Լրահոս
Օրվա լրահոսը

Խայտառակ վիճակ Գեղարքունիքում

Հուլիս 06,2010 00:00

«Կրթական որոշ հաստատությունների համար պետբյուջեից հատկացված գումարները միանշանակ արդյունավետ չեն օգտագործվում»,- «Ա1+»-ի մատուցմամբ, այս եզրակացությանն է  հանգել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ այցելելով Գեղարքունիքի մարզ: Նա որոշել էր տեղում պարզել, թե ինչպես են ընթանում Երանոսի, Լիճքի, Վարդաձորի միջնակարգ դպրոցների եւ Գավառի գյուղատնտեսական քոլեջի նորոգման աշխատանքները, տեսնել տնօրեններին եւ համեմատել նրանց ունեցած ու իր ձեռքի տակ եղած տվյալները: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի այցի առիթը մի շարք կրթօջախներին հատկացված գումարների վերաբերյալ քաղաքաշինության նախարարության տեղեկանքն էր: «Ըստ նշյալ ցուցակի, մինչեւ 2009թ. հոկտեմբերի 1-ը 15 կրթական հաստատությունների հատկացված գումարները 0 էին, մինչդեռ նույն ժամանակահատվածում կրթօջախների պետբյուջեի կատարողականում մեծ թվեր էին գրված»,- նշում է պատգամավորը: Լինելով Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցում, պատգամավորը այնքան էլ գոհ չմնաց կատարված աշխատանքներից: Ըստ պետական փաստաթղթի՝ դպրոցին նախորդ տարի հատկացվել էր 20 մլն, այս տարի՝ արդեն 33 մլն դրամ: Մինչդեռ տնօրեն Տիգրան Հակոբյանը դժվարացավ հստակ պատասխանել, թե այս տարի ինչքան գումար է հատկացվել դպրոցին: Ապա ասաց, որ իրեն ոչ մի գումարային փաստաթուղթ չի տրվել, ինքը միայն ստորագրում է վերջնական ակտը:
«Իհարկե, աչքաչափով շատ դժվար է ասել, թե ինչքան գումար է ծախսվել, սակայն ես լուրջ կասկած ունեմ: Այն, որ աշխատանքները կիսատ-պռատ են արված, դա ակնհայտ է»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը եւ ավելացրեց, որ, համենայնդեպս, եթե ինքը լիներ տնօրեն, այդպիսի աշխատանքի ակտի տակ երբեք չէր ստորագրի: Շատ ավելի անմխիթար վիճակում էր գտնվում Վարդաձորի դպրոցը, փոխվել էին միայն լուսամուտները, մի քանի դռներ էին դրվել եւ հիմնապատն էր վերակառուցվել: Չնայած այստեղ պատգամավորը պարզեց, որ աշխատանքներն իսկապես սկսվել էին հոկտեմբերի 1-ից: Ի դեպ, այցի ժամանակ, ցերեկվա ժամը 1-ին, ոչ մի աշխատող չկար շինհրապարակում: Դպրոցի պահակի խոսքերով, բանվորները գնացել էին լիճ՝ լողալու: Պատգամավորն այս կերպ չարտահայտվեց Գավառի գյուղատնտեսական քոլեջ այցելելուց հետո: Այստեղ պետբյուջեից հատկացված գումարները բարեխղճորեն էին օգտագործված: Քոլեջի տնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը լավատեղյակ էր գումարներից, հանգամանորեն պատգամավորին ներկայացրեց, թե նախորդ տարվա 137 մլն դրամն ինչ է արվել եւ այս տարվա 20 միլիոնը ինչի վրա կծախսվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել