը (256 քմ), որը մեր շենքի տարածքն է՝ ըստ ՀՀ հողային օրենսգրքի 64 հոդվածի եւ «Բազմաբնակարան շենքերի մասին» ՀՀ օր-ի 6-րդ հոդվածի: «Շենքի կառավարում» համատիրությունը Արսեն Հարությունյանին է տրամադրել Բաղրամյան 25 շենքի սեփականատերերի գրավոր ստորագրությունների հիման վրա կայացված օտարման որոշում, որի մասին տեղեկություն չունեն շենքի սեփականատերերը եւ որի իրավունքը նա չուներ: Ստացվել է, որ դատարանի վճռով մի համատիրության փաստաթղթով մեկ այլ համատիրության տարածք են օտարում»,- դժգոհեցին բնակիչները: Շենքի բնակիչները հայտնեցին, որ գրեթե ամենօրյա պայքարը հասել է թշնամության, նույնիսկ ծեծկռտոցի: «Անհնարին է նկուղների դռները բացել տալը, չենք կարողանում օգտվել նկուղով անցնող ջրատար խողովակներից նույնիսկ վթարների դեպքում: Քանի որ օրենսդրորեն կարգավորված չէ համատիրությունների հաշվեկշռում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, պարզ է, որ փակի տակ դրված նկուղները չէինք կարող սեփականացնել»,- ասացին բնակիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031