Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիս 16,2010 00:00

Համոզված է ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Սարգսյանը

\"\"Տարեսկզբից ի վեր Հայաստանի հասարակության առանձին շրջանակներ, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, տարբեր խնդիրների շուրջ բողոքի լոկալ ակցիաներ են նախաձեռնում՝ ԼՂ շուրջ անվտանգության գոտի հանդիսացող տարածքների հանձնման, հայ-թուրքական հարաբերությունների, հարկերի բարձրացման դեմ: Բողոքի ակցիաներ են անցկացնում «պետության կարիքների» զոհերն ու բանակում սպանված ժամկետային զինծառայողների հարազատները, «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները, Թեղուտի պաշտպանները, ուսանողական այգում ծառահատումների, օտարալեզու դպրոցների դեմ պայքարողները, եղան նաեւ Ազատության հրապարակ մտնելու ապօրինի արգելքներ եւ ձերբակալություններ: Սակայն բողոքի այդ ակցիաներից եւ ոչ մեկը՝ անկախ բարձրացված հարցերի հասարակական հնչեղությունից, չծավալվեց եւ ավելի լայն հասարակական ընդգրկում չստացավ, ու նախաձեռնություններից որեւէ մեկի մասնակիցը չմիացավ մյուսի պահանջին, մինչդեռ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հույսեր է փայփայում, թե հասարակությունը կարող է միավորվել, ու Հայաստանում կարող է այնպիսի մի իրավիճակ ստեղծվել, որ գործող իշխանությունները ստիպված կլինեն մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրություններ անցկացնել: Ուրեմն՝ ինչի՞ վրա են հիմնված ՀԱԿ-ի՝ իշխանափոխություն անելու հույսերը:

«Չեմ կարծում, թե այն մարդիկ, ովքեր բողոքում են կենտրոնացված քննություններում հայոց լեզվի թեստերի կամ ուսանողական այգում տեղի ունեցող ծառահատումների կամ այլ խնդիրների դեմ, համարում են, թե միայն դրանք են Հայաստանի պրոբլեմներն ու միայն դրանց դեմ են պայքարում: Մեր երկրում հասարակական ընդվզումը խրոնիկ բնույթ է ստացել, եւ դրա սկզբնաղբյուրը անօրինական կամ կեղծված ընտրություններով ձեւավորված իշխանությունների նկատմամբ դժգոհությունն է: Սա է այն հիմնահարցը, որը քաղաքացու մոտ ձեւավորել է արդարության, հետեւաբար նաեւ՝ արդար ճանապարհով վաստակելու, սեփական ունեցվածքը պաշտպանելու, սեփական հողի վրա օրենքի շրջանակներում ապրելու եւ պաշտպանված լինելու պակասի զգացումը: Վստահ եմ, որ բողոքող այդ մարդը պատեհ առիթի, անգամ փոքր հնարավորության դեպքում ոտքի է կանգնելու եւ փողոց է դուրս գալու՝ պահանջելով վերականգնել իր ոտնահարված իրավունքները: Ու հենց արդարության պակասի այդ համընդհանուր գիտակցումն է, որ այսօր լոկալ թվացող եւ զուգահեռաբար արտահայտվող դժգոհությունները մի օր խաչվելու ու մեկտեղվելու են: Ես այս պահին էլ համարում եմ, որ Հայաստանը կանգնած է շատ լուրջ ցնցումների առաջ: Ե՞րբ կլինեն այդ ցնցումները՝ դժվար է ասել, բայց այս թվացյալ հանգստությունը շատ վտանգավոր է, ու ես դրա նկատմամբ նույնիսկ ներքին զգայական վախ ունեմ»,- երեկ ի պատասխան «Առավոտի» հարցադրումների՝ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա դիտարկմամբ, Կոնգրեսի կանխատեսումները, որոնք հիմնված են ոչ միայն հրապարակային եւ հասարակական դժգոհությունների ծավալման, այլեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում սպասվող զարգացումների վրա՝ իշխանափոխության անխուսափելիության իմաստով միանգամայն ռեալ են, բայցեւ մեծապես կախված են արտաքին քաղաքական զարգացումներից: Նկատի ունենալով ԼՂ հարցում եւ ընդհանրապես տարածաշրջանում գերտերությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, նաեւ եվրոպական տերությունների հետապնդած շահերը, որոնք վերջին շրջանում փոփոխական են դարձել, Ա. Սարգսյանը նկատեց, թե՝ ըստ որոշ կանխատեսումների, Արեւմուտքը աշնանից կսկսի լուրջ ակտիվություն ցուցաբերել ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում. «Հիմա ժամանակ է տրված, որ տարածաշրջանում գերտերությունները նախ՝ իրենք փորձեն ընդհանուր հայտարարի գալ ու լուծել նաեւ ԼՂ հակամարտությունը: Եթե դա չհաջողվի անել, ապա աշնանը Արեւմուտքն ինքը կսկսի զբաղվել ԼՂ խնդրով: Այսինքն՝ տարածաշրջանում մենք շատ վտանգավոր իրավիճակում ենք գտնվում, եւ լուրջ եզրակացություններ անելու անհրաժեշտություն կա: Կարծում եմ, ՀԱԿ-ի առաջարկը՝ մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրություններ անցկացնել, այսօր էլ տեղին եւ շատ ավելի խիստ է դրված օրակարգում, քան եղել է նախկինում»:

Այդուհանդերձ, փաստ է, որ մինչ Կոնգրեսը արտահերթ ընտրությունների կոչ է անում, հասարակական ու քաղաքական շրջանակներ, որոնք եւս իշխանափոխության պահանջ են դնում, այսօր փորձում են ավելի ակտիվ գործողություններ ձեռնարկող այլընտրանքային ընդդիմություն ձեւավորել: Դա չի՞ նշանակում, որ Կոնգրեսն այլեւս այն ուժը չէ, բացառապես որի հետ կապվում էին երկրում արմատական փոփոխություններ կատարելու հույսերը: Կուսակցության նախագահն այս առնչությամբ նկատեց. «Ես տեսել եմ, գիտեմ այն մարդկանց, ովքեր ակտիվության կոչեր են անում, բայց ակտիվ պահերին ասպարեզում չեն էլ երեւում: Դա լուրջ մտորումների տեղիք է տալիս: Կարծում եմ՝ այստեղ խնդիրը մոտեցման մեջ է: Եթե երկիրը ժողովրդավարական չէ, հնարավոր չէ ժողովրդավարական ճանապարհով փոփոխությունների հասնել, հնարավոր չէ նաեւ ուժով դա անել, որովհետեւ իշխանությունը քո դեմ բանակ դուրս կբերի, կկրակի վրադ եւ կհայտարարի, թե դու սահմանադրական կարգ ես խախտել, ու դրանից հինգ օր առաջ էլ իշխանությունը զավթելու հոդվածով քրեական գործ կհարուցի, ինչպես արեցին մինչեւ «Մարտի 1»-ը: Այդ դեպքում դու հաղթելու հնարավորություն չունես, առավել եւս, որ աշխարհը արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու համատեքստում ակնկալիք ունի մեր ոչ ժողովրդավար իշխանությունից եւ պատրաստ է աչք փակել նրա կիրառած բռնությունների վրա: Այս պայմաններում այն քայլերը, որոնք Կոնգրեսն է ձեռնարկում, ես համարում եմ ճշգրիտ ու հաշվարկված: ՀԱԿ-ը ունի եւս մեկ շանս, ու դա ճիշտ պետք է օգտագործի ճիշտ ժամանակին ու պահին, որոնք կարող են նաեւ երկարաձգվել ու առաջացնել մեր համակիրների դժգոհությունը: Իհարկե, 15 մարդ դեռ բանտերում է, ու նրանց ծնողներն ու հարազատներն ուզում են, որ նրանք օր առաջ ազատության մեջ լինեն: Ես դա լավ եմ հասկանում, որովհետեւ իմ եղբայրն էլ բանտում է եղել, եւ գիտեմ, թե ամեն օրն ինչ արժե այդ ընտանիքների համար: Բայց պետք է հասկանալ, որ խնդիրն այնպես պետք է լուծել, որ այդ 15-ը 115 չդառնա, եւ Աստված չանի՝ նորից 10 զոհ չունենանք»:

Վերադառնալով, այսպես կոչված, երրորդ ուժի ձեւավորմանը՝ Ա. Սարգսյանն ասաց, թե «քաղաքական որեւէ ուժ հավերժ չէ: Քաղաքականությունը աճող եւ դինամիկ օրգանիզմ է, ու անընդհատ նոր սնունդ է ուզում: Ցանկացած ուժի փոխարինողներ գտնվում են, բայց այսօր ես չեմ տեսնում այն նոր գաղափարները, որոնք չկան Կոնգրեսում կամ ՀԱԿ-ում չեն քննարկվում, որոնք ավելի կենսունակ կարող են լինել, բայց Կոնգրեսը դրանք շրջանցում է: Իմ դիտարկմամբ, առաջիկա ներքաղաքական զարգացումների աղբյուրը ԼՂ հիմնահարցի կարգավորումն է լինելու, բայց միայն դրա վրա հիմնվելով չի կարելի չնկատել նաեւ երկրում առկա սոցիալական, ժողովրդավարությանն առնչվող, արդարության հաստատման խնդիրները, որոնց լուծումը բոլորիս համար էլ շատ կարեւոր է եւ կարող է իշխանափոխության պատճառ դառնալ: Հենց այդ խնդիրների եւ ԼՂ հարցի հատման պահն է, որ Կոնգրեսը միանշանակորեն օգտագործելու է՝ շատ կարճ ժամանակահատվածում ընդհանուր պայքարում համախմբելով այսօր տարբեր խնդիրների առնչությամբ բողոքի ձայն բարձրացնող հասարակության լայն խավերի: Ընդվզման գոլորշին հիմա կուտակվում է ու, ի վերջո, հանգելու է մեկ բանի, եւ դա լինելու է մինչեւ 2012թ.-ն: Ես վստահ եմ, որ այս իշխանությունները հերթական ընտրությունների չեն հասնելու»: Նա ձեռնպահ մնաց ՀԱԿ անդամ ՀՀՇ-ի վերնախավում տեղի ունեցող խմորումների, հրաժարականների եւ փոխադարձ անվստահության մասին խոսելուց՝ համարելով, որ դրանք ներկուսակցական խնդիրներ են, որոնք կարող էին ի հայտ գալ երկարատեւ պայքարի պայմաններում, բայց որոնք ՀՀՇ-ն ինքը կարող է հաղթահարել: Ասվածին նա միայն հավելեց, թե չի կարծում, որ այդ գործընթացները ՀԱԿ-ում համատարած բնույթ կկրեն, եւ վստահեցրեց, որ դա «ընդդիմության համար հրաբուխի նման կլինի ու կանցնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել