Կապանի տարածաշրջանի Խդրանց գյուղում մի քանի օր է՝ խոզերի անկման դեպքեր են արձանագրվել, հիվանդության պատճառը հստակ պարզ չէ: Ըստ սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի տնօրեն Էդգար Թոխսանցի՝ նմուշ է ուղարկվել փորձաքննության, արդյունքը դեռեւս պարզ չէ, սակայն կասկածում են, որ խոզերի անկման պատճառը պաստերելյոզն է: Զրուցակցիս խոսքով՝ մարզի մյուս տարածաշրջաններում վարակի դեպք չի արձանագրվել: Գյուղապետ Անդրանիկ Բաբայանի փոխանցմամբ, Խդրանցում 10 խոզ է սատկել, շատ այլ խոզերի շրջանում առկա է բարձր ջերմություն ու թուլություն: «Գյուղում 2 տնտեսություն է խոզ պահում, մոտ 50 խոզ կար, որից 10-ն արդեն սատկել է: Էսօր անկման դեպք չի արձանագրվել, սակայն էս տեմպերով որ շարունակվեց, առաջիկա օրերին նույնպես անկում կլինի: Սպասում ենք փորձաքննության արդյունքներին, որից հետո կդիմենք մարզպետարանի գյուղբաժին՝ հույս ունենալով, որ գոնե այս անգամ մարզպետարանը տեղյակ պահելով գյուղնախարարությանը՝ փոխհատուցում կտրամադրի»,- ասում է գյուղապետը: Նրա խոսքերով, 2 տարի առաջ էլ գյուղում խոզերի անկում էր եղել, դրա մասին տեղյակ էին նախարարությունում, սակայն փոխհատուցում այդպես էլ չեղավ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հյուսիսում էլ՝ Տավուշ, Լոռի, Գեղարքունիք, տարածված է խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը եւ արդեն մի քանի հարյուր խոզ է սատկել կամ հարկադիր ոչնչացվել:


















































