Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՓՐԿՉԻ» ՀԵՏ՝ ՉԿԱՅԱՑԱՎ

Հունիս 15,2010 00:00

Ո՞վ է թյուրիմացության մեջ գցում հասարակությանը

\"\"

Օրերս Երեւանի փողոցներում, անգամ երթուղայիններում շրջում էին խորհրդավոր արտաքինով մարդիկ. քաղաքակիրթ ձեւով մոտենում էին հասարակության տարբեր զանգվածներին, ցույց տալիս իրենց «երկնքից» ստացված բայջը, որի վրա գրված է՝ «Հանդիպում Հիսուսի հետ», համոզում, թե շուտով փրկվելու ենք… Ոչ հայաստանաբնակ անծանոթները, որոնք հայերենին լավ չէին տիրապետում, հունիսի 12-ին բոլորին հրավիրում էին «Հրազդան» մարզադաշտ, հանդիպելու փրկչի՝ Դեյվիդ Հասավեյի հետ: Կասկածելի փրկչի եւ մարդկանց մոլորությունը կանխելու պատրվակով հունիսի 9-ին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հորդորեց չգնալ այդ հավաքին, որովհետեւ, իր տեղեկություններով, այն աղանդավորական հավաք է, որը գլխավորելու է Դ. Հասավեյը, իսկ միջոցառման նախաձեռնողն էլ «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունն է:
Կարծում եմ, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի, այս դեպքում՝ տեր Շմավոնի արձագանքը, որ «յուրաքանչյուր աղանդավորական կազմակերպություն ընդամենը խառնակչի դեր է տանում՝ լինի «Կյանքի խոսքը», թե ավետարանական որեւիցե այլ կազմակերպություն, նրանց նպատակը միայն մարդկանց հեռու քաշելն է առաքելական եկեղեցուց»՝ նորմալ էր, սակայն վերջինիս խոսքերը «Կյանքի խոսքին» պատասխանելու առիթ էին տվել: 
«Առավոտին» ուղարկված նրանց նամակում նշվում է. «Հոգեւորականը ոչ հավաստի տեղեկություններ է հաղորդել «Կյանքի խոսք» եկեղեցու վերաբերյալ՝ թյուրիմացության մեջ գցելով հասարակությանը: Իրականությանը չի համապատասխանում հոգեւորականի այն պնդումը, որ իբրեւ թե «Կյանքի խոսք» եկեղեցին է հրավիրել Դեյվիդ Հասավեյին եւ նախաձեռնել հավաքույթները Հանրապետական մարզադաշտում: Դեյվիդ Հասավեյը միջազգայնորեն ճանաչված ավետարանիչ է, բայց բնավ «Կյանքի խոսք» եկեղեցուց չէ, ինչպես փորձել է ներկայացնել հոգեւորականը»:
Հավելենք, որ «Առավոտը» փորձեց «Հրազդան» մարզադաշտից ճշտել կայանալիք հավաքի մասին, որը ինչպես նախապես հայտարարած էր, թե կայանալու է հունիսի 12-ին, ըստ մեր տեղեկությունների՝ մեկ օր հետաձգվել էր: Ամեն դեպքում եւ հունիսի 12-ին, եւ 13-ին «Հրազդան» մարզադաշտից հերքեցին, որ իրենց մոտ նման հավաք է լինելու:
Նշենք նաեւ, որ, ըստ տեր Շմավոնի (նա պատասխանել է www.qahana.am կայքի այցելուներից մեկի հարցին)՝ «Կյանքի խոսք» կազմակերպությունն աղանդավորական շարժում է, որն ամենուրեք հայտարարում է, թե իբր Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնել է իրենց գործունեությունը եւ այդպիսով բազում մարդկանց մոլորեցնում…»:
Ինչես նշվում է Հայ առաքելական եկեղեցու www.qahana.am կայքում՝ աղանդը մանիպուլյացիոն, մարդու գիտակցությունն ապակայունացնող, առողջությունը եւ հոգեկան աշխարհը քայքայող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է իր հիմնադիրների հաճույքների բավարարմանը: Դրանք հիմնականում կրոնական համայնքներ են՝ քողարկվող Աստվածաշնչով, որը մեկնաբանում են յուրովի, տարբեր մեդիտատիվ հավաքներ եւ «վերականգնողական» կենտրոններ են, որոնք մի կախվածությունը փոխարինում են մեկ ուրիշով: Մարդկանց աղանդ են բերում՝ խաբեության կամ այդ կազմակերպության տեսության եւ գործունեության մասին հավաստի տեղեկությունները թաքցնելու միջոցով, գայթակղելով ու տանելով մարդկանց տարբեր երեկույթների եւ սեմինարների, թմրանյութային եւ ալկոհոլային կախվածությունից ազատման խոստումների միջոցով: Պոտենցիալ «քրոջը» կամ «եղբորը» շրջապատում են բարությամբ եւ ըմբռնմամբ, աղոթում են նրա եւ նրա մտերիմների համար, կարող են անգամ խորհուրդ տալ կամ նույնիսկ նյութապես աջակցել: Աստիճանաբար մարդու մեջ առաջացնում են կախվածություն այդ բարությունից ու ըմբռնումից, աղոթքներից ու խորհուրդներից: Նրանք եթե անգամ ցանկանան, չեն կարողանա իրենց նոր «ընտանիքի» որեւէ խնդրանքը մերժել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել