Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն պրոֆեսիոնալ մոտեցում

Հունիս 03,2010 00:00

Համոզված են «Արամ Խաչատրյան» տրիոյի շնորհալի երաժիշտները

\"\"
«Արամ Խաչատրյան» տրիոն:

Օրերս Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ Պ. Չայկովսկու ծննդյան 170- ամյակին նվիրված համերգ, որի կազմակերպիչը Ա. Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտներն էին: «Տարին բուռն սկսվեց»,- խոստովանում է ճանաչված ջութակահար, տրիոյի անդամ Կարեն Շահգալդյանը, ով կրկին Երեւանում էր: Նա պատմեց, որ տարվա սկզբին մեծ համերգային շրջագայություն (մոտ 20 համերգ) է ունեցել Ռուսաստանի քաղաքներով: Շրջագայությունների մեկնել է ճանաչված ալտահար Մաքսիմ Նովիկովի հետ: Խոսելով համերգային տուրնեի մասին, ջութակահարը ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում յուրաքանչյուր համերգի: Իհարկե, թռիչքները, փորձերն ու համերգին նախապատրաստվելը շատ ժամանակ ու էներգիա են խլում՝ նկատում է Կարենը, բայց կարեւորը՝ սիրած գործով է զբաղվում: «Մի քիչ ընտանիքս է տուժում: Ի դեպ, տարվա սկզբին կրկին հայրիկ դարձա»,- շարունակում է զրուցակիցս: Կ. Շահգալդյանին ընդհանուր առմամբ գոհացրել է համերգային տուրնեն, թեեւ երաժիշտը փոքր-ինչ զարմացած է դասական երաժշտության հանդեպ ռուս հանդիսականի պասիվությամբ: Նման պասիվություն Շահգալդյանը նկատում է նաեւ Հայաստանում, ավելի շատ՝ մարզերում: Ջութակահարը ասում է, որ «Արամ Խաչատրյան» տրիոն յուրովի պայքարում է դրա դեմ, մարդկանց մեջ փորձում սեր սերմանել դեպի դասական երաժշտությունը: «Տրիոն նույնիսկ հատուկ մշակված քաղաքականություն ունի՝ բոլոր համերգները բարեգործական հիմունքներով են… Մյուս կողմից էլ, առանց ֆինանսական աջակցության, հավատացեք, շատ բարդ է աշխատել»,- ընդգծում է նա ու շարունակում, որ համաշխարհային ճգնաժամը ստեղծագործ կյանքով ապրող երաժիշտների վրա ազդել է, իրենք էլ բացառություն չեն:
«Անցյալ տարի լրացավ «Արամ Խաչատրյան» տրիոյի հիմնադրման 10-ամյակը: Տրիոյի կազմում շնորհալի երաժիշտներ են՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր) եւ Կարեն Քոչարյան (թավջութակ), եւ ես հպարտ եմ, որ արդեն երրորդ տարին է՝ ինչ միասին աշխատում ենք: Նրանք իմ լավագույն ընկերներն են: 10-ամյակին նվիրված ձայնասկավառակ թողարկեցինք, որտեղ զետեղված են Առնո Բաբաջանյանի եւ Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները»,- պատմում է ջութակահարը: Շարունակելով խոսել «Արամ Խաչատրյան» տրիոյի մասին, Կ. Շահգալդյանն ասաց նաեւ, որ տրիոն հաճախ լինում է ՀՀ մարզերի դպրոցներում եւ վարպետության դասեր տալիս տեղի դպրոցականներին եւ ուսանողներին: Երաժիշտները վերջերս համերգներով հանդես են եկել նաեւ Բուլղարիայում եւ Մեծ Բրիտանիայում: Քանի որ խոսք գնաց շրջագայության մասին, հետաքրքրվեցինք՝ սահմանն անցնելու ժամանակ հաճա՞խ են անվտանգության աշխատակիցների հետ վեճի բռնվում՝ գործիքին անփույթ վերաբերվելու պատճառով: «Ամեն անգամ սահմանում ուշադիր զննում են գործիքը: Հազվադեպ է լինում, երբ չեն խնդրում բացել պատյանը»,- ասում է Կ. Շահգալդյանը եւ կատակում, որ լավ է՝ չեն պահանջում նվագել … Զրույցի վերջում հարցրինք երաժիշտներին՝ արդյո՞ք համաձայնում են մասնակցել, այսպես կոչված՝ կորպորատիվ երեկույթներին, որոնք բավական շահութաբեր են: Կարենները միաձայն փաստեցին, որ երբեւէ չեն մասնակցել եւ չեն էլ պատրաստվում մասնակցել որեւէ ֆուրշեթի կամ խնջույքի… «Այլ հարց է, որ եթե կորպորատիվ երեկույթում համերգային պայմաններ ապահովված լինեն: Թե չէ, զուտ ուտել-խմելը դասական երաժշտության հետ կապ չունի, մենք աշխատում ենք բարձր պահել նշաձողը»,- ընդգծում է Շահգալդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել