Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒԲՅԵԿՏԻՎԻ՞ԶՄ, ԹԵ՝ «ԿԱՇԱՌՎԱԾ ՏԵՂԵՐ»

Հուլիս 25,2009 00:00

\"\"Ստեղծագործական քննությունների ժամանակ սուբյեկտիվ գործոնն անխուսափելի է

Օրերս «Առավոտի» խմագրություն էին դիմել արդեն երկու տարի Գեղարվեստի պետական ակադեմիա դիմող եւ իր համար անհասկանալի պատճառներով չընդունվող, 17-ամյա Արեգ Միրիջանյանը հոր՝ Կարեն Միրիջանյանի հետ: «Տղաս երկրորդ տարին է դիմում այդ ինստիտուտ՝ Կիրառական արվեստի բաժին, բավականին լավ է նկարում, նույնպես էլ քննությանն է նկարել։ Նախ, վերջին օրով, ըստ պաշտոնական հայտարարությունների, այդ բաժին դիմել էին 21 հոգի, մտնում ենք քննության, նստած են 24-ը»,- ներկայացրեց Կ. Միրիջանյանը։ Դիմորդ Արեգն էլ լրացրեց հորը. «Այս տարվա քննությունը անցավ բավականին տարօրինակ պայմաններում. նախ սա այնպիսի քննություն է, որտեղ կողմնակի անձնանց մուտքն արգելվում է, դա ստեղծագործական քննություն է, եւ ոչ ոք իրավունք չունի մտնելու եւ շրջելու։ Սակայն քննության ընթացքում մի երիտասարդ, որը դասախոսական կազմի հետ, ըստ իս՝ նաեւ ակադեմիայի հետ, բացարձակ կապ չուներ, բարձրացավ քննասենյակ, շրջեց սենյակով, անհասկանալի ինչ-որ բաներ արեց եւ գնաց»։ Ըստ Միրիջանյանների, քննությունների արդյունքները իրենց կողմից բողոքարկվել են, սակայն՝ ապարդյուն։ «Հանձնել եմ երեք քննություն՝ գծանկար, գունանկար եւ կոմպոզիցիա։ Ստացել եմ 12, 12, 11։ Երեքի արդյունքներն էլ բողոքարկել եմ, արդյունքում ոչինչ չի փոխվել, պահպանվել են իմ նույն ցուցանիշները»,- նշեց Ա. Միրիջանյանը։ Հայրը՝ Կարենը, նկատեց. «Ես ինքս արվեստի մարդ եմ եւ լավ եմ հասկանում, որ արվեստը, ստեղծագործությունը համեմատության մեջ է։ Իսկ մեզ անգամ բարձր ստացողների աշխատանքները չեն ցուցադրում։ Ես ուզում եմ համեմատել՝ ինչու մեկը 19-ը ստացավ, մյուսը՝ 20։ Գուցե իսկապես ինչ-որ բան սպրդել է, այդ պատճառով բալ ենք կորցրել, բայց մեզ համեմատելու հնարավորություն չեն տալիս, կարծես՝ պետական գաղտնիք է: Ասում են՝ այդ նկարները իրավունք չունենք ցուցադրելու… Բայց պարզից էլ պարզ է՝ ոչ թե իրավունք չունեն, այլ չեն ուզում ցույց տալ»։

Արեգի փոխանցմամբ, տեղերը եղել են 10-ը. 4-ը՝ անվճար. 6-ը՝ վճարովի. «Ամենաբարձր միավորը եղել է 48-ը՝ 16, 16, 16։ Կասկածելի է 16-երի այս համընկնումը… Ես նկարողներին եւ նրանց որակին քննության ընթացքում հասցրեցի ծանոթանալ, քանի որ հնարավորություն կար տեսնելու՝ ով ինչ է նկարում։ Բողոքարկման ժամանակ հնարավորություն ստացանք տեսնել իմ կատարած աշխատանքները միայն, որը եւս մեկ անգամ ուսումնասիրեցի ինձ հետ պարապող մասնագետի հետ։ Հարցին, թե ի՞նչն է իմ աշխատանքում սխալ, եւ ինչո՞վ են բացատրվում իմ ցածր միավորները, պատճառաբանություն չկար, քանի որ մեր կողքին կանգնած էր մասնագետ։ Եթե ես բարձրանայի առանց մասնագետի, բնականաբար ինձ կհամոզեին, որ այդ նկարը սխալ է նկարված։ Միայն կմկմացին եւ ասացին՝ դե տենց ա ստացվել։ Երբ մասնագետը նայեց աշխատանքներս, ասաց՝ գծանկարն ու գունանկարը մինիմալը 16 է»։

Կ. Միրիջանյանն ասաց. «Իմ պահանջն է՝ անկախ հանձնաժողով, այդ ինստիտուտից դուրս, որին գումարով գնել չի լինի եւ թող նա գնահատի այս տարվա քննություների արդյունքները։ Ես հստակ մի բացատրություն չեմ ստանում՝ ինչու 12։ Թող մասնագիտորեն բացատրեն՝ այս հատվածը սխալ ես արել, դրա համար մեկ միավոր ցածր, այս մասում կառուցողական սխալ ես թույլ տվել՝ դրա համար 1,5 միավոր ես կորցնում… Չկա ոչ մի բացատրություն, հրաժարվում են պատասխանելուց: Ավելի քան համոզված եմ՝ կաշառք է պտտվում այստեղ»։

Արեգի խոսքերով, քննության ընթացքում որոշ դիմորդներ արդեն պատրաստված աշխատանքերով էին ներկայացել. «Կոմպոզիցիայի քննությունը պահանջում է տեղում աշխատանք՝ որեւէ արարկայի գծագիր, չափագրում, կտրվածք ցույց տալ։ Երբ արդեն ընտրել էինք առարկան, պետք է սկսեինք չափագրումն ու լծորդումը, քննասենյակում հայտնվեցին անձինք, որոնք նախօրոք ունեին իրենց առարկան ընտրած, գծագիրը գծած եւ չափագրած։ Այդ ընթացքում նրանց քննություն վերցնողներից ոչ ոք չմոտեցավ։ Սա նշանակում է՝ նրանք գիտեն ում մոտենալ, ում ոչ… Ինձ թվում է՝ ես երբեք Գեղարվեստի ակադեմիա չեմ ընդունվի, այնտեղի դռները փակ են ինձ համար։ Այդ 10 տեղերն արդեն նախօրոք զբաղեցված են, իրենք գիտեն, թե ովքեր են ընդունվելու։ Եթե այդպես չէ, թող բոլոր աշխատանքները միասին ներկայացնեն, ինչու են թաքցնում, վախ կա՞ ներկայացնելու»։

«Առավոտը» զրուցեց նաեւ Գեղարվեստի ակադեմիայի քննական հանձնաժողովի նախագահ Հայկ Փայասրյանի հետ: Նա կտրականապես հերքեց կաշառքի մասին վարկածը: Ըստ նրա՝ նախապես պատրաստված երեխա չի եղել քննությանը. «Դա ծնողների եւ ցածր միավորներ հավաքող դիմորդների երեւակայության արդյունքն է: Նախ այնպիսի թեմաներ չեն, որ իրենք չիմանան, չէ՞ որ կա հարցաշար, կան հարցեր… Քննության ընթացքում ամեն մեկն էլ տոմս է քաշել, չի եղել այնպիսի մեկը, որ տոմս քաշած չլինի, այսինքն՝ նրա ձեռքին նախապես տոմս տրված լինի: Սա արվեստի, ստեղծագործության մրցույթ է, եւ բնական է, որ ամեն մեկին էլ կթվա, որ իր աշխատանքն ամենալավն է: Բայց կան մասնագետներ չէ՞, դիմորդը կամ դիմորդի հայրը ինչպե՞ս կարող է գնահատել իր աշխատանքը կամ որոշել, թե ինքը քանի միավորի աշխատանք է նկարել»: Հարցին, թե բողոքարկումների ժամանակ ինչո՞ւ չեն ցուցադրվում մյուս աշխատանքները եւս, պարոն Փայասրյանը պատասխանեց. «Մենք իրավունք չունենք ցուցադրել մյուս դիմորդների աշխատանքները, դա նախարարության որոշումն է, ես իրավունք չունեմ ներկայացնելու կամ համեմատելու հնարավորություն տալու ծնողին, որը միեւնույն է՝ իր երեխայի աշխատանքն է ամենալավը համարելու: Երեկ մի դիմորդ բողոքարկել էր, եւ այսօր նախարարությունից անկախ հանձնաժողով էր եկել. իջեցրեցինք այդ դիմորդի աշխատանքը, դիտեցին, արդյունքում բալը մնաց նույնը, քանի որ անկախ հանձնաժողովն էլ նույնը գնահատեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել