Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Մայիս 30,2009 00:00

\"\"Լրատվության դերը՝ անկումից դուրս գալու մեջ

Սկիզբը՝ նախորդ համարներում:

Լրագրողի, հրապարակախոսի համար նյութն ուսումնասիրելու նպատակով տեղեկություններ քաղելը ամենեւին հեշտ գործ չէ: Հաճախ այն լրագրողից հետախույզի ունակություններ է պահանջում: Օրինակ, ինձ շատ է հետաքրքրում կալանավայրերում տիրող իրավիճակը: Երբ այս ոլորտի պատասխանատու այրերից մեկին առաջարկեցի հնարավորություն տալ անմիջականորեն ուսումնասիրելու համար կալանավորի տեսքով տեղավորել բանտում, հեգնական ժպտաց, ասելով, որ դա նույնիսկ անցանկալի է: Ես լրագրողական իմ գործունեության ընթացքում միշտ ձգտել եմ ճշմարտությունը բացահայտելու եւ այն ճիշտ ներկայացնելու նպատակով անպայման լինել իրադարձության վայրում, իրադարձության մասնակիցների մեջ, բացահայտել երեւույթը: Դա էր պատճառը, որ ես, ասենք, պատերազմի տարիներին հաճախակի ռեպորտաժներ էի պատրաստում ռազմաճակատի ամենաթեժ կետերից, լինում էի իրադարձությունների կիզակետերում, ինչպիսիք են Սումգայիթը, Գանձակ-Կիրովաբադը, Շուշին: Դա հերոսություն չէ, այլ աշխատանքի ոճ:

Իհարկե, ես գիտեի, թե ինչու է մերժվում զոնայում լինելու իմ առաջարկությունը: Պատճառը այնտեղ տիրող մթնոլորտն է. կոռուպցիան, անարդարությունը, բարոյական անկումը: Ես հեռու եմ այս հարցում բանտապետին կամ կալանավայրերի վարչությանը մեղադրելու մտայնությունից: Խնդիրն իրականում այլ տեսադաշտում է: Իհարկե, լրագրողի հայացքից թաքցնելու շատ բան կա: Ընդհանրապես, անհնար է, ասենք, որ ողջ երկրում տիրապետի բարոյական անկումը, իսկ մի ոլորտում, ասենք` կալանավայրերում կամ բանակում տիրապետի համատարած արդարությունը, վերելքը: Բոլոր ոլորտները կապակցված են իրար հետ: Սակայն այս ոլորտների մասին իրականությունը զարմանալիորեն լռության են մատնում նաեւ լրագրերը:

Ի՞նչ ուժ ունի այսօր լրագիրը: Երբ համեմատում եմ խորհրդային տարիների գորբաչովյան «վերակառուցման» ժամանակահատվածի հետ, ապա այն տարիներին մամուլի հետ որոշ առումով հաշվի էին նստում: Ինքս, որ վարում էի «Հսկում է օբյեկտիվը» հեռուստահաղորդաշարը, այսօրվա լրագրողների վիճակի հետ չեմ համեմատվի: Խոսքն այն ժամանակ ավելի մեծ ուժ ուներ: Իհարկե, կուսակցական վերնախավը ձգտում էր արգելափակել այս կամ այն հաղորդումը, հոդվածը: Մշտական պատերազմի մեջ էինք: Սակայն մեզ հետ հաշվի էին նստում թե՛ իշխանական, կուսակցական վերնախավում, թե՛ հասարակության մեջ: Մենք հնարավորություն ունեինք ազդելու հասարակական կարծիքի վրա, նույնիսկ հասարակական կարծիք ձեւավորել այս կամ այն խնդրի շուրջը: Դա ես ավելի էի զգում, մանավանդ 88-ի փետրվարյան իրադարձություններից սկսած, երբ նկարահանումներ էի իրականացնում Արցախ-ադրբեջանական հակամարտության թեժ կետերում: Նույնիսկ կուսակցական վերնախավի կողմից արգելքները չկարողացան խոչընդոտել հեռուստատեղեկությունների տարածմանը: Ժողովուրդը բազմացնում էր տեսաերիզներն ու տարածում ողջ աշխարհով մեկ:

Սակայն կոմունիստական ռեժիմին փոխարինելու եկած նոր իշխանությունները եւս չէին հանդուրժում մամուլի ազատությունն ու խոսքի ուժը: Հեռուստատեսությունում իրար արագ փոխարինելու եկող ղեկավարները ամեն կերպ արգելքներ էին դնում լրագրողների, մեկնաբանների առաջ: Հեռուստապետկոմի հերթական նախագահներից մեկը՝ Հենրիկ Հովհաննիսյանը, մեծ փորձ կուտակած հեռուստամեկնաբանների վերաբերյալ հայտարարեց, որ իրեն պետք չեն պրոֆեսիոնալ մեկնաբաններ, իրենք փողոցից կգտնեն հաղորդում վարողների… Անշուշտ, այս խոսքերից հեղափոխական նավաստու հոտ էր փչում: Մեկը մյուսի ետեւից ազատվեցին փորձառու մեկնաբանները: Ու այսօրվա հեռուստաեթերում տեսնում ենք այդ ապականման արդյունքը: Ինքս հեռուստալրագրողի, մեկնաբանի քսանամյա հարուստ փորձով շատ բան ունեի փոխանցելու նոր սերնդի մեկնաբաններին, լրագրողներին: Այսօրվա հեռուստաեթերում դեռեւս լիարժեք ռեպորտաժ չեմ հանդիպել: Լրագրողը չգիտե ռեպորտաժի արժեքը, ուժը: Մեր թերթերում, պարբերականներում բացակայում է ռեպորտաժը: Իսկ ԶԼՄ-ների ուժը հենց ռեպորտաժի մեջ է: Սակայն հեռուստաեթերի ու թերթերի մատուցած անռեպորտաժ նյութերի ավերը շարունակվում է: Խիստ ցածր է ՀՀ տասնյակ բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետներում մասնագիտական կրթության որակը: Թվում էր, թե մայր բուհի ժուռնալիստիկայի ֆակուլտետը պետք է վեր կանգնած լինի այս համատարած ավերից եւ օրինակ հանդիսանա նմանատիպ ֆակուլտետներ ունեցող մյուս պետական ու մասնավոր բուհերի համար: Սակայն այստեղ տարիների ընթացքում դասախոսելու են ընդունել միմիայն տեսական գիտելիքներ ունեցող մասնագետների: Իսկ ուսանողն իրականում կարիք ունի փորձառու ռեպորտյորի: Ինչպե՞ս գրել ռեպորտաժ, ինչպե՞ս նայել, ինչպե՞ս տեսնել, ինչպե՞ս վերարտադրել եւ այլն: Սրանք քայլեր են, որոնք պետք է աստիճանաբար ընկալեն եւ յուրացնեն ուսանողները: Անշուշտ, հեռուստառեպորտաժը մասնագիտական այլ մոտեցում է պահանջում: Ես ցավով էի նկատում, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տեխնիկական բավարար հագեցվածության պայմաններում ուսանողը քիչ բան է յուրացնում: Թերի է նաեւ ուսանողների ընտրության համակարգը, որը բանասիրական ֆակուլտետի քննություններից քիչ է տարբերվում: Իսկ իսկական լրագրողի ճակատագիրը այստեղ է որոշվում: Քանի որ այն ստեղծագործական մասնագիտություն է, նախ պետք է հնարավորություն տալ բազմափորձ մասնագետներին մասնակցել ընտրության գործընթացին, օգնել ընտրելու բնությունից օժտվածներին, ստեղծագործելու ունակներին:

Ինչ վերաբերում է լրագրողի խոսքի նշանակությանն ու նրա կոնկրետ ազդեցությանը, ապա, ըստ իս, ընդունված օրենքները լիարժեք չեն գործում, ուստի էլ թերի են մշակված: Լրագրողի խոսքը պետք է օրենքի ուժ ունենա, իսկ օրենքը, իր հերթին, հարգվի, կյանքի կոչվի: Արդեն հայտնվել ենք լրագրողների նկատմամբ բռնի ուժ գործադրող, ահաբեկչության ենթարկող երկրների թվում: Այս դեպքում մերկացվել կամ պատժվե՞լ է պատվիրատուն, որը ամենեւին էլ անհայտ չի, ու իրավապահ մարմինները լավ գիտեն դա: Այս պայմաններում պետք է լրագրողը պաշտպանված լինի նաեւ օրենքի ուժով: Եթե իրավապահ մարմիններն ի զորու չեն պաշտպանելու լրագրողի իրավունքները, նրա գոյության իրավունքը, ապա լրագրողները պետք է իրենք համապատասխան հասարակական կարծիք ձեւավորեն ու հանրության ուժով պաշտպանեն իրենց: Երկրի ցանկացած քաղաքացի պետք է իր հերթին պաշտպանված զգա լրագրողի անտեղի մեղադրանքներից, բարոյահոգեւոր վնասներ պատճառելուց: Նույն ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողը, այդպես էլ չսովորելով, թե որն է լրագրողի գլխավոր պարտականությունը, հայտնվելով որոշ հայհոյախոս թերթերի խմբագրություններում, աջ ու ձախ սեւացնում է, պախարակում, հայհոյում: Իհարկե, նման թերթերում դա շատ անգամ ավելի է գնահատվում, քան թե ճշմարիտ ռեպորտաժը: Նրա ամսական աշխատավարձը հասնում է 3000 $-ի, մյուս թերթերի տված 200$-ի դիմաց:

Լրագիրը, ռադիոն, հեռուստատեսությունը, համացանցային պարբերականները շատ բան կարող են անել մեր հասարակության բարոյահոգեւոր վերելքի գործում: Դեռ ավելին, առանց ԶԼՄ-ների ակտիվ գործունեության, առանց բարձրակարգ լրագրողների, հրապարակախոսների, մեկնաբանների՝ բարոյահոգեւոր ճգնաժամից դուրս գալն անհնար կլինի:

շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031