Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐՈՎ ԼԻ ԱՅՑ

Հուլիս 07,2010 00:00 Share

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում նկատեց, թե ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արեւելաեվրոպական շրջագայությունը, որի մեջ ներառված չէր այցելություն Թուրքիա՝ պարունակում էր հետաքրքիր ազդանշաններ, որոնց մի մասն ուղղված էր Թուրքիային. «Այսպիսի սիմվոլիկայով Միացյալ Նահանգները, ում հարաբերությունները Թուրքիայի հետ այդքան էլ հարթ չեն վերջին տասնամյակում՝ Թուրքիան չդիտարկեց որպես Արեւելյան Եվրոպայի մի մաս: Երկրորդ կարեւոր սիմվոլիկան այն հայտարարությունն էր, որը նա արեց հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, այն է՝ գնդակը Թուրքիայի դաշտում է, ակնհայտորեն ձախողման պատասխանատվությունը եւ հետագայում գործընթացի առաջ շարժվելու բեռը դնելով Թուրքիայի վրա: Եվ երրորդը՝ նրա այցելությունը Ծիծեռնակաբերդ. թեպետ մասնավոր այցելություն, բայց համենայնդեպս՝ բավականին ցուցադրական մի քայլ: Սա ակնհայտ ցույց էր տալիս Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ այս պահի վերաբերմունքը գոնե: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն չի ցուցաբերի այն օգնությունը, ինչը Թուրքիան ակնկալել է իր Եվրաինտեգրման ուղղությամբ: Իհարկե, գործարքներից, սակարկություններից հետո կփոխվի վերաբերմունքը միգուցե, բայց այս պահին էական է՝ ԱՄՆ-ն վրդովված է Թուրքիայի եւ նրա քաղաքականության նկատմամբ այս տարածաշրջանում»:
Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչու Հիլարի Քլինթոնը Հայաստանում եւ Ադրբեջանում չհանդիպեց ընդդիմությանը, ինչն արեց Վրաստանում եւ Ուկրաինայում. «Պետք է նկատի ունենալ, որ Վրաստանն ու Ուկրաինան, որպես շատ հստակ եվրաատլանտյան անդամագրման ցանկություն ու նպատակ առաջադրած երկրներ՝ առանձնանում են ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ իրենց կարգավիճակով, եւ, հետեւաբար, բնական է, որ այդ երկրներում ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումներն ընդգրկելու էին ավելի լայն սպեկտր, քան այն երկրներում, որոնք, այսպես ասեմ, խոր ատլանտյան նկրտումներ չունեն։ Խոսքը վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել