Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտությունը կարեւոր է

Մայիս 18,2010 00:00

Կարծում է Հռոմի պապը

Իտալիայի Տոսկանա քաղաքի Ֆյեզոլե Երիտասարդական նվագախմբի համերգը Հռոմի Բենեդիկտոս XVI պապին առիթ է տվել արտահայտվել երաժշտության դաստիարակչական նշանակության մասին: Գահակալության 5-րդ տարեդարձի պատվին համերգի ավարտից հետո Բենեդիկտոս XVI պապը հայտարարել է, թե երաժշտությունն ամենաարժեքավոր միջոցն է անձի ձեւավորման եւ հոգեւոր կրթության գործընթացում: Պապը գտնում է, որ դա վերաբերում է հատկապես երիտասարդությանը: «Երաժշտության ուսումնասիրությունը մեծ նշանակություն ունի ուսման գործընթացում, քանի որ դրական արդյունք է տալիս անձի զարգացման, մարդու հոգեւոր աճի ամրապնդման եւ ներդաշնակեցման գործում»- ասել է հովվապետը:
Երիտասարդ մարդիկ շատ զգայուն են կյանքի բարձր գաղափարների նկատմամբ, սակայն նրանք այդ ճանապարհին հանդիպում են բազում դժվարությունների, կարծում է պապը: Նրա կարծիքով՝ ամեն մարդ ներըմբռնողաբար ձգտում է ճշմարիտ հոգեւոր արժեքների, ինչպիսիք են, օրինակ՝ արժանապատվությունը, խաղաղությունը, արդարությունը, հանդուրժողականությունը եւ համերաշխությունը: Նաեւ բոլոր մարդիկ ձգտում են, թեեւ երբեմն շատ խճճված եւ հակասական ուղիներով, հոգեւորին եւ մտահայեցողականին՝ հավասարակշռություն եւ ներդաշնակություն գտնելու համար, ասել է հովվապետը: Նա նաեւ հայտարարել է, թե երաժշտությունը կարող է մարդկանց մտքերը եւ սրտերը բացել դեպի հոգու սահունություն եւ մարդկանց տանել դեպի բարձր գաղափարների առավել լավ ըմբռնում, բացահայտել պատկերացումը բացարձակ բարու եւ գեղեցկության մասին, որոնց վերջնական աղբյուրն Աստված է: Երգի եւ երաժշտության պարգեւած ուրախության մեջ պապը տեսնում է հավատացյալներին եւ բարի կամքի տեր բոլոր մարդկանց ուղղված կոչ՝ հույս ներշնչել մարդկությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել