Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցության պտուղները

Հուլիս 01,2009 00:00

«Ոսկե ծիրանն» ու դեսպանատները

Այս տարի «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ հուլիսի 12-19-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնը: Երեկ «Երեւան» հյուրանոցում հրավիրված ասուլիսին փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց արձանագրված համագործակցությունների մասին տեղեկատվությունը: Փառատոնի շրջանակներում Հայաստան հրավիրվող հյուրերի այցելությունները իրականացվում են նաեւ դեսպանատների միջոցով: Ներկա էին Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչ Կարաժինա Խորնեցկան, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Թոմաս Միթնախտը եւ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Ժան- Պոլ Մարտեն:

Ս. Հարությունյանը տեղեկացրեց, որ այս տարի էլ «Ոսկե ծիրանը» կիրականացնի «Մեկ օր Եվրոպայում» արտամրցութային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ամեն երեկո դիտել որեւէ լավագույն եվրոպական ֆիլմ: Հուլիսի 14-ը հայտարարված է ֆրանսիական կինոյի օր, այդ օրը կլինի նաեւ Ալան Թերզյանի նոր ֆիլմի պրեմիերան: Հուլիսի 17-ը կլինի գերմանական ֆիլմերի օր: Գերմանական ֆիլմերից հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Անդրեաս Դրեզենի «Ամպ 9», Ֆայթ Հելմերի «Աբսուրդստան» եւ 13 ռեժիսորների համատեղ ֆիլմը՝ «Գերմանիա 09»: Այս տարի «Ոսկե ծիրանը» կհամագործակցի նաեւ ճապոնական ֆոնդի հետ, ինչի արդյունքում Երեւանում կկայանա աշխարհահռչակ ճապոնացի ռեժիսոր Կոհեյ Օգուրիի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Հուլիսի 16-ին, լեհական օրվա շրջանակներում, կկայանա լեհ ռեժիսոր, լեհական դասական կինոյի ներկայացուցիչ Յեժի Սկոլիմովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Թոմաս Միթնախտը փառատոնի ամենակարեւոր եւ առանձնահատուկ միջոցառումներից համարեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որը, նրա խոսքերով՝ «Հնարավորություն կտա հայ եւ ամերիկացի ռեժիսորներին հանդիպել ու կիսել համընդհանուր գաղափարներ: Դասընթացների միջոցով հնարավորություն կտրվի հայ երիտասարդ ռեժիսորներին պահպանել եւ ավելի զարգացնել հայկական կինոյի ավանդույթները»: Կշարունակվի նաեւ «Արաբական գիշերներ» ծրագիրը, որը Եգիպտոսի եւ Լիբանանի դեսպանատների աջակցությամբ ամեն երեկո ներկայացնում է Սիրիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Պաղեստինի ռեժիսորների ֆիլմերը: «Արաբական գիշերների» համակարգող Վրեժ Քասունին արաբական ֆիլմերի նկատմամբ հետաքրքրությունը բացատրեց նրանով, որ Հայաստանում արաբական ֆիլմերը մեծ դժվարությամբ են հասնում: Իսկ փառատոնի շրջանակում ադրբեջանական ֆիլմերի բացակայության մասին փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ասաց. «Խնդիրն ավելի շուտ իրենց կողմից է, որովհետեւ նրանք չեն արձագանքում ո՛չ մեր նամակներին, ո՛չ հրավերներին, միշտ ստանում ենք անորոշ պատասխաններ՝ նույնիսկ այն ադրբեջանցիներից, ովքեր ապրում են Մոսկվայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել