Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ՉՊԻՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ

Հունիս 02,2010 00:00

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ հրավիրած ասուլիսում խոսեց Եվրոպական խորհրդարանի ընդունած 2216 բանաձեւի հետեւյալ առաջարկի մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահությունը փոխարինվի Եվրոպական Միության մանդատով: «Սրա վտանգն այն է, որ կանցնի որոշ ժամանակ, եւ անխուսափելիորեն կիրիլովները (որովհետեւ շատ են այնտեղ) կառաջարկեն ռոտացիայի ենթարկել այդ մանդատը: Եթե սա ԵՄ մանդատ է, ուրեմն ինչո՞ւ միշտ Ֆրանսիան. կարող է դա լինել Բրիտանիան, Իսպանիան, Գերմանիան եւ ԵՄ կազմում գտնվող որեւէ այլ պետություն, որը կտրականապես կխախտի Մինսկի խմբում ձեւավորված հավասարակշռությունը»,- ասաց Վահան Հովհաննիսյանը, նշելով, թե իր ասուլիսի հիմնական նպատակն է նախազգուշացնել ԱԳՆ-ին ու ՀՀ նախագահին՝ «Հիմա է պետք ջանքեր գործադրել՝ թույլ չտալու, որ այդ բանը տեղի ունենա»:

Նա նաեւ նշեց, թե Հայաստանի վրա միջազգային ճնշումներն ուժգնացել են եւ ակնհայտորեն ուժգնանալու են. «Ինչու, պայմանականորեն ասելով՝ կիրիլովները, որոնք միշտ էլ կային, առաջ նման պատվերներ չէին ստանձնում իրականացնել: Հիմա ստանձնում են, որովհետեւ իրենք տեսել են Հայաստանի ներսում 3 երեւույթ: Առաջին. ՀՀ իշխանությունները բազմիցս ապացուցեցին, որ պատրաստակամ են գնալու զիջումների, եւ դրանք նույնիսկ մեր ազգային շահերի հաշվին կարող են լինել»: Վահան Հովհաննիսյանի երկրորդ փաստարկն էր, թե նրանք տեսնում են, թե ինչպես է կառավարությունը, իշխող քաղաքական ուժերը ցանկացած որոշում՝ անկախ դրա մշակվածությունից, արդարացվածությունից, հասարակության վերաբերմունքից՝ «Բերում ու երեսի զոռով քվեարկությամբ անցկացնում են ԱԺ-ում»: Եվ հավելեց. «Իրավունք ունեն, չէ՞, դրսում գտնվող կիրիլովները ենթադրել, որ լավ, եղբայր, եթե դուք կարողանում եք ամեն ինչ անխափան անցկացնել ձեր երկրում, ուրեմն էս էլ կարող եք»: Եվ երրորդը, ըստ նրա, այն է, թե իշխանությունը չի հասկացել, որ միջազգային բեմում ուժեղ դիրք նրանք կարող են ունենալ միայն ուժեղ թիկունքի՝ իշխանությանը հավատացող հասարակության դեպքում. «Մենք այսօր այդպիսի հասարակություն չունենք»: Եվ հավելեց. «Իշխանությունները պետք է հասկանան, որ ընդդիմության ձայնը պետք է լսել, որ ընդդիմության ձայնը լսելը (հնարավոր չէ այս տերմինից խուսափել), գողականով ասած, «զապադլո» չէ իրենց համար, որ ընդդիմության ձայնը լսելը միայն ու միայն իրենց ուժեղացնում է: Ընդդիմությանը չլսելը տանում է դեպի փակուղի, տանում է դեպի անդունդ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել