Լրահոս
Օրվա լրահոսը

Փիրսինգը՝ 2010-ի ամենամոդայիկ զարդ

Հունիս 05,2010 00:00

 Մարմինը դակելը «փչացած» լինելու նշան չէ

Ամբողջ 1999 թվականի ընթացքում Անահիտը չի հիշում մի օր, որ տանը կռիվ չլիներ: Պատճառը Անահիտի՝ մարմինը դակելու (փիրսինգ անելու) ցանկությունն էր: Մայրն ասում էր՝ չհամարձակվես, իսկ հայրը սպառնում էր, որ տնից դուրս կանի: Բայց Անահիտի ցանկությունը՝ նմանվել իր կուռքին, այնքան մեծ էր, որ ոչ մեկին ու ոչինչ էլ հաշվի չառավ: «Ես ամեն ինչի էլ ընդունակ էի Բրիթնի Սփիրսին նմանվելու համար: Մտածեցի, մեկ ա՝ պորտիս եմ անելու, ո՞վ պետք ա տեսնի»,- պատմում է Անահիտը:
Մարմնի այդ հատվածը ծնողներից թաքուն դակելուց հետո՝ շատ երջանիկ էր զգում իրեն: Բայց խնդիրներ առաջացան, քանի որ նրա այդ զարդը շատերը սկսեցին ընկալել այլ կերպ: «Եթե նոր մարդու հետ էի ծանոթանում ու հանկարծ իմանում էր փիրսինգիս մասին, աշխատում էր հեռու մնալ ինձնից: Դա դեռ ոչինչ, ավելի ահավոր էր, երբ տղաներն էին անհամեստ առաջարկություններ անում: Իմ այդ զարդն ընդունում էին որպես փչացած լինելու նշան»,- հիշում է Անահիտը: Մի քանի տհաճ պատմություններից հետո, իր շատ սիրելի զարդը խնամքով թաքցնում էր հագուստի տակ:
 Դա 1999-ին, իսկ ի՞նչ է փիրսինգը եւ ինչպե՞ս են դրան վերաբերվում 2010-ին: Ըստ փիրսինգի եւ տատուի մասնագետ Հովսեփ Մանուկյանի՝ փիրսինգը արվում է հատուկ մետաղի՝ տիտանի միջոցով: Մինչ դակելը կատարվում է ցավազրկում, իսկ բուն պրոցեսը տեւում է ընդամենը մի քանի վայրկյան: Դակելուց հետո, սակայն, պետք է որոշ ժամանակ վերքը մշակել: Այն հարցին, թե արդյո՞ք կա տարիքային սահմանափակում, Հովսեփը ծիծաղեց եւ ասաց. «Ոչ, չկա: Նույնիսկ ծնողներն են իրենց երեխաներին բերում ու ասում. շատ ա ուզում, խնդրում եմ դակեք: Մտածում են՝ կմեծանա, կփոշմանի եւ կհանի»: Հարցրի՝ եթե փոշմանել է, ո՞վ է հանում եւ հետքեր չե՞ն մնում: Պարզվեց հանողը հենց դու ինքդ ես, նույնիսկ առանց որեւէ հետքի: Մարմնի ցանկացած մաս կարելի է դակել, իսկ թե քանի՞ հատ եւ որտե՞ղ՝ յուրաքանչյուրն ինքն է որոշում: Իսկ այն հարցին՝ արդյո՞ք փիրսինգն աչքի ընկնելու միջոց է, Հովսեփն ասաց. «Դա 2010-ի ամենամոդայիկ զարդերից է: Ինչո՞ւ են աղջիկներն ապարանջան կամ ականջօղ կրում, գեղեցկության համար, չէ՞: Նույնն էլ փիրսինգն է»:
Դակումն արժե 10 000 դրամ: Հովսեփն ինձ էլ խորհուրդ տվեց դակել քիթս, շրթունքս եւ հոնքս: Խոստացավ «ծանոթի» միջոցով դա անել ընդամենը 5 000 դրամով:
 Իսկ Անահիտն արդեն ընտանիք ունի եւ բազում նոր ընկերներ, ովքեր բոլորովին էլ սխալ կարծիք չեն կազմում նրա մասին: «Չեմ փոշմանել այդ քայլի համար: Կարեւորը՝ ամեն ինչ անցյալում է եւ ամուսնուս շատ էլ դուր է գալիս իմ փիրսինգը»,- ծիծաղում է Անահիտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել