Լրահոս
Օրվա լրահոսը

Չորաթանի հոգսերը

Մայիս 12,2010 00:00

Գյուղտեխնիկայի հարցը լուծվել է, մշակույթի տան խնդիրը՝ ոչ

Տավուշի մարզի Չորաթան գյուղ տանող ճանապարհի կողքերին աշնանացանի արդեն կանաչած արտեր են: Չորաթանը ավանդաբար Բերդի տարածաշրջանի հացի շտեմարանն է: Կանաչ արտերից մի քանի կիլոմետր անդին Ադրբեջանն է, Աղդամ գյուղը, որին վերին հատվածում ադրբեջանցիները ժամանակին հեռատեսորեն մեծ ջրամբար են կառուցել եւ իրենց դաշտերը ոռոգում են: Ուրախալի է, որ չորաթանցիներն էլ անմշակ չեն թողնում իրենց տարածքները, բացառությամբ սահմանին մոտ, ազերիների դավադիր կրակոցների գոտում գտնվող եւ դրանով վտանգավոր դարձած հողերի: 550 հեկտար վարելահողից չի մշակվում 160 հեկտարը:
Արտագաղթը խնդիր է ողջ Հայաստանի եւ հատկապես սահմանամերձ բնակավայրերի համար: Չորաթանում արտագաղթը Բերդի տարածաշրջանի որոշ գյուղերի (Մովսես, Այգեձոր եւ այլն) նման մեծ չէ: 1150 բնակիչ ունեցող Չորաթանից շուրջ 100-ը ամեն տարի Ռուսաստան «խոպան» է գնում: Հարեւան Այգեձոր գյուղի մայր առվի միջոցով ոռոգվում է 22 հեկտար խաղողի, նոր հիմնած 7 հեկտար խնձորի եւ դեղձի 1 հեկտար այգի: Չորաթանը, ի տարբերություն Տավուշի մարզի շատ համայնքների, գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայան ունի, ինչը դյուրացնում է հողագործի աշխատանքը: 2007 թվականին Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրով համայնքը ստացել է հնդկական արտադրության «Սամե-603» մակնիշի անիվավոր մինի տրակտոր՝ գութանով, շարքացանով, խոտհնձիչով եւ կուլտիվատորով: 2008 թվականի ամռանը նույն ծրագրով համայնքը հացահատիկահավաք կոմբայն է ստացել: Սեփական գյուղտեխնիկայի շնորհիվ գյուղատնտեսական աշխատանքների եւ ծառայությունների գները բարձր չեն. 1 հեկտար արտհնձի համար 30 լ դիզվառելիք եւ 10 հազար դրամ է սահմանված: Ադրբեջանի հետ 5 կմ սահման ունեցող համայնքի 2009 թվականի բյուջեն 15,3 միլիոն դրամ է, որից 9,9 միլիոնը՝ պետական լրավճար: 2002 թվականից համայնքը ղեկավարող Վարուժան Բաղմանյանի խոսքերով, գյուղում խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման բարելավման ծրագրեր են իրականացվում: «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով կառուցվում է 2,5 կմ խմելու ջրագիծ: Այդ ինքնահոս ջրատարը Արծվաբերդ գյուղի մոտակայքից ջուրը կհասցնի մինչեւ Չորաթանի վերին հատված: Աշխատանքներում ընդգրկված է 60 չորաթանցի, որոնցից յուրաքանչյուրն օրական 2100 դրամ է ստանում: Ծրագրի շրջանակներում 25 տոննանոց նոր ջրամբար է կառուցվում: Մատակարարվող ջուրը կկուտակվի ոչ միայն այս, այլ նաեւ՝ գործող նույն տարողությամբ այլ ջրամբարում: Նոր ջրագծի գործարկումով կբարելավվի գյուղի հատկապես վերին թաղի ջրամատակարարումը: Ներկայումս չորաթանցիներն օրական երկու ժամ խմելու ջուր են ստանում, նաեւ օգտվում են համայնքի տարածքում գտնվող 5 աղբյուրներից: Նույն՝ «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով Բերդի համայնքների միությունը խաղողի այգիները սնուցող 500 մ ոռոգման ջրագիծ է կառուցում:
Չորաթանի ճանապարհները խճապատ են, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, սակայն Չորաթանի ամենամեծ խնդիրը մշակույթի տունն է: Շենքի տանիքը վնասվել է ադրբեջանական ռմբակոծությունից: Հսկա շինությունը կառուցվել է 1977 թվականին, այն ժամանակ հանրապետության մշակույթի նախարար, չորաթանցի Կամո Ուդումյանի նախաձեռնությամբ: Մշակույթի տանը կա Փառքի անկյուն, ուր գյուղի հերոս նահատակների՝ մշակույթի տան տնօրեն Յուրա Ուդումյանի, դպրոցի քիմիայի ուսուցիչ, Չորաթանի ինքնապաշտպանական ջոկատի առաջին հրամանատար Սերժիկ (Մելիքսեթ) Ասատրյանի, վերջինիս զոհվելուց հետո գյուղի պաշտպանությունը ղեկավարած՝ Չորաթանի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արթուր Ուդումյանի եւ Ղարաբաղում զոհված Մանվել Պապյանի լուսանկարներն են: Գյուղի ինքնապաշտպանական ջոկատի թվով 3-րդ հրամանատարը՝ համայնքի ներկայիս ղեկավար Վարուժան Բաղմանյանն է եղել:
Մշակույթի տանն է գտնվում նաեւ գյուղի գրադարանը: Գրադարանավար Անուշ Օհանյանն անհանգստացած է. տանիքից հոսող ջրերի պատճառով 10 հազար կտոր գիրքը կորստյան սպառնալիքի տակ է:
Մշակույթի «անտանիք» տան մի թեւում սահմանամերձ գյուղի մանկապարտեզն է՝ 20 սանով: Նախադպրոցական կրթօջախի ծախսերը համայնքապետարանն է հոգում, երեխաների ծնողները որեւէ վարձ չեն մուծում: Մանուկները միայն հացն են տնից բերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել