«Ես այնքան լավատես չեմ, որ հավատամ անմահությանը, եւ այնքան հոռետես չեմ, որ չհավատամ հոգու գոյությանը»,- «Ա1+»-Ի փոխանցմամբ, այս խոսքերի հեղինակը նախկին պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Գագիկ Ավետյանն է: Երեկ նրա «Արեւի հեքիաթը», «Տարօրինակ բանտարկյալը», «Թղթե աղավնիներ» գրքերի շնորհանդեսն էր:
Ժողովածուներում պատմվածքներ են, լիրիկական բանաստեղծություններ եւ հեքիաթներ: Ոչ մի գրքում Ազգային ժողովի մասին որեւէ խոսք չկա: Գագիկ Ավետյանը խոստովանեց, որ ավելի շատ բանաստեղծություններ է գրել, քան օրենքներ. «Բանաստեղծություններ, որովհետեւ օրենքները շատ լինել չեն կարող: Օրենքները պետք է լինեն հստակ, հատուկ եւ պարտադրող: Մի քիչ էլ բխեն ժողովրդի շահերից»: Իսկ այն դիտարկմանը, թե՝ եթե նախկինում ԱԺ-ում գերակշռում էին գրողները, ապա հիմա նրանց փոխարինում են սպորտսմենները, Գագիկ Ավետյանը նկատել է. «Ցանկացած ոլորտում պետք է լինեն արհեստավարժներ՝ լինի ԱԺ, ցանկացած ոլորտ: Եթե ԱԺ-ում են, պետք է լինեն քաղաքական գործիչներ, գրողները թող զբաղվեն իրենց գործերով, սպորտսմեններն էլ՝ իրենց գործով: Եթե կա որոշակի դիսբալանս, հարկավոր է ուղղել»:


















































