Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ԱՆԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հունիս 05,2010 00:00

Այդպես է հոգեբանը բնութագրում մարդկանց երազները

Աշխարհում կան մի քանի բարդ հոգեբանական երեւույթներ, որոնք անընդհատ գտնվում են գիտնականների ուշադրության կենտրոնում: Այդ երեւույթներից մեկն էլ երազն է: Երազներ տեսնում ենք բոլորս, շատերը նույնիսկ կարողանում են դրանց միջոցով կանխատեսումներ անել: Օրինակ, 42-ամյա Նինան պատմում է, որ ամեն անգամ, երբ երազում տեսնում է իր մահացած մորը, ինչ-որ վատ բան է կատարվում իր ընտանիքի անդամներին: Երազների ֆենոմենը բացահայտելու համար որոշեցինք խոսել հոգեբան Ռուբեն Պողոսյանի հետ: Վերջինս նշում է, որ երազի մեջ ոչ մի հրաշք չկա: «Երազներում մենք իրականացնում ենք իրական կյանքում չիրագործած մեր ցանկությունները: Օրինակ՝ փոքրիկ երեխան իր երազում կարող է տեսնել այն արջուկին, որին երբեք չի ունեցել»,- ասում է հոգեբանը: Պետք է նշել նաեւ, որ երազներում այդ ամենը մենք տեսնում ենք որոշակի խորհրդանիշների տեսքով: «Օրինակ՝ ինձ մոտ էր եկել մի 7-ամյա փոքրիկ, ով իր երազում տեսնում էր մի դեւ, որը նրան հանգիստ չէր տալիս եւ անընդհատ վազում էր նրա հետեւից: Ծանոթանալով այդ փոքրիկի առօրյային՝ պարզվեց, որ նա խնդիրներ ունի իր ուսուցչուհու հետ, ով խիստ էր եւ նրանից պահանջում էր իր կարողություններին չհամապատասխանող գիտելիքներ: Փաստորեն՝ այդ երեխայի երազի դեւը ուսուցչուհին էր՝ փոխակերպված տարբերակով»,- պատմում է հոգեբանը: Նա նշում է, որ մենք պարզապես պետք է կռահենք, թե ինչ խորհրդանիշներով, ինչ ձեւերով դրանք կհայտնվեն մեր երազում եւ գտնելով բանալին՝ գաղտնազերծենք այն: «Յուրաքանչյուր երազի բանալին մեր մեջ է թաքնված եւ ոչ մի երազ երկնային ուժերին վերագրել պետք չէ»,- ասում է նա:
Մենք գիտենք նաեւ, որ երազների օգնությամբ մարդիկ շատ հաճախ կանխատեսումներ, գուշակություններ են անում: Հոգեբանը այս ամենը չի ժխտում: Նա ասում է, որ երազների միջոցով կարելի է կանխատեսել ինչ-որ բաներ, բայց անպայման որոշակի կենսափորձի հիման վրա: «Օրինակ՝ Մենդելեեւը իր երազում տեսավ աղյուսակը, բայց եթե նա քիմիկոս չլիներ, այդ ուղղությամբ մտածած չլիներ՝ այդ երազը չէր տեսնի»,- ասում է նա: Ինչ վերաբերում է Նինայի երազներին՝ հոգեբանը համոզմունք հայտնեց, որ մոր կենդանության օրոք ինչ-որ տհաճ բան է եղել նրանց հարաբերություններում, եւ դրանից հետո Նինան մի ճակատագրական բան է կորցրել, եւ հիմա, երբ երազում տեսնում է մորը, նրան թվում է, որ դա կարող է կրկնվել: Երբ փորձեցինք ճշտել, թե որքանով է հոգեբանի ասածը համապատասխանում իրականությանը, պարզվեց, որ, իրոք, Նինան մոր հետ վեճ է ունեցել՝ ամուսնանալու խնդրի հետ կապված: Փորձելով պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ է մարդ երազ տեսնում, պարոն Պողոսյանը ասաց, թե բա ինչո՞ւ են մարդիկ թատրոնում սեր խաղում, չէ՞ որ կարող են իրական կյանքում ապրել դա, նույն կերպ նաեւ երազն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել