Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտկոցային հիվանդություն

Հունիս 05,2010 00:00

Մարտկոցն աղբաման նետելը՝ վնասակար է առողջությանը

Օգտագործած մարտկոցներն աղբաման նետել չի կարելի: Եթե ուշադիր նայեք դրանց պիտակներին, ապա կնկատեք, որ դրանցից շատերի վրա նշված է. «Չնետել աղբաման»:
Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի բնապահպանության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Եսայանը բերում է այլ երկրների օրինակը. «Մեզ մոտ, ի տարբերություն այլ երկրների, այն կուլտուրան զարգացած չէ, որ տարբեր բնույթի աղբեր նետենք տարբեր աղբամաններ, որ դրանք վերամշակվեն, օգտագործվեն: Իսկ մարտկոցները աղբաման նետելը եւ դա այլ աղբի հետ խառնելը՝ կարող է մեծ վնաս հասցնել բնապահպանությանը եւ մարդկանց առողջությանը»: Ըստ պարոն Եսայանի, մարտկոցը պարունակում է ծանր մետաղներ՝ սնդիկի, լիդիումի աղեր, կապար, որոնք իրենց հերթին կարող են աղբանոցներում թափված աղբի հետ անցնել հողի մեջ, որտեղից սնվում են տարբեր բուսատեսակներ, որոնք էլ որպես սնունդ օգտագործում են մարդիկ՝ վնասելով իրենց առողջությունը: Մեծ վնաս է օրգանիզմին հասցնում հատկապես ծանր մետաղներից կապարը, որը, ըստ բժշկագիտական տվյալների, շատ արագ է ներծծվում արյան մեջ՝ առաջացնելով խանգարումներ նյարդային համակարգում եւ վիտամինային փոխանակման ժամանակ:
Մեր օգտագործած մարտկոցները մնացած աղբից առանձնացնելու խնդիրն առայժմ անլուծելի է: Բնապահպանության նախարարության լրատվության վարչության պետ Արծրուն Պեպանյանի խոսքերով, մարտկոցների հավաքման գործառույթով պետք է զբաղվեն մարտկոց արտադրող խոշոր ընկերությունները: Իսկ Հայաստանը, պարզվում է, մարտկոց ներմուծող երկիր է:
Շատ երկրներում է մարտկոցը ընդհանուր աղբամանը նետելը համարվում շրջակա միջավայրի աղտոտում: Իսկ, մասնավորապես՝ ԱՄՆ-ում նաեւ պատժելի է: Այնտեղի 42 նահանգներում օրենքը պահանջում է հավաքել եւ վերամշակել օգտագործած մարտկոցները: Այսպես՝ ամերիկացիները պահպանում են շրջակա միջավայրի մաքրությունն ու խթանում արդյունաբերությանը, քանի որ վերամշակող ընկերությունների համար կապարի հիմնական աղբյուրը մարտկոցներն են:

Հ. Գ. Շաբաթական ինձ մոտ կուտակվում է առնվազն չորս մարտկոց: Դրանք նետում եմ ընդհանուր աղբամանը՝ վնասելով նախ իմ առողջությունը: Այս խնդրին լուծում գտնողներին խնդրում եմ օգնել ինձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել