Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպան է եղել անչափահասը

Հունիս 11,2010 00:00

Անչափահասների շրջանում ինքնասպանությամբ կյանքին հրաժեշտ տալը ցավալի իրողություն է դարձել մեր իրականության մեջ: Հունիսի 8-ին կախվելու միջոցով կյանքին հրաժեշտ է տվել Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի 17-ամյա բնակիչ Հայկ Նավասարդյանը: Փաստի առիթով ոստիկանության Էջմիածնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հայկը ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ էր եւ Հայաստանի չեմպիոն: Առաջիկայում էլ մասնակցելու էր ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: Իսկ աշնանը զորակոչվելու էր բանակ:

Տղայի ինքնասպանության մասին լուրը ցնցել էր թե գյուղի բնակիչներին, որոնք միայն դրական խոսքեր էին ասում նրա մասին, թե հարեւան Ծիածանի դպրոցի աշխատակիցներին, որտեղ Հայկը սովորել է մինչեւ 9-րդ դասարան: «Հետո տեղափոխվեց իրենց գյուղի դպրոց: Լավ էր սովորում ու շատ լավ տղա էր: Գեղեցիկ, ամրակազմ, ատլետիկ կազմվածքով, կազմակերպված երեխա էր: Ո՞ւմ մտքով կանցներ, որ ձեռք կբարձրացնի իր վրա»,- ասաց Ծիածանի դպրոցի տնօրեն Վալերի Բաբայանը: Տնօրենի բնորոշմամբ՝ Հայկը դաստիարակված, լավ ծնողների եւ ապահովված ընտանիքի զակակ էր. «նման ընտանիքներից վատ երեխաներ դուրս չեն գալիս»:

Հոգեթերապեւտ Արմեն Կարախանյանի դիտարկմամբ՝ պատճառը կարող էր բավականին խորը թաքնված սուիցիդ նեւրոզը լինել: «Մեղավորներ փնտրել պետք չէ, պարզապես ծնողները պետք է ուշադիր լինեին եւ բուժեին երեխային, իսկ նրա սպորտսմեն լինելը եւ կամային բարձր հատկություններ ունենալը կարող է ոչ մի դեր չխաղալ, եթե արդեն տառապում է թաքնված սուիցիդ նեւրոզով»:

Անչափահասների շրջանում ինքնասպանություններն ու անցանկալի երեւույթները հնարավորինս կանխելու համար Արմեն Կարախանյանն առաջարկում է, որ դպրոցներում երեխաները գոնե տարին մեկ հոգեբանական հետազոտության ենթարկվեն: Հոգեբանները, որոնք դպրոցներում աշխատում են երեխաների հետ, Կարախանյանին այնքան էլ չեն գոհացնում: «Խնամի-ծանոթ-բարեկամ կապով դպրոց մտած, նորավարտ աղջիկներ են՝ սառած հայացքով ու ապակյա աչքերով»,- նրանց մասինն ման կարծիք հայտնեց հոգեթերապեւտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել