Մշակութային կոլեկտիվները նոր «կարգավիճակ» կունենան
Այս օրերին արվեստագետների եւ մշակույթի կառավարմանը մոտ կանգնած մարդկանց շրջանում խոսվում է այն մասին, որ մշակույթի նախարարությունում պատրաստվում են կառուցվածքային փոփոխությունների: Ըստ շրջանառվող լուրերի, նախատեսվում է, այսպես կոչված՝ «էլիտար» երաժշտախմբերը տարանջատել ոչ «էլիտարներից»: Այդ համատեքստում, օրինակ, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրինությանն են «հանձնվելու» զուտ դասական կոլեկտիվները՝ «Հովեր» եւ «Երեւան» կամերային երգչախմբերը, Հայաստանի մենակատարների անսամբլը եւ այլն, իսկ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ենթակայությանն են անցնելու ժողովրդական կոլեկտիվները՝ «Տկզար», Գուսանական, Ժողգործիքների անսամբլը եւ այլն:
Այսօր էլ Կամերային երաժշտության տանը իրենց փորձերն են անցկացնում Կոմիտասի անվան քառյակը, «Տաղարան» անսամբլը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, որը մի քանի օրից կունենա իր՝ թեկուզ ժամանակավոր դիրիժորը (այս մասին՝ առաջիկայում): Սրանցից Կամերային երաժշտության տան տնօրինությանն է պատկանում միայն Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Ներկայումս Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ենթակայությամբ են գործում «Երեւան» կամերային երգչախումբը, Հայաստանի մենակատարների պետական անսամբլը, «Շելլ» տրիոն եւ «Նաիրի» ժողգործիքների անսամբլը:
Վերը շարադրվածի առիթով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը հավաստիացրեց, որ պաշտոնական որեւէ տեղեկություն չունի: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանն էլ ասաց՝ թեեւ տեղյակ է, որ նման նախագիծ կա, սակայն կոնկրետ ոչինչ ասել չի կարող, քանի որ նախարարությունն է իրավասու այդ նախագիծը կառավարության հաստատմանը ներկայացնել:
Մշակութային կառավարման նախկին եւ ներկա պաշտոնյաները մեզ հետ զրույցում նշեցին, թե ֆիլհարմոնիա բառի իմաստը հասկացողները գիտեն, որ այն չի նախատեսում ժանրային կոնկրետացումներ: Հիշեցին խորհրդային տարիների «Հայպետֆիլհարմոնիան», որը հսկա երաժշտական կայսրություն էր, փաստեցին նաեւ, որ մերօրյա Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հաճախ մեկ երեկոյի ընթացքում համադրում է դասական ու ժողովրդական արվեստը, ինչը գովելի է, եւ նման տարանջատումը պարզապես չիմացության արդյունք կարող է որակվել: Ո՞վ է ասում, թե ժողովրդական արվեստը դասական չէ: Մեզ հենց դասական ֆիլհարմոնիա է պետք՝ որպես համերգային միավորում: Ինչ վերաբերում է Կամերային երաժշտության տանը, այն կարծես գործում է իր անվանը համապատասխան:
ՀՀ մշակույթի նախարարությունից հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ. նախարարը քաղաքում չէր, փոխնախարարներն ու խորհրդականները խորհրդակցության էին:


















































