Լրահոս
Օրվա լրահոսը

Նմանեցնում է ոստիկանության գործելաոճին

Մայիս 05,2010 00:00 Share

\"\"ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Մ. Վանյանին: Պաշտպանը հայտնում է, որ իրեն հասցեագրված դիմում-բողոքներն ուղղված են ոչ միայն գործակալության, այլ նաեւ տարածքային մարմինների՝ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների դեմ: Տասնյակ բողոքներ պարզաբանում են պահանջում ինչպես գործակալության պետից, այնպես էլ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից:
Անդրադառնալով միակ երիկամով անձի՝ Ներսես Նաջարյանի օրինակին, պաշտպանը գրում է, որ նրան 2003թ. «ձախակողմյան նեֆրէկտոմիա- հեպերնեֆրոմա» են ախտորոշել, սահմանվել է հաշմանդամության 2-րդ խումբ, 2004թ. վերափորձաքննության արդյունքում նշվածին ավելացել է «աջ միակ երիկամի պիելոնեֆրիտ, քրոնիկ երիկամային անբավարարություն» ախտորոշումը եւ սահմանվել հաշմանդամության 2-րդ խումբ, այնուհետեւ 2005թ. վերոնշյալ հիվանդություններին ավելացել է «շականակագեղձի ադենոմա, դժվարամիզություն» ախտորոշումը, իսկ աջ միակ երիկամի պիելոնեֆրիտը նշվել է քրոնիկ պիելոնեֆրիտ եւ սահմանվել հաշմանդամության 3-րդ խումբ: «Չնայած անձը ձեռք է բերել այլ հիվանդություն, սակայն նրա հաշմանդամության խումբը 2-րդից փոխվել է 3-րդ: Ավելին, 2003-2009թթ. անձը, ունենալով մի շարք հիվանդություններ ու հաշմանդամության խումբ, 16.07.09թ. հերթական վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ չի ճանաչվել այն պատճառաբանությամբ, որ առկա պաթոլոգիան չի բերում անձի կենսագործունեության սահմանափակումների եւ սոցիալական անբավարարության»,- ահազանգում է ՀՀ օմբուդսմենը:
Ըստ վերջինիս՝ կամ նրան ի սկզբանե սխալ են նշանակել հաշմանդամության խումբ, կամ էլ՝ «նա անհիմն է զրկվել հաշմանդամության խմբից, որի համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»:
Ա. Հարությունյանի տեղեկացմամբ, մինչ օրս իրենց միջամտությամբ ոչ մի անձի իրավունք չի վերականգնվել եւ դրական արդյունք չի արձանագրվել, ինչը նման է ՀՀ ոստիկանության այն գործելաոճին, որ խոշտանգումների կամ ծեծի վերաբերյալ տասնյակ գրությունների կապակցությամբ Ոստիկանությունից տալիս են պատասխան այն մասին, որ դրանք չեն հիմնավորվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել