Հիլարի Քլինթոնը ԱՄՆ դեսպանատանը իր ելույթում հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունն ավելին պետք է անի՝ իրականացնելու համար ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներ: Նշանակո՞ւմ է սա, որ այս մասով մեր կառավարությունից բավարարված չեն: Ի պատասխան, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Կառավարության աշխատանքներից առաջին հերթին պետք է բավարարված լինի ժողովուրդը: Որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ կարծում եմ, որ եթե իշխանությունն ինքն իրենից գոհ է, ուրեմն այդ իշխանությունն անելիք չունի: Եթե մի երկրում կա աղքատություն, կան մարդիկ, որոնք աշխատանք չունեն, կան խնդիրներ օրենքի հետ կապված, ուրեմն դեռ անելիք կա: Մի բանում ես համոզված եմ՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը տարբերվում է նախկիններից նրանով, որ մենք տեսնում ենք այդ թերությունները: Իսկ այն իշխանությունը, որը հայտարարում է, թե իր մոտ ամեն ինչ լավ է, այդ իշխանությունը ոչ ժողովրդի հետ կապ ունի եւ ոչ էլ անելիք ունի: Այո, իհարկե, ժողովրդավարության զարգացման առումով մենք անելիք ունենք, եւ տիկին Քլինթոնը նշեց, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ նախագահը նաեւ ասել է իր պատրաստակամության մասին, իսկ դրա համար ժամանակ է պետք: Իսկ այն իշխանությունը, որն ինքն իրենից գոհ է, դա նորմալ իշխանություն չէ, եւ այս ամենի պատասխանը տվել է մեր կուսակցության նախագահը, երբ համագումարում հայտարարեց, որ այն իշխանությունն է իմաստուն, որը ունակ է լսել առողջ քննադատություն»:


















































