Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂ ՔԱՄՈՒ ՀԵՏ…

Հուլիս 01,2010 00:00

Ցանկություն եւ վերջ՝ վինդսերֆինգով զբաղվելու համար

Քամի, ջուր, քամու շնչով փքված առագաստ եւ փոքրիկ տախտակ, եւ մեկը, ով կկարողանա ճիշտ կառավարել առագաստը քամու արագության տակ:
Սրանք վինդսերֆինգի համար պահանջվող պարագաներն են:
Ամեն օր հեռուստացույցով, գովազդային վահանակներով եւ ինտերնետում, մասնավորապես ամռան օրերին, ցուցադրվում են տարբեր վինդսերֆինգյան պտույտներ,  մրցումներ:
Կարելի է ենթադրել, որ այդ սպորտով զբաղվելու համար պետք է մեկնել ծովափնյա մի երկիր, որովհետեւ Հայաստանում դրա հնարավորությունը չկա…
Վերջերս տարբեր վայրերում հայտնվեցին հաղորդագրություններ՝ վինդսերֆինգով զբաղվել ցանկացողների հավաքագրման մասին:
Իսկ հայտարարության տարածողը «Երեւանի առագաստային ակումբ» հասարակական կազմակերպությունն էր, որն էլ իրականացնում է վինդսերֆինգի պարապմունքները Հայաստանում:
«Առավոտի» հետ զրույցում «Երեւանի առագաստային ակումբի» վինսերֆինգի մարզիչ Մուշեղ Հովակիմյանը տեղեկացրեց, որ չնայած ծովափնյա երկիր չենք եւ ունենք ընդամենը մի Սեւան, բայց դա չի խանգարում, որ վինդսերֆինգ սպորտաձեւը Հայաստանում զարգանա. «Սա նորություն թող չհնչի հանրության համար: Որովհետեւ դեռ 1981-ից մինչեւ 90-ական  թվականները վինդսերֆինգը Հայաստանում եղել է եւ այդ տարիների ընթացքում  մեծ զարգացումներ արձանագրել: Այն ժամանակ էլ էին պարապմունքներն անցկացվում Սեւանում: Բացի այդ, եղել է առագաստային սպորտ՝ հատուկ երեխաների համար: Բայց այդ ամենը, ցավոք, գույքի վերացման հետ վերացավ: Հիմա փորձում ենք ամեն ինչ վերականգնել: Այսինքն՝ վերականգնել վինդսերֆինգի հետ կապված մեր բարի ավանդույթը»:
Նա  նաեւ նշեց, որ այժմ Հայաստանում կրկին վերելք է ապրում առագաստային սպորտաձեւը, քանի որ մեծ պահանջարկ կա, այսինքն՝ այն դարձել է մոդայիկ եւ պատանիների կողմից սիրված սպորտաձեւ:
«2006 թվականից սկսած, արդեն 5-րդ սեզոնն է՝ ինչ հավաքագրում ենք փոքրիկների եւ պատանիների վինդսերֆինգի խմբեր եւ պատրաստվում տարբեր մրցույթների: Օրինակ, Ռուսաստանի բաց առաջնություններում ունենք գրաված լավ տեղեր…»,- նշեց Մ. Հովակիմյանը:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է հարկավոր վինդսերֆինգով զբաղվելու համար: «Ցանկություն եւ վերջ: Սա խաղ է քամու հետ: Որովհետեւ «վինդ» բառը անգլերենից  թարգմանած նշանակում է քամի: Բայց միայն պայքարելով քամու եւ ալիքների հետ, վինդսերֆինգ չես քշի: Ջրի վրա կանգնելով՝ քեզ պետք է ներդաշնակ զգաս տարերքի հետ։ Իսկ դրա համար ուժ եւ մկաններ հարկավոր չեն: Ընդհանրապես, սերֆինգը գաղափարախոսություն ունեցող ապրելակերպ է, որը շատ է տարբերվում հասարակական կյանքից։ Ամառ-ձմեռ ջրով ես ապրում եւ ջրի ես սպասում»,- հավաստիացնում է Մուշեղը։
Մեր զրուցակիցը խոսեց նաեւ քամու կարեւորության մասին. «Պետք է զգալ քամին, եւ ըստ այդմ ուղղությունը ճիշտ պահել: Հավասարակշռություն պահելու կարեւորությունը քիչ է, որովհետեւ դա բոլորն էլ կարող են անել: Պետք է պարզապես կարողանաս ճիշտ պահել առագաստի ուղղությունը՝ ըստ քամու: Այնքան է պատահում, որ մարդուն որքան էլ սովորեցնում ես, մեկ է՝ չի  հասկանում, չի սովորում: Սեւանի քամին ապահովում է վինդսերֆինգի համար պահանջվող շարժը: Սեւանում միշտ քամի կա: Բավական է չնչին քամի լինի, եւ կարող ես կանգնել վինդսերֆինգի տախտակի վրա: Այստեղ կարեւոր է նաեւ գույքը, այսինքն՝ ամենակարեւորը այդ տախտակն է: Ակումբը պարապողներին տրամադրում է գույքը, քանի որ  բավական թանկ հաճույք է սեփականն ունենալը»:
Մ. Հովակիմյանը փաստում է, որ վինդսերֆինգը սեզոնային սպորտաձեւ է. «Բայց դա չի նշանակում, որ պետք է միայն ամռանը պարապել: Ձմռան ամսիներին, երբ պարզապես հնարավոր չէ կանգնել ջրի վրա, մարզիկները պարտադիր զբաղվում են հարակից սպորտաձեւերով: Օրինակ, սնոուբորդի վրա կանգնելը հավասարազոր է վինդսերֆինգի տախտակի վրա կանգնելուն»:
Այսօրվանից Երեւանի առագաստային ակումբը ավելի քան 40 երեխայի, որոնք հավաքագրվել են վինդսերֆինգի պարապմունքների համար, տեղափոխում է Սեւան, որտեղ՝ լճի ափին կսկսվեն պարապմունքները: Ինչպես տեղեկացրեց մարզիչը, պարապմունքներն իրականացվում են անվճար. «Սեւանում պարապողների ապրուստը, այդ ժամանակահատվածը, որի ընթացքում պետք է զբաղվեն վինդսերֆինգով, եւս անվճար է: Մենք ապահովում ենք նրանց համար բոլոր պայմանները, որովհետեւ նպատակ ունենք այս սպորտաձեւը զարգացնել, ունենալ չեմպիոններ, հայ վինդսերֆինգիստներ»:
Իսկ թե սիրվա՞ծ է, արդյոք, հայ պատանիների կողմից այս սպորտաձեւը, մարզիչ Մուշեղը նկատեց. «Պահանջարկը մեծ է, սեր նկատվում է, իսկապես մեծ թվով պատանիներ են գրանցվել այս տարվա պարապմունքներին: Հերթափոխով ենք աշխատելու, այսինքն՝ երկու խմբի հետ: Նախ Սեւան կտանենք առաջին խմբին, հետո՝ երկրորդին: Բայց այդքանի միջից միայն 5 լավագույնները կմասնակցեն օգոստոսին կայանալիք առաջնությանը:  Բացի այդ, նաեւ ուզում եմ ասել, որ վինդսերֆինգը հիվանդություն է. սկսում ես զբաղվել դրանով՝ դառնում ես հիվանդ, այնքան ես տարվում, որ կարծես թե վարակվում ես վինդսերֆինգ կոչվող հիվանդությամբ: Իսկ ամենակարեւորը՝ վինդսերֆինգով «վարակված» մարդիկ դառնում են ավելի առողջ, գեղեցիկ ու ազատ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել