Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ Է ՏԱԼՈՒ «ՈՒԹՆՅԱԿԸ»

Հուլիս 15,2009 00:00

\"\"«Մեծ ութնյակը» ցանկանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի լուծում գտնել, որը հաշվի կառնի Ադրբեջանի կենսական շահերը: Tert.am-ի փոխանցմամբ՝ day.az-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Եվրասիայի գծով ամերիկացի փորձագետ, The Heritage Foundation կազմակերպության ռուս-եվրասիական մասնաճյուղի ղեկավար Արիել Կոենը՝ մեկնաբանելով «Մեծ ութնյակի» առաջնորդների հայտարարությունը Ղարաբաղի շուրջ: Ըստ վերջինիս՝ ղարաբաղյան հակամարտությունը ամենաբարդերից է մեր մոլորակում: «Հարցն այն է, թե «Մեծ ութնյակի» առաջնորդները եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կարո՞ղ են գալ լուծման, որը ձեռնտու կլինի բոլորին: Եվ ի՞նչ կարող են «Ութնյակի» ղեկավարներն առաջարկել Հայաստանին: Օրինակ, արդյո՞ք նրանք կարող են առաջարկել ավելի խորը ինտեգրում Եվրամիությանը, ընդհուպ մինչեւ անդամագրում, որպեսզի Երեւանը մեղմի անկախության հարցով իր դիրքորոշումը: Եվ ինչպե՞ս այդ ամենին կվերաբերվի Մոսկվան»,- նշել է ամերիկացի փորձագետը: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա ռուս-վրացական հակամարտության ազդեցության մասին՝ Կոենը կարծիք է հայտնել, որ «Բաքվի, Երեւանի եւ Մոսկվայի միջեւ կապերի բարելավումը, ինչը մենք տեսնում ենք վերջին ժամանակաշրջանում, Կրեմլի ուժի ցուցադրությունն է Վրաստանում»: «Միեւնույն ժամանակ շատ բան է կախված Վաշինգտոնից, Բրյուսելից եւ եվրոպական մայրաքաղաքներից, որոնք պետք է իսկապես ներգրավվեն տարածաշրջանում անվտանգության խնդիրների «ղեկավարմանը»։ Ոչ թե ի վնաս Մոսկվայի, այլ հանուն համերաշխության Կովկասում: Առանց դրա ինչ-որ մեկը կարող է կարծել, որ իրենց կանաչ լույս են ցույց տվել տարածաշրջանում՝ բացառիկ շահերի գոտու կառուցման համար»,- եզրափակել է փորձագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել