Եվրոպայի ամենահարուստ կնոջը՝ L\’Oreal կոսմետիկ միջոցների կայսրության ժառանգորդուհի Լիլիան Բետանկուրին (լուսանկարում) մեղադրում են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական արշավը անլեգալ կերպով ֆինանսավորելու մեջ՝ տեղեկացնում է DPA գործակալությունը:
Այն մասին, որ 2007-ին Բետանկուրը Սարկոզիի նախընտրական շտաբի ֆինանսական ղեկավարին փոխանցել է 150 հազար եվրո գումար՝ պատմել է 87-ամյա բիզնես-լեդիի նախկին հաշվապահը, որը չի ցանկացել ներկայանալ: Հաշվապահի խոսքերով՝ նշված գումարը միլիարդատիրուհու հաշվից հանելու խնդրանքով իրեն է դիմել տիկնոջ ֆինանսական խորհրդատուն: Հենց վերջինս էլ տեղեկացրել է հաշվապահին, որ այդ գումարը տրամադրվելու է Սարկոզիի նախընտրական արշավի ֆինանսավորմանը: Բանկային սահմանափակումների պատճառով հաշվապահը հանել է միայն 50 հազարը, իսկ մնացած 100 հազարը հանել է անձամբ ֆինանսական խորհրդատուն՝ Բետանկուրի շվեյցարական բանկերում ունեցած հաշիվներից, եւ փոխանցել է Էրիկ Վերտին՝ Սարկոզիի նախընտրական շտաբի ֆինանսական ղեկավարին: Ամբողջ խնդիրն այն է, որ ֆրանսիական օրենսդրությունը սահմանափակում է քաղաքական գործիչների նախընտրական արշավների համար մասնավոր անձանց նվիրատվությունների ծավալը՝ առավելագույնը 4600 եվրոյի չափով: DPA-ն նշում է, որ մինչ այդ Լիլիան Բետանկուրին, որի կարողությունը գնահատվում է 16 միլիարդ եվրո, կասկածում էին հարկերի վճարումից խուսափելու մեջ: Ըստ որոշ տվյալների՝ նա մտադիր է եղել իր կարողության մի մասը արտասահման փոխանցել, մասնավորապես՝ Սեյշելյան կղզիներում անշարժ գույք ձեռք բերել եւ Շվեյցարիայի ու Սինգապուրի բանկերում նոր հաշիվներ բացել: Սակայն տիկինը հերքել է այդ մեղադրանքները, իսկ 2010-ի հունիսի վերջին խոստացել է հաշվետվություն ներկայացնել իր բոլոր արտասահմանյան հաշիվների վերաբերյալ:
Տիկնոջ փողերի հետ կապված սկանդալներում դեր է խաղում նաեւ Էրիկ Վերտը, որը ներկայումս զբաղեցնում է աշխատանքի նախարարի պաշտոնը, իսկ նրա տիկինը աշխատում է Բետանկուրի ֆինանսական խորհրդատուի ընկերությունում, եւ թերեւս դա է պատճառը, որ Էրիկ Վերտը համարվել է Բետանկուրի «մարդը» Սարկոզիի կառավարությունում: Սկանդալներից հետո Վերտին կոչ են արել ազատման դիմում գրել:


















































