Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց պետական լումայի»

Հունիս 23,2010 00:00

Հայաստանցի երգչուհին երրորդն է ճանաչվել հեղինակավոր մրցույթում

\"\"Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Լիլիթ Սողոմոնյանը մասնակցել է մայիսի 10-13-ը իտալական Բրեշա քաղաքում կայացած օպերային երգիչների միջազգային մրցույթին եւ դատարկաձեռն չի վերադարձել: Երգչուհին ասաց, որ արժանացել է 3-րդ մրցանակի եւ «Հանդիսատեսի համակրանք» դիպլոմի: Նրա պատմելով՝ 9 հոգանոց ժյուրիում հեղինակավոր օպերային թատրոնների տնօրեններ էին, երգիչներ, մենեջերներ, նրանց թվում՝ նաեւ Վիեննայի օպերային թատրոնի տնօրենը: Լիլիթը հանդես է եկել Պուչինիի եւ Վերդիի օպերաներից՝ արիաների կատարմամբ, մրցույթի շրջանակներում ներգրավվել է Վերդիի «Տրուբադուրի» հետ կապված լսումներում եւ շահել Lեոնորայի դերերգը երգելու իրավունքը՝ Բրեշա քաղաքի թատրոնում: Լ. Սողոմոնյանն ասում է, որ ուրախ է իր հաղթանակով, եւ հպարտ, որ իտալական մամուլն անդրադարձել է իր փայլուն ելույթներին ու հետաքրքրվել, թե որտեղ է համապատասխան կրթություն ստացել:

Երգչուհին ցավում է, որ «դրսում», ի տարբերություն Հայաստանի, դասական արվեստին ավելի լուրջ են վերաբերվում: «Ես դեմ չեմ որեւէ մեկի հաջողությանը, լինի Եվա Ռիվասը, Հայկոն կամ մեկ ուրիշը: Ուրախ եմ, որ «Եվրատեսիլը» հեղինակություն է վայելում Հայաստանում, իրար գլխի հավաքում պրոդյուսերների, կայանում են համերգներ, նկարահանվում տեսահոլովակներ, գիշերն էլ չենք քնում, որպեսզի տեսնենք, թե Հայաստանի ներկայացուցիչը որ տեղը զբաղեցրեց: Լավ կլիներ, որ նույն վերաբերմունքը լիներ նաեւ դասական արվեստի հանդեպ: Հավատացնում եմ, որ կան ինձ նման ուրիշները եւս, որոնք «անտեր» ու «անճանաչ» լինելով՝ «դրսում» պատվով ներկայացնում են Հայաստանը, մինչդեռ հայրենիքում նրանց մասին չեն էլ իմանում: Այստեղ շատերը կարծիք են հայտնում, թե օպերային ոլորտը հետաքրքիր չէ, դրա համար էլ փողեր չեն դնում դրա վրա: Մշակույթի նախարարությունը 1000 ու մի միջոցառում է կազմակերպում, ամեն ինչի համար գումար ունի, նման համերգների համար՝ ոչ: Վստահ եմ, եթե հեղինակավոր մրցույթի մեկնող որեւէ երգիչ ճանապարհածախս խնդրի այդ գերատեսչությունից, հաստատ զանազան պատճառաբանություններով կմերժեն: Ես բազմիցս մասնակցել եմ տարբեր մրցույթների, սակայն այդ ամենը իմ ուժերով, որեւէ պետական անձ իր լուման չի ներդրել»,- ասում է Լ. Սողոմոնյանը: «Առավոտի» հարցին՝ եթե արտերկրում աշխատելու հրավերներ ունի, ինչո՞ւ չի մեկնում, երգչուհին պատասխանում է. «Ցավոք սրտի, պատրաստ եմ գնալ, որովհետեւ այստեղ այն մտայնությունը կա՝ եթե լավը լինեիր, Հայաստանում չէիր լինի: Ինձ համարում եմ մեկը, ով սիրում է իր աշխատանքը, Եվրոպան կերազեր, որ մեզանից շատերը այնտեղ աշխատեին, մինչդեռ Հայաստանում գնահատված չենք, ավելին՝ արժեզրկում են մեր մասնագիտությունն ու կոչումը, թեկուզ ցածր աշխատավարձով: Ես երկու անգամ «Արենա դի Վերոնայում» համերգի եմ եղել: Եվ դասական, եւ էստրադային համերգի ժամանակ էլ այն նույնքան լեցուն է եղել…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել