ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ ֆինանսների փոխնախարարները՝ Արտեմ Ասատրյանը եւ Վարդան Արամյանը, երեկ ՀՀ կառավարությունում կրկին կուտակային կենսաթոշակային համակարգն էին պարզաբանում: Պարոն Ասատրյանը հիշեցրեց, որ նոր համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել փուլերով, այն կգործի հաջորդ տարվանից՝ կամավորության սկզբունքով, իսկ 2014-ից սկսած՝ պարտադիր սկզբունքով է լինելու: Պարոն Արամյանն էլ քաղաքացիներին վստահեցրեց, որ իրենց ներդրած գումարների ապահովությունը երաշխավորված է լինելու. «Ներդրվելու է երաշխիքի ինստիտուտը, երբ կսկսենք կուտակումներ կատարել, երաշխավորվելու է 100%-ով»: Պարոն Արամյանի խոսքերով, եթե ինչ-որ բան տեղի ունենա ներդրած գումարի հետ, ապա քաղաքացին կկորցնի միայն ընդամենը 20%-ը, որովհետեւ կառավարությունը կփոխհատուցի 80%-ը: Ֆինանսների փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ կառավարությունը լրացուցիչ խթաններ է նախատեսել այն գործատուներին, որոնք իրենց աշխատողների համար կկատարեն կուտակումներ. «Շահութահարկի մասին օրենքում կատարվել է համապատասխան փոփոխություն, ըստ որի՝ այն գործատուները, որոնք իրենց աշխատողների համար կկատարեն կամավոր վճարումները, այդ գումարների 150%-ի չափով կնվազի նրանց շահութահարկը, 50%-ն էլ պետությունը որպես բոնուս կտա, սա լավ խթան է»:


















































