Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՉԻ ԽԱԹԱՐՎՈՒՄ

Ապրիլ 02,2010 00:00

Այսօր Վանաձորում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը, իսկ ապրիլի 9-ին արդեն Երեւանում մրցագորգ կմտնեն նույն տարիքային խմբի հունահռոմեական ոճայինները:

\"\"

Մարզաձեւի ընդհանուր վիճակին, ֆեդերացիայի ծրագրերին ծանոթանալու նպատակով երեկ «Առավոտը» զրուցեց ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանի հետ:

– Մասնակցության եւ աշխարհագրության առումով հայտերը գոհացնո՞ւմ են ֆեդերացիային:

– Անկասկած: Մրցագորգ մտնելու են հանրապետության բոլոր մարզերի շուրջ 160 պատանի ազատ ոճային ըմբիշներ: Քանակի առումով սա վատ ցուցանիշ չէ:

– Հունահռոմեականների մասին նո՞ւյնը կասեք:

– Արդեն հայտնի է, որ այնտեղ էլ մոտ 160-180 մասնակից է լինելու:

– Որակի մասին նույնը կարո՞ղ եք ասել:

– Այս առաջնությունը պատանիների հետագա մարզական կարիերայի կերտման առումով կարեւոր դերակատարություն ունի: Դրա արդյունքներով կազմավորվելու է այդ տարիքային խմբի հավաքականը, որը սկզբում՝ Ծաղկաձորում, ապա՝ Երեւանում նախապատրաստվելու է ամռանը Սինգապուրում կայանալիք պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերի համար Լեհաստանում կազմակերպվելիք միակ վարկանիշային մրցաշարին ու դրանից մի քանի օր հետո մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Նույնը լինելու է նաեւ հունահռոմեական ոճի պատանի ըմբիշների համար, որոնք մեր չեմպիոններին ու մրցանակակիրներին որոշելու են Երեւանի «Դինամո» մարզադահլիճում:

– Այսինքն՝ նույն մարզիկներն ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ մասնակցելու են երկու պատասխանատու մրցումների՞:

– Ոչ: Այդպիսի բան չկա: Լեհաստանում սահմանված է հինգ քաշային կարգ: Սակայն երկու մրցաձեւերում մեկ երկիրը կարող է նվաճել ընդամենը երկուական ուղեգիր: Այսինքն՝ մերոնցից նրանք, ում կհաջողվի Սինգապուր մեկնելու իրավունք ձեռք բերել, առանձին ծրագրով կնախապատրաստվեն պատանիների օլիմպիական խաղերին, իսկ մյուսները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

– Իսկ պատանեկան օլիմպիական խաղերի ռեալ հավակնորդ ունե՞նք:

– Այո: Անգամ Սինգապուրում մեդալակիրներ ունենալու հույսեր ունենք: Խոսքս առաջին հերթին վերաբերում է արմավիրցի 46 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանին, որն անցած տարվա Եվրոպայի առաջնության հաղթողն է 42 կգ քաշային կարգում: Մոտավորապես նույն մակարդակի այլ ըմբիշներ էլ ունենք՝ նաեւ հունահռոմեական ոճում: Բայց ասածս չի նշանակում, թե մյուսները վատն են: Բոլորն էլ լավն են լինելու: Բայց եկեք ժամանակից առաջ առայժմ չանցնենք: Նախ, թող դեռ ուղեգիր նվաճեն: Ինչպես ասում են, օրը գա՝ բարին հետը:

– Փաստորեն, հիմա խոսում ենք հերթափոխի մասին: Այդ սերունդը ֆեդերացիային բավարարո՞ւմ է:

– Պատկերացրեք՝ այո: Անցած տարվա մի քանի պատանիներ այսօր երիտասարդական հավաքականների անդամներ են ու իրենց մասին արդեն խոսել են տալիս: Նրանք պետք է իրենց դրսեւորեն նաեւ այդ տարիքային խմբում: Եվ առիթը այս տարվա Եվրոպայի եւ աշխարհի երիտասարդական առաջնություններն են: Բայց մենք նրանց չենք ուզում շտապեցնել: Ժամանակ դեռ ունեն: Ժամանակը սեղմելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:

– Եկեք խոսենք ազգային հավաքականների մասին: Այս տարվա գլխավոր մեկնարկը ո՞րն է:

– Սեպտեմբերին Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությունը:

– Այն վարկանիշայի՞ն է:

– Ոչ: 2012 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարն սկսվելու է եկող տարվանից: Բայց թե ի՞նչ չափորոշիչներ են սահմանվելու, պարզ կլինի աշխարհի առաջնությանը զուգահեռ կայանալիք FILA-ի համաժողովից հետո, երբ կսահմանվեն բոլոր չափորոշիչները:

– Ֆեդերացիայի ներկայացուցիչները իրենց մի քանի մամուլի ասուլիսներում պնդում էին, թե մեր երկու ոճերի ազգային հավաքականները նախապատրաստվում ու պատրաստ են մեկնել Բաքվում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն, եթե սպորտից դուրս այլ հանգամանքներ չխանգարեն: Բայց վերջերս մեր օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ գերադասելի է, որպեսզի մեր հավաքականները նույն ժամանակահատվածում հանդես գան միջազգային այլ մրցաշարերում: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց:

– Մենք իսկապես լավ ենք նախապատրաստվել ու էլի պատրաստ ենք մեկնել Ադրբեջան: Բայց նպատակահարմար գտանք հրաժարվելը: Հիմնավոր պատճառաբանությունները շատ են, որոնց հիմա մեկիկ-մեկիկ անդրադառնալու անհրաժեշտություն չկա: Բայց հիշեցնեմ մի բան: Երբ Երեւանում անցկացվում էր հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, ադրբեջանցիները չներկայացան՝ հայտարարելով, իբր թե իրենք մարզումային ավելի կարեւոր ծրագիր ունեն: Խնդիրն իրենցն է, ու մենք այն չենք ցանկանում մեկնաբանել: Մենք էլ մեր ռազմավարությունն ու որոշումները կայացնելու իրավունքն ունենք, թեեւ հայտը սահմանված ժամկետներում ներկայացրել ենք FILA:

– Բայց գործող կանոնակարգի համաձայն՝ նման մրցումներին չմասնակցելու համար տուգանքներ են սահմանված:

– Բարեբախտաբար, Սամվել Կարապետյանի նման նախագահ ունենք, որը Հայաստանում ըմբշամարտի զարգացման համար ոչինչ չի խնայում եւ անում է ամեն բան, եթե չասենք՝ մի բան էլ ավելի: Տուգանքների մասին նա էլ քաջատեղյակ է: Եվ եթե որոշումը կայացվել է, ուրեմն դա էլ կվճարի: Անկեղծ ասած, Ադրբեջան մեկնել-չմեկնելը առանձնապես թեմա էլ չէ: Ֆեդերացիայի գործունեությունը պարոն Կարապետյանի հանձնարարությամբ Հայաստանում կոորդինացնում է առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանը: Նա մանրամասն ծանոթանալով բոլոր առաջարկներին, վերլուծելով ստեղծված իրադրությունը՝ նախագահի հետ եկել է այն հետեւության, որ գրեթե նույն ժամկետներում Եվրոպայի առաջնության մակարդակից ոչ պակաս միջազգային մրցումներին մասնակցելը հավաքականների անդամների մարզավիճակի վրա ազդեցություն չի ունենա: Մանավանդ որ, դրանով մարզումային գործընթացը չի խաթարվում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել