Լրահոս
Օրվա լրահոսը

Հույսը միայն Իվանուշկան եւ Ալյոնուշկան են

Հունիս 05,2010 00:00

Շորաքյանդ գյուղի միակ մշտական փոխադրամիջոցը ավանակների 2 սայլն է

Շորաքյանդ գյուղը մինչ այսօր միայն «Կարգին հաղորդման» անձնակազմին է հետաքրքրել, այն էլ միայն հումորային կադրեր նկարելու համար: Այն գտնվում է Արարատի մարզի Նորամարգ գյուղից 3 կմ հեռավորության վրա եւ կարծես չինական պարսպով մեկուսացած լինի աշխարհից: Գյուղը Նորամարգի ենթակայության տակ է: Այստեղ բնակվում է 15-20 ընտանիք:
Գյուղացիների միակ կապը հարեւան գյուղի հետ ապահովում են 2 տարեց ավանակները՝ Իվանուշկան եւ Ալյոնուշկան, որոնց ծննդյան թիվը հայտնի չէ: Ավանակների սայլերը մթերում են գյուղի արտադրանքը (հիմնականում՝ կաթնամթերք) Նորամարգի ձեռներեցներին: Երբեմն նաեւ գյուղի աշակերտներին է հաջողվում օգտվել սայլից, քանի որ դպրոցը նույնպես Նորամարգում է: Հակառակ դեպքում նրանք ստիպված են լինում քայլել օրական 6 կմ՝ միայն դպրոց հասնելու եւ տուն վերադառնալու համար: Այստեղ նույնիսկ խանութ չկա, իսկ այս դեպքում ավանակները այլեւս չեն կարող օգնել, որովհետեւ նրանք միայն առավոտ վաղ են աշխատում: «Ամեն առավոտ շուտ ենք արթնանում, որ հասցնենք սայլով դասի գնալ: Եթե մի-երկու րոպե ուշանանք, արդեն պիտի ոտքով գնանք: Իվանուշկան ու Ալյոնուշկան մեզ չեն սպասում»,- ասում է 6-րդ դասարանի մի աշակերտ:
Երբ սկսվում են անձրեւային եղանակները, Շորաքյանդի միակ ճանապարհը դառնում է անանցանելի՝ նույնիսկ ավանակների համար: Սա էլ լավ առիթ է դասերից բացակայելու համար: «Նույնիսկ մենք չենք կարողանում գնալ: Միայն խիստ անհրաժեշտության դեպքում մի կերպ անցնում ենք: Էրեխեքին էլ չենք կարող ստիպելով ուղարկել: Հիմա էլ մոստն է քանդվում ու նույնիսկ վտանգավոր է գնալը»,- ասում է գյուղի բնակիչներից մեկը, ով չցանկացավ անունը նշել: Մինչ այսօր Շորաքյանդի բնակիչների դժգոհությունները միայն հասցրել է նրան, որ մի քանի տարի առաջ ճանապարհի մի փոքր հատվածում մանրաքարեր են լցրել, որպեսզի անձրեւոտ եղանակին գոնե ավանակները կարողանան «երթեւեկել»: Դե, իսկ Իվանուշկա եւ Ալյոնուշկա ամուսինները չեն զլանում եւ շարունակում են աշխատել հանուն բնակիչների բարօրության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել