Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշիի մեծերը

Հունիս 12,2010 00:00

Երեկ Հայաստանի գրողների միությունում բացվեց լուսանկարիչ Բախշի Խաչատրյանի առաջին անհատական ցուցահանդեսը:

\"\"«Սա իմ ավելի քան 40 տարիների աշխատանքների ընտրանին է: 1964 թվից ես սիրահարվեցի ֆոտոխցիկին եւ սկսեցի սերս արտահայտել դիմանկարներով, բնական պատկերներով, սյուժետային կադրերով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց լուսանկարիչ Բախշի Խաչատրյանը:
Ներկայացված էր 57 աշխատանք, որոնք հիմնականում հայ մեծերի դիմապատկերներն էին՝ Հրանտ Մաթեւոսյան, Մարտիրոս Սարյան, Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Օհան Դուրյան եւ այլք:
«Նրանց հետ հանդիպումների ժամանակ միշտ լուսանկարում էի: Այդ լուսանկարները հանդիպումների հիշողություններն են: Ինձ համար ոչ միայն նրանց հանդիպելն էր հաճույք, այլեւ լուսանկարելը… Յուրաքանչյուր նկար ինձ համար թանկ է: Ոչ մի աշխատանք չեմ \"\"առանձնացնում, որովհետեւ յուրաքանչյուրի վրա ջանք ունեմ ներդրած: Եթե անգամ անձնագրի համար ես նկարում, պետք է ջանք ու սեր դնես դրա մեջ, որ հաջող ստացվի»,- ասաց Բ. Խաչատրյանը:
Բնութագրելով մեծերին նկարելու իր ջանքերը, լուսանկարիչն ասաց. «Ինձ համար նպատակ էր՝ ունենալ բոլորի դիմանկարները: Նրանց նկարներով\"\" ինձ համար ստեղծել եմ ուրիշ աշխարհ… Լուսանկարիչը եթե չստեղծեց իր աշխարհը, չի կարող կյանքն իր դիմանկարի մեջ արտացոլել»:
Հաջորդ ցուցահանդեսը լինելու է թեմատիկ՝ ղարաբաղյան թեմայով. «Քաղաքական բնույթ է կրելու, բացումն էլ կլինի հենց Ղարաբաղում»:
\"\"Բ. Խաչատրյանը հավելում է. «Մինչեւ կյանքիս վերջին վայրկյանները լուսանկարելու եմ: Դա իմ ապրելու ոգեշնչումն է»: Ցուցահանդեսին ներկա լուսանկարիչ Պետրոս Պետրոսյանը նկատում է. «Բախշիի աչքը տեսել եւ անմահացրել է այն, ինչը չես տեսնի սովորական, անզեն աչքով»: Մանկագիր Երվանդ Պետրոսյանն էլ նշում է. «Հաճելի է, որ նա բոլոր մեր մեծերին այնպես է պատկերել, ինչպես եղել են կյանքում: Ու լավ է, որ երիտասարդությունը նրանց հենց այդպես կճանաչի»:
Ցուցահանդեսը «շրջելու» է Արմավիրում, Ծաղկաձորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել