Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԿԵԼ ԵՄ, ՈՐ ՄՆԱՄ»

Փետրվար 04,2010 00:00

Ասում է արտերկրից հայրենիք վերադարձած դաշնակահար, Երեւանի պետական կոնսերվատորիայի դասախոս Զավեն Պարսամյանը:

«Եկել եմ որ մնամ». ահա այսպիսի հայտարարությամբ մեզ հետ իր զրույցը սկսեց ճանաչված դաշնակահար, Երեւանի պետական կոնսերվատորիայի դասախոս Զավեն Պարսամյանը, որը նույնպես հեռացել էր, ինչպես ինքն է ասում՝ Իսպանիայից հրավեր ունենալու պատճառով: Դատելով իսպանական լրատվամիջոցներից (HERALDO DE ARAGON, LA GENTE DE ARAGON եւ այլն), քանիցս  հայ դաշնակահարը ուշադրության է արժանացել ոչ միայն որպես համերգային կատարող, այլեւ՝ CITTA DI ROMA կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի վարիչ:
Հետաքրքրվեցինք՝ դժվա՞ր էր կարիերա սկսել օտար երկրում: Արվեստագետն ասաց, որ երբ 1995թ. մեկնել է Իսպանիա՝ տեղի կոնսերվատորիայի հրավերով, վաղօրոք պրոդյուսերական կազմակերպություններից մեկին ուղարկել էր նաեւ իր ձայնագրությունները. «Հետեւաբար դժվար չէր այնտեղ հաջողությունների հասնելը, մանավանդ որ՝ աշխատում էի գիտակ իմպրեսարիոյի հետ»:
Ընդ որում, Զ. Պարսամյանը որպես ժյուրիի անդամ, մասնակցել է դաշնակահարների ամենամյա միջազգային TORNEO international  de Musica  մրցույթի աշխատանքներին: Որոշ ժամանակ անց հայ դաշնակահարի անունը հասնում է Ամերիկա, եւ նա հրավեր է ստանում Մաքսվիլ քաղաքի  ST John միջազգային երաժշտական դպրոցից: Երաժիշտը մեկնում է ԱՄՆ եւ շարունակում իր գործունեությունը:
Հարցին՝ շուրջ 15 տարիների ընթացքում իր դասարանում ունեցե՞լ է հայ ուսանողներ, պարոն Պարսամյանը պատասխանեց. «Իսպանիայում՝ ոչ, իսկ Ամերիկայում դասավանդել եմ տաղանդաշատ դաշնակահարուհի Մարիամ Նազարյանին, որը, ի դեպ, ժամանակին Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ուսանել է ինձ մոտ: Ուսանողուհուս՝ որպես բարձրակարգ երաժշտի ներկայացնելու համար փաստեմ, որ նա այն եզակիներից էր, որոնք դեռ ուսանողական տարիներին բախտ ունեցան մենահամերգ ունենալ հանրահայտ «Carnegie Hall»-ում»: Զ. Պարսամյանի ներկայացմամբ, ինքը Եվրոպայում եւ Ամերիկայում մենահամերգների ժամանակ, Կոմիտասից սկսյալ, ընդգրկել է նաեւ Հարությունյան, Բաբաջանյան եւ ժամանակակից կոմպոզիտորների երկեր: Ձայնագրել է CD՝ «Carnegie Hall»-ի գլխավոր հնչյունային ռեժիսորի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Արեւմուտքում դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության նվազմանը, ինչի առիթով  մեր զրուցակիցն ասաց. «Այն, որ Արեւմուտքում դասական արվեստի ճգնաժամ է՝ այդպես է, ինչի հիմնական պատճառը, իմ խորին համոզմամբ, 16-րդ դարից սկսած եւ այսօր բարձր մակարդակի հասած նյութապաշտությունն է: Պատկերացնո՞ւմ եք՝ ԱՄՆ-ի նման երկրում գործող հարյուրավոր TV-ներից քչերն են անդրադառնում դասական երաժշտությանը… Անգամ մշակութային կրթական մակարդակը քոլեջներում  իսպառ բացակայում է: Եկեք այսօր մտածենք մեր բազմադարյա արվեստի պահպանման եւ աշխարհին ներկայացնելու մասին, ինչին պետք է ձեռնամուխ լինենք դպրոցական տարիքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել