Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազեն» 90 տոկոսով կլինի

Հուլիս 01,2010 00:00

Մասնակցելու համար պետք չէ լինել ՀՀԿ-ական

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանի փոխանցմամբ՝ «Բազեն» ոչ մի անգամ էլ չի եղել Հանրապետական կուսակցության ծրագիր, այն եղել է, եւ այս անգամ էլ եթե լինի, ապա լինելու է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագիր: Ու եթե ծրագիրը հաստատվի, կընդգրկվեն թե ընդդիմադիր եւ թե իշխանական թեւում գտնվող երիտասարդներ»:
Ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին, սակայն, հուզում է ոչ իրենց մասնակցության հարցը, այլ այդ միջոցառման վրա ծախսվող գումարների քանակը: Օրինակ, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական միության համակարգող, խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ կանի իր կազմակերպությունը՝ նման հրավեր ստանալիս. «Կմտածենք՝ մասնակցել, թե ոչ: Բոլորը գիտեն, թե ինչքան գումար է ծախսվում այդ միջոցառման համար եւ ովքեր են մասնակցում: Եթե դա գնում է պետական գումարներից, պետք է ուղղված լինի պետության բոլոր երիտասարդներին եւ ոչ թե իրենց ընտրությամբ լինի»: Համահայկական միջոցառումների մասնակցության եւ կազմակերպման փորձ ունեցող ՀՅԴ կուսակցության երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանի փոխանցմամբ՝ «Բազեին» մասնակցելու հրավեր ՀՅԴ-ի երիտասարդական գրասենյակը երբեւիցե չի ստացել: Երբ երիտասարդ դաշնակցականները բարձրացրել են այդ հարցը, նրանց պատասխանել են՝ «որեւէ երիտասարդական միություն հրավիրված չէ, հետեւաբար եւ դուք հրավիրված չեք»: «Մասնակցել-չմասնակցելը մեզ համար ինքնանպատակ չէ: Մենք դեմ ենք, որ պետության գումարները ծախսեն այնպիսի միջոցառումների վրա, որոնց դաստիարակչական նպատակն ու արդյունավետությունը խիստ հարցական է»,- ասաց Ս. Մկրտչյանը:
Անդրադառնալով «Բազեին» մասնակցելու նմանատիպ մեկնաբանություններին, հանրապետական Կարեն Ավագյանը պնդում է, որ «Բազեին» միշտ էլ մասնակցել են թե կուսակցական եւ թե անկուսակցական երիտասարդներ, եւ փառատոնին մասնակցելու համար պետք չէ լինել հանրապետական:
Իսկ արդյո՞ք ֆինանսական աջակցություն ստանում են հիմնականում Հանրապետական կուսակցությանն անդամակցող երիտասարդները, եւ ինչո՞ւ են անվանական կրթաթոշակներ ստանում միայն վերջիններս, այս մասին էլ Կարեն Ավագյանը պատասխանեց. «Որեւէ ֆինանսական աջակցություն չկա, մենք այստեղ բարեգործական կազմակերպություն չենք: Իսկ անվանական կրթաթոշակները… Դա ծիծաղելի է, որովհետեւ անվանական կրթաթոշակառուները այն ուսանողներն են, ովքեր փայլուն երիտասարդներ են, նման խոսակցությունները չարախոսություններ են, նույնը, երբ ասում էին, որ ուսանողական խորհուրդները կազմվում են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից»:
Հիշեցնենք, որ «Բազեն» մեկնարկել է 2002 թվականին, փառատոնին մասնակցել են 6000-ից ավելի երիտասարդներ: Այս տարիների ընթացքում ընդդիմադիր դաշտի երիտասարդական կառույցից «Բազե» փառատոնին մասնակցած ներկայացուցիչների մասին հիշատակումներ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել