Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԵՎԱՆԸ ՀԱՐԵՎԱՆԻ ՆՆՋԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՊԱՏ Է ՇԱՐԵԼ

Հուլիս 24,2009 00:00

\"\"Աջափնյակի թաղապետարանը Ֆուչիկի փողոցի վթարային 22 եւ 16 շենքերում բնակվող 10 ընտանիքների, անվտանգության խնդիրներից ելնելով, 1999թ. ապրիլին վերաբնակեցրեց նույն համայնքի Շինարարների փողոցի թիվ 191 մսուր-մանկապարտեզի 2-րդ մասնաշենքում: Հռիփսիմե Նավասարդյանի ընտանիքի 5 անդամներին (երկու մանկահասակ դուստրերով) վիճակահանությամբ բաժին հասավ մանկապարտեզի 1-ին հարկի մեկսենյականոց 1-ին բնակարանը՝ 41քմ մակերեսով: Սոցիալական ծանր վիճակում գտնվող այս ընտանիքը մաքրեց տարածքի աղբը, ստեղծեց պայմաններ մի կերպ գոյատեւելու համար: Վերաբնակներից մի քանիսը վաճառեցին իրենց տները: 1-ին հարկում 3 տարբեր բնակարաններ գնեց Թուրքիայում գտնվող Նազար Աբրահամյանը: Վերջինիս ծնողները օրերից մի օր մտան Հ. Նավասարդյանի ննջասենյակ, պատ շարեցին այնտեղ:

\"\"Հ. Նավասարդյանը դիմեց Աջափնյակ թաղային համայնքի ղեկավար Ռուբեն Հովսեփյանին, քաղաքապետրանին, ոստիկանություն, ՀՀ ԱԺ նախագահին: Համայնքի ղեկավարի աշխատակազմից դեռ 2008թ. նոյեմբերի 11-ին ստացվեց հետեւյալ պաշտոնական պատասխանը. «1-ին հարկում գտնվող 1-սենյականոց բնակարանի տարածքից 6քմ հարեւանի կողմից ապօրինի շինությամբ զավթելու մասին հայտնում ենք, որ ՃՇՎ բաժնի աշխատակիցների կողմից տեղում կատարված ուսումնասիրությամբ ֆիքսվել է փաստի ճշտությունը, կազմվել է վարչական իրավախախտումների մասին արձանագրություն, որը ներկայացվել է համայնքի վարչական իրավախախտումների գործերով հանձնաժողովի քննարկմանը»:

Այս հանձնաժողովն իր 741 որոշմամբ որոշում է հարեւանին տուգանել 200 000 դրամով, պարտավորեցնելով, որ տարածքը բերվի նախկին տեսքի:

Տուգանքը պետք է վճարվեր 15 օրվա ընթացքում:

Սակայն տարածքը չի բերվում նախկին տեսքի, չնայած թաղապետի կրկնակի խոստումներին, թե Աբրահամյանը ենթարկվել է վարչական տուգանքի, եւ նրան պարտավորեցվել է, որ տարածքը բերի երբեմնի վիճակին:

Երեկ Նավասարդյանի «բնակարանում» լուսանկարում պատկերված այս վիճակն էր: «Ննջասենյակում» լսելի է հարեւանի ամեն մի շարժումը, ապօրինի հայտնված պատն իր տեղում էր, եւ տիկին Հռիփսիմեի ընտանիքը, որը նախկինում ննջասենյակում ունեցել է պատուհան, զրկված է եւ այդ լույսի ու պատուհանի հնարավորությունից:

Քաղաքապետարանը դեռ այս տարվա փետրվարի 6-ին Հ. Նավասարդյանին գրավոր հավաստիացրել էր «բարձրացված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մասին»: Սակայն մինչ օրս անհաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել