Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 27,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ տասներեքերորդ

 ԻՐԻԿՆԱՅԻՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ

 Եվ Ալիկն ինձ հարցրեց՝ «էլի ստավկա ե՞ս դնում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «պատահում ա», եւ Ալիկը հարցրեց՝ «ո՞ւմ վրա ես ստավկա դնում», եւ ես ասացի՝ «էսօր «Բարսելոնայի» վրա եմ դրել», եւ Ջավախյանը ծիծաղելով Ալիկին ասաց՝ «դու Լեւոնի վրա ես ստավկա դրել, Արմոն էլ՝ «Բարսելոնայի» վրա», եւ Ալիկը թարս նայեց Ջավախյանին ու ինձ ասաց՝ «շատ ճիշտ ես արել. վերջերս «Բարսան» էլի սկսել ա լավ խաղալ», եւ ես ժպտալով ասացի՝ «բասկետբոլի՛ «Բարսելոնայի» վրա եմ դրել», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, շատ ես խորացել», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «ամեն մեկս մի գծով խորացել ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ամեն մեկս մի ձեւով ընտանիք ենք պահում», եւ Ալիկն ինձ հարցրեց՝ «գոնե մեկ-մեկ կրո՞ւմ ես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ես չեմ կրում, բայց իմ մեջի տականքները կրում են», եւ Ալիկը ծիծաղելով հարցրեց՝ «ի՞նչ են կրում», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «քարուավազ», եւ Ալիկը թարս նայեց Ջավախյանին ու ինձ հարցրեց՝ «ինչքա՞ն են կրում», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ կարա ասեմ», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «խի՞ չես կարա ասես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ ասեմ, կարող ա դու էլ բանուգործդ թողես՝ սկսես ստավկեք դնել», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «ամեն մարդ պիտի իրա գործով զբաղվի», եւ Ալիկը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «դու սուս», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «խի՞. կարող ա՞ ձայնազուրկ եմ», եւ Ալիկն արհամարհանքով նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ձայնազուրկ չես, բայց էդ չի նշանակում, որ սաղիս տեղը պիտի խոսաս», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ես ե՞րբ եմ խոսացել», եւ Ալիկն ապշահար հարցրեց՝ «դու չե՞ս խոսացել», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «չեմ խոսացել. ընդամենը քո հարցերին եմ պատասխանել, Արզումանյան ջան», եւ Ալիկն ապշահար հարցրեց՝ «ես ե՞մ քեզ հարց տվել», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «ոչ թե՝ հարց, այլ՝ հարցեր», եւ Ալիկն ապշահար ինձ նայեց ու ասաց՝ «էս մարդը լրիվ շառ ա», եւ Ջավախյանը ժպտալով Ալիկին ասաց՝ «դե լավ, հարցեր չես տվել. ես եմ ինձ-ինձ պատասխանել», եւ Ալիկը ծիծաղելով Ջավախյանին ասաց՝ «դե լավ, քեզ հարցեր տվել եմ, բայց թող մի քանի հարց էլ Արմենին տամ», եւ Ջավախյանն Ալիկին ասաց՝ «տո՛ւր. չուզողը ե՛ս թող ըլնեմ», եւ ես Ալիկին հարցրի՝ «ի՞նչ հարց ես ուզում տաս», եւ Ալիկը նայեց Ջավախյանին ու նեղսրտած ասաց՝ «էս մարդը չի թողում մարդավարի խոսանք. խանգարում ա», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «ես ո՞նց կարամ խանգարեմ. ես քո շրջապատի մեջ լրիվ թազա մարդ եմ, Արզումանյան ջան», եւ Ալիկը ծիծաղելով ասաց՝ «թազա ես, բայց քեզ ընենց ես պահում՝ ոնց որ ամենահինն ըլնես», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «էդ մինը շատ ճիշտ ասիր. ես շատ հին մարդ եմ ու հեղափոխությունից էլ շատ եմ հեռու», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «բայց լավ էլ զաբոռ ես ջարդում», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «զաբոռ ջարդելու համար առանձնապես խելք հարկավոր չի» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «ես իմ մտածողությամբ շատ հին ու շատ պահպանողական մարդ եմ, բայց համաշխարհային հեղափոխություններից ավելի շատ գաղափար ունեմ, քան՝ էս իրեքդ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան չըլնի՝ կրթությամբ ու մասնագիտությամբ պատմաբան եմ», եւ Վահանը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ես միշտ մոռանում եմ, որ կրթությամբ ու մասնագիտությամբ պատմաբան ես», եւ Ջավախյանն ասաց՝ «դրա համար էլ ամեն անգամ հիշացնում եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մի վախտ պատմության ու քաղաքականության մեջ շատ էի խորացել, բայց հետո յան տվի», եւ Վահանը հարցրեց՝ «բա խի՞ յան տվիր», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ շատ փիս վախացրին», եւ Ալիկը Ջավախյանին հարցրեց՝ «ո՞վ վախացրեց», եւ Ջավախյանը ժպտալով Ալիկին հարցրեց՝ «պատասխանե՞մ, թե՞ չպատասխանեմ», եւ Ալիկը քմծիծաղով ասաց՝ «ոնց ուզում ես», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «կպատասխանեմ, բայց հետո չասես՝ հարց չես տվել», եւ Ալիկը շփոթված ասաց՝ «ուզում ես պատասխանի, չես ուզում՝ մի պատասխանի», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «էդ արդեն ի՛մ իրավունքն ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կարեւորն էն ա, որ արդեն հարց ես տվել», եւ Վահանը Ջավախյանին ասաց՝ «մարդը հարց ա տվել. պատասխանելո՞ւ ես, թե՝ չէ», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «ճիշտն ասած՝ մոռացա ինչ հարց տվեց», եւ Վահանն ասաց՝ «հարցնում էր՝ ո՞վ վախացրեց», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչը ով վախացրեց», եւ Վահանն ասաց՝ «ասում էիր, որ պատմության ու քաղաքականության մեջ շատ էիր խորացել, բայց վախացրին. հարցնում ա՝ ո՞վ վախացրեց», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «կագեբեն», եւ Վահանը զարմացած հարցրեց՝ «ո՞ր կագեբեն», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «բանակի», եւ Վահանը հարցրեց՝ «ո՞ր բանակի», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «սովետական բանակի», եւ Վահանը հարցրեց՝ «կագեբեն ո՞նց վախացրեց», եւ Ջավախյանը սկսեց՝ «բանակ տեղը կապծյորչիկ էի, ու որ ազատ ժամանակս շատ էր, Մարքսի աշխատություններն էի ուսումնասիրում», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «Մարքսի աշխատություններն ուսումնասիրելու համար ա՞ կագեբեն վախացրել», եւ Ջավախյանը ժպտալով Ալիկին ասաց՝ «հարց ես տվել, թող մարդավարի պատասխանեմ, Արզումանյան ջան», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «համբերությամբ լսում եմ», եւ Ջավախյանը շարունակեց ու պատմեց՝ «որ Մարքսի ու մարքսիզմի մեջ շատ խորացա, ու որ ազատ ժամանակս էլ շատ էր, ինձանի անկախ սկսեցի ինքնուրույն աշխատություն գրել», եւ Վահանը հարցրեց՝ «պատմակա՞ն», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի շուտ՝ քաղաքական» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «այսինքն, հետո՛ իմացա, որ էդ աշխատությունս համ էլ քաղաքական ա», եւ ես հարցրի՝ «ո՞նց իմացար», եւ Ջավախյանը նեղսրտած ասաց՝ «թողում ե՞ք, որ ասեմ», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «թողում ենք. ասա», եւ Վահանը հարցրեց՝ «հետո՞», եւ Ջավախյանը շարունակեց՝ «արդեն երեսուն թե քառասուն էջ խորացել ու գրել էի, մին էլ խաբար արին, թե՝ զամպալիտը քեզ կանչում ա. գնացի մոտը, զամպալիտը, անումն Անդրեեւ էր, ասեց, որ էդ գրածներս տամ իրան, ու որ տարա տվի՝ ասեց՝ ազատ ես, կարաս գնաս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց, եւ Վահանը հարցրեց՝ «հետո՞», եւ Ջավախյանը շարունակեց՝ «էրկու օրից մեր չաստի կագեբեշնիկն ինձ իրա մոտ կանչեց ու երկարբարակ բացատրեց, որ էդ գրածս մաքուր հակասովետական մատերիալ ա, ու ինձ շատ խիստ զգուշացրեց, որ կարան վրես գործ սարքեն ու դիսբատ նստացնեն, բայց էս անգամ ներում են», եւ Վահանը հարցրեց՝ «իսկականից հակասովետական բաներ էի՞ր գրել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մտքովս հեչ չէր էլ անցել, որ հակասովետական բաներ եմ գրել, բայց էդ կագեբեշնիկը որ մանրամասն բացատրեց, համոզվեցի, որ էդ աշխատությունս ծերից ծեր հակասովետական ա», եւ Վահանը հարցրեց՝ «ինչո՞վ էր հակասովետական», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, ինձանի անկախ ապացուցել էի, որ Լենինը մարքսիզմից ահագին շեղվել ու հեռացել ա», եւ Ալիկը հարցրեց՝ «էդ աշխատությունդ ռուսերեն էի՞ր գրել», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «չէ՝ հայերեն», եւ Ալիկը հարցրեց՝ «բա ո՞նց էին հասկացել», եւ Ջավախյանն ասաց՝ «զամպալիտի տեղակալը մի հատ բաքվեցի հայ աֆիցեր էր. էդ բաքվեցին էր զամպալիտի ու կագեբեշնիկի համար բառ առ բառ թարգմանել», եւ Ալիկը հարցրեց՝ «էդ ո՞ր թվի բան ես պատմում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «յոթանասուն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կամ՝ յոթանասունմեկ», եւ Վահանը ծիծաղելով Ջավախյանին ասաց՝ «փաստորեն, Պարույրի չափ դիսիդենտական ստաժ ունես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Պարույրի կենսագրությունը լավ չեմ ուսումնասիրել» եւ մի քիչ էլ մտածեց ու շարունակեց՝ «չնայած էդ կագեբեշնիկն ու զամպալիտն առանձին-առանձին ինձ շատ փիս վախացրին, բայց դրանից հետո զամպալիտն ինձ շատ հարգանքով էր վերաբերվում ու ամեն ինձ տենալուց չեստ էր տալի ու քթի տակ խնդմնդալով հարցնում էր՝ կա՞կ ձելա, տավարիշ Ջավախյան», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «Լենինը ո՞ր հարցերում ա մարքսիզմից շեղվել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ հարցերում», եւ Ալիկը հարցրեց՝ «օրինակ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի լավ չեմ հիշում, բայց էդ աշխատությանս մեջ մեկ առ մեկ թվարկել ու ապացուցել էի», եւ Վահանը Ջավախյանին հարցրեց՝ «հիմի էդ աշխատությունդ կա՞», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի կըլնի», եւ Վահանը հարցրեց՝ «կտա՞ս կարդամ», եւ Ջավախյանը զարմացած ասաց՝ «հո մոտս չի՞, որ տամ», եւ Վահանը հարցրեց՝ «բա որտե՞ղ ա», եւ Ջավախյանը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «սովետական բանակի արխիվում», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «ափսոս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտն ասած, իմ ափսոսն էլ ա գալի. պատրաստի դիսերտացիա էր, մնում էր՝ պաշտպանեի», եւ Ալիկը հարցրեց՝ «որ հակասովետական էր՝ ո՞նց կպաշտպանեիր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էնքան հակասովետական չէր՝ ինչքան իրանց էր թվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բանակի մարդիկ գրի հանդեպ չափից ավելի զգուշավոր են», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես զգացել», եւ Ջավախյանն ասաց՝ «հիմի էլ որ էդ աշխատությունս տպեի՝ էլի երեւի հետաքրքրությամբ կկարդացվեր», եւ Վահանը հարցրեց՝ «բա խի՞ չես տպում», եւ Ջավախյանն ասաց՝ «ասում եմ՝ էդ աշխատությունս իրանց մոտ մնաց», եւ Վահանը ժպտալով հարցրեց՝ «չես կարա՞ հիշելով նորից գրես», եւ Ջավախյանը միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «մի շնչով գրած գործ էր. որ ուզենամ էլ՝ չեմ կարա հիշելով վերականգնեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իսկական ստեղծագործություն էր. իսկական ստեղծագործությունը հնարավոր չի հիշելով վերականգնել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իսկական ստեղծագործությունը մի անգամ մի շնչով գրվում ա ու՝ վերջ», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «գոնե հիշեիր՝ Լենինը մարքսիզմի ո՞ր կետերից ա շեղվել», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «ես հիմի հեչ մարքսիզմի կետերը չեմ հիշում, ուր մնաց հիշեմ՝ Լենինը որ կետերից ա շեղվել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մենակ էն եմ հիշում, որ էդ կագեբեշնիկը զամպալիտին ասել էր, որ էդ աշխատությունիցս հարավսլավական ռեւիզիոնիզմի հոտ ա փչում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «դրանից հետո զամպալիտն ինձ որ տենում էր, չեստ էր տալի ու խնդալով հարցնում էր՝ գործերդ ո՞նց են, հարավսլավական ռեւիզիոնիստ», եւ Վահանը ծիծաղելով հարցրեց՝ «հարավսլավական ռեւիզիոնիզմը ո՞րն ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ դեպքից հետո պատմությամբ ու քաղաքականությամբ չեմ զբաղվել», եւ Վահանը ժպտալով հարցրեց՝ «զաբոռ ջարդելը քաղաքականությամբ զբաղվել չի՞», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նախ՝ էդ զաբոռն անձամբ չեմ ջարդել, երկրորդ՝ զաբոռ ջարդելը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի», եւ Վահանը ժպտալով հարցրեց՝ «բա ինչի՞ հետ կապ ունի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, թնդանոթի միս էի աշխատում», եւ Ալիկը ժպտալով մատուցողուհուն ձայն տվեց ու ասաց՝ «մեր հաշիվը բերեք» եւ մի քիչ մտածեց ու մեզ ասաց՝ «ես էլ եմ շատ հոգնած», եւ Ջավախյանն ասաց՝ «փաստորեն, բանտից դուս ես էկել ու գնացել ես Լեւոնի էդ հանդիպմանը», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «հա», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «սկառաբլյա նա բա՞լ», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «լավ էլ ռուսերեն գիտես», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «ռուսերենիցս առանձնապես դժգոհություն չունեմ, Արզումանյան ջան», եւ Վահանը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «էդ աշխատությունդ կարայիր ռուսերեն էլ գրեիր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ռուսերեն գրած ըլնեի, հիմի դժվար թե հետներդ ըսենց նստած ըլնեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իմ բախտից, զամպալիտի տեղակալ էդ բաքվեցի հայը հայերեն տառերն իրարից մի կերպ էր ջոկում», եւ Վահանը հարցրեց՝ «որ հայերեն չգիտեր, ո՞նց ա գրածդ հասկացել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հայերեն նորմալ հասկանում ու իրանց ակցենտով էլ շատ նորմալ խոսում էր, բայց էդ գրածս մի կերպ՝ գիրկապ անելով էր կարդում», եւ Ալիկը նորից մատուցողուհուն ձայն տվեց ու ասաց՝ «մեր հաշիվը բերեք», եւ երբ մատուցողուհին հաշիվը բերեց, եւ երբ Ալիկը նայեց հաշվին ու մի քսանհազարանոց դրեց հաշվի գրքույկի մեջ, Ջավախյանն Ալիկին հարցրեց՝ «էս որոշեցիր հաշիվը դու փակե՞ս», եւ Ալիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քիչ անարդար ա», եւ Ալիկը հարցրեց՝ «ի՞նչն ա անարդար», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համ մեր տեղակ բերդ նստես, համ էլ հաշիվ փակե՞ս», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «թե շատ ես ուզում՝ կարաս դո՛ւ փակես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես որ փակեմ՝ ավելի անարդար կըլնի», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «խի՞ պիտի անարդար ըլնի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քանի պատճառով», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «օրինակ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մենք մոտիկացանք ձեր սեղանին, դուք Տիկոյանց հետ արդեն պիվա ու ահագին զադ էիք վերունել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց գլխավոր պատճառն էդ չի», եւ Ալիկը հարցրեց՝ «բա ո՞րն ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ով որ խոսակցությունն իրա ուզած հունով ա տանում՝ էն էլ պիտի սեղանի հաշիվը փակի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ով որ մյուս սեղանակիցների վրա վերխ ա վեկալում՝ ի՛նքը պիտի սեղանի հաշիվը փակի», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա վերխ վեկալել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու», եւ Ալիկն ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ վրա եմ վերխ վեկալել», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մանավանդ՝ իմ», եւ Ալիկը զարմացած ասաց՝ «ես քեզ առաջին անգամ եմ տենում. ո՞նց կարող ա վրեդ վերխ վեկալեմ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «ես էլ քեզ եմ առաջին անգամ տենում, դրա համար էլ մի քանի անգամ ատվետդ չտվի», եւ Ալիկը շիվարած ասաց՝ «էս մարդը լրիվ շառ ա», եւ Ջավախյանը ժպտալով Ալիկին հարցրեց՝ «էդ որ ասում ես շառ եմ՝ էդ վերխ վեկալել չի՞», եւ Ալիկը նեղսրտած ասաց՝ «ստիպեցիր, որ ասեմ», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «նախորդ անգամն էլ էի՞ ստիպել», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ նախորդ անգամ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «մինչեւ էս էլ ինձի մի անգամ շառ ասիր», եւ Ալիկը վրդովված ասաց՝ «հիմի ասածդ ի՞նչ ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ամեն ինչ ճիշտ ա», եւ Ալիկը վրդովված հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «հաշիվը փակելդ», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես առանց էդ էլ հաշիվը փակում եմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ դու ճիշտ մարդ ես, Արզումանյան ջան», եւ Ալիկը ծիծաղելով Ջավախյանին ասաց՝ «մի քիչ էլ որ շարունակես՝ փողս հետ կվերցնեմ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «Աստված ոչ անի՝ տհենց բան անես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ տհենց բան անես՝ էդ հաշիվն իմ վրեն ա մնալու», եւ Վահանը Ջավախյանին հարցրեց՝ «խի՞ ա քո վրեն մնալու», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ քեզ ու Արմոյին թվում ա, թե էդ արծաթիս գործից ամսական հազարից ավել եմ առնում», եւ էդ պահին մատուցողուհին մոտեցավ ու հաշվի գրքույկը սեղանից վերցրեց, եւ Ջավախյանը մատուցողուհուն անսպասելի ասաց՝ «մի հատ էդ գրքույկը տուր, աղջիկ ջան», եւ երբ զարմացած մատուցողուհին գրքույկը տվեց Ջավախյանին, Ջավախյանը գրքույկը բաց արեց, ուշադիր նայեց ու անմիջապես մատուցողուհուն վերադարձնելով ասաց՝ «մերսի, աղջիկ ջան», եւ երբ մատուցողուհին գնաց, զարմացած Ալիկը Ջավախյանին հարցրեց՝ «էդ հաշիվն էի՞ր ստուգում», եւ Ջավախյանը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «ուզում էի տենամ՝ լվացա՞ծ փող էր», եւ Ալիկը ծիծաղելով հարցրեց՝ «տեսա՞ր. լվացա՞ծ էր», եւ Ջավախյանը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «համ լվացած էր, համ էլ՝ հարթուկած», եւ բոլորս ծիծաղեցինք, եւ Ալիկը լրջանալով ասաց՝ «Աստված չանի՝ մեկնումեկիդ վրա էդ տեսակ շառ անեն», եւ երբ քիչ անց մատուցողուհին գրքույկը վերադարձրեց ու գնաց, Ալիկը գրքույկը Ջավախյանին տալով ասաց՝ «առ՝ ստուգի», եւ Ջավախյանը գրքույկի միջի թղթադրամները հաշվելով ու գրքույկն Ալիկին վերադարձնելով ասաց՝ «ուզում էի ստուգեմ՝ ի վիճակի կըլնեի՞ էդ հաշիվն անձամբ փակեմ», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «ի վիճակի կըլնեի՞ր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ահագին խղճով են հաշվել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի ճանաչել են» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «երեւի մտածել են՝ առանց էդ էլ տուժած մարդ ա», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «ես ինձ տուժած չեմ համարում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ քեզ տուժած չես համարում, էդ չի նշանակում, թե՝ տուժած չես», եւ Ալիկը թղթադրամները գրքույկից հանելով ասաց՝ «շատ էլ ճիշտ հաշվել են», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտը հենց խղճովն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Տիկոյանց հետ պիվա, ֆըստըղ ու ահագին զադ էիք վերունել», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ասե՞մ պիվա բերի», եւ Ջավախյանն ասաց՝ «պիվի հետ վաբշե գլուխ չունեմ, Արզումանյան ջան» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «վերջերս էլի ցիստիտս շատ ուժեղ զգացնել ա տալի», եւ Ալիկը փռթկացնելով ասաց՝ «էս մարդը լրիվ ցիրկ ա», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «սեղանի հաշիվը որ արդեն փակել ես՝ դրա համար էլ ատվետդ չեմ տալի», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «կարաս արխային ատվետս տաս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես օրենքները հարգող մարդ եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ՝ չգրվա՛ծ օրենքներն եմ հարգում», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ամեն դեպքում՝ ուրախ եմ, որ ծանոթացանք», եւ Ջավախյանն ասաց՝ «ես ավելի եմ ուրախ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չնայած… երեւի զահլեդ շատ տարանք», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «ընդհակառակը. ձեր հետ որ խոսացի՝ ահագին թեթեւացա», եւ Ջավախյանն ասաց՝ «մենմեն էլ դու պիտի քաղաքականությունից հանգստանաս, Արզումանյան ջան», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց ինչ էլ խոսում ենք՝ քաղաքականություն ա ստացվում», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «հարավսլավական ռեւիզիոնիզմ», եւ ես ասացի՝ «մենք քաղաքականությունից փախնում ենք, բայց քաղաքականությունը մեզնով լավ էլ զբաղվում ա», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քաղաքականությունից փախնելու վարիանտ չկա», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «վարիանտ շատ կա՝ բա՛դ չկա», եւ Ալիկը հարցրեց՝ «այսինքն», եւ Ջավախյանն ասաց՝ «էն վախտերը գոնե մենմեն քսան դոլար էին տալի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հիմի մենակ հրավիրատոմս են տալի», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «հիմի որ քսան դոլար տան՝ քաղաքականությամբ կզբաղվե՞ս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իննսունվեց թվի քսան դոլարն էսօրվա հինգ հարուրի չափ ուժ ուներ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էսօր որ ամսական հինգ հարուր տան՝ կարող ա մտածեմ», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «իննսունվեց թվի իշխանությունները որ հետ գան՝ քսան դոլարն էլի հինգ հարուրի ուժ կունենա», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «փաստորեն, ուզում եք մեր ազգային դրամի վերելքը կայնացնեք», եւ Ալիկը լրջանալով ասաց՝ «իրականում՝ էդ ոչ թե վերելք ա, այլ՝ վայրէջք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ճիշտը խոստովանեմ, էս դոլարի ինֆլյացիան մեր առեւտրի վրա համարյա չի ազդում», եւ Ալիկն ասաց՝ «բայց հասարակ ժողովրդի վրա շատ ա ազդում», եւ Ջավախյանը հարցրեց՝ «խի առեւտրականը հասարակ ժողովուրդ չի՞», եւ ես ժպտալով Ջավախյանին հարցրի՝ «դու քեզ հասարակ ժողովուրդ ե՞ս համարում», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «որ ես չեմ հասարակը, բա հասարակը ո՞րն ա», եւ ես ասացի՝ «հասարակը նրանք են, ում վրա դոլարի ինֆլյացիան ազդում ա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «մարդիկ արտասահմանի իրանց բարեկամներից հարուր դոլար էին ստանում ու յոլա էին գնում, բայց հիմի էդ հարուր դոլարը կոպեկ ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, ժողովրդի մասին եք մտածում», եւ Ալիկը Ջավախյանին հարցրեց՝ «զարմանալի ա՞, որ ժողովրդի մասին ենք մտածում», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «շա՜տ ա զարմանալի», եւ Ալիկը հարցրեց՝ «խի՞ ա զարմանալի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ իմ մոտ չի ստացվում», եւ Ալիկը հարցրեց՝ «ի՞նչը չի ստացվում», եւ Ջավախյանը մեղավոր ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ժողովրդի մասին մտածելը», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «հեչ փորձե՞լ ես», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «հազար անգամ» եւ մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «ամեն անգամ հենց որ փորձ եմ անում ժողովրդի մասին մտածեմ՝ ինձանի անկախ սկսում եմ իմ մասին մտածել», եւ Ալիկը ծիծաղելով ասաց՝ «նորից փորձիր», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «փորձելը կփորձեմ, Արզումանյան ջան, բայց վախենամ՝ էլի զադ չստացվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել